Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. 1995 թվականի թալանչի պետական գործիչներին ու նրանց ժառանգներին թույլատրվում է վայելել ժողովրդից գողացված գումարները, բայց, օրինակ, 2002-ի հետ կապված դեպքերին կարձագանքեն. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2019 11:01

Սեպտեմբերի 6-ին Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում տեղադրվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» խոստացված օրենքը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ին եւ նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե:

Զրուցեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։ Հարցրինք, թե 50 միլիոն դրամը շա՞տ է, թե՞ քիչ, ինչպիսի՞ մոդելներ կան աշխարհում։ Ըստ զրուցակցի՝ միջազգային փորձն ուսումնասիրելով՝ առանց մեղադրական դատավճիռների՝ կոնֆիսկացիայի, որեւէ գումարային շեմ սահմանված չէ։ «Պետությունների համար, օրինակ, 50 հազար դոլար գողանալը եւս նմանատիպ գործընթացների հիմք է հանդիսանում, եւ այդ շեմերը դնելը նաեւ այլ բարդություններ են առաջացնում գնահատման տեսանկյունից։ Նախ, ո՞վ է գնահատում, ո՞ր պահից է գնահատվում գույքը՝ գողանալո՞ւ, թե՞ ուսումնասիրության պահի։ Նաեւ ընդունենք, որ այդ ժամանակահատվածում գույքի արժեքը կարող է մի քանի անգամ փոփոխված լինել։ Ես տեսա, որ նման ինչ-ինչ կարգավորումներ փորձել են անել, բայց դրանք թերի էին եւ հստակ

պատասխաններ չունեն»։

Սիրանուշ Սահակյանի կարծիքով, գումարային շեմեր դնելը ներհատուկ է «ապօրինի հարստանալ» հանցագործության համար, եւ դրա համար սահմանված շեմը 5 միլիոն դրամն է։ «Եվ նաեւ ապօրինի հարստացման գումարի կոնտեքստում ես խիստ անհամաչափ եմ տեսնում 50 միլիոն գումարն արձանագրելը եւ տպավորություն ունեմ, որ մինչեւ 100 հազար դոլարի, ինչը բավականին լուրջ գումար է, հարստանալու ինդուլգենցիաներ են տրվում»,- ասաց Սահակյանը։

Բռնագանձման մասին օրենքը հետադարձ ուժ չունի՞, եւ արդյոք դա կիրառելի է։ «Իրենք, ճիշտն ասած, հետադարձ ուժ տվել են, եւ այստեղ նորից մոտեցումը հետեւյալն է. միջազգային պրակտիկայում նշում են, որ եթե այդ միջոցառումը հատուցմանը միտված միջոցառում է եւ կապված է հանցագործության հետեւանքով վնասների հատուցման գործընթացների հետ, այս պարագայում հետադարձ ուժ թույլատրվում է տալ։ Եթե միայն հատուցողական բնույթ չունի եւ իր մեջ ունի պատժիչ տարրեր, ինքը վերածվում է քրեական հետապնդման, եւ այստեղ հետադարձ ուժի կիրառության արգելք կա, մասնավորապես՝ կոնվենցիայի 7-րդ հոդվածի տեսանկյունից։ Հիմա, հեղինակները կարծում են, որ սա կոմպենսացնող միջոցառում է, հետեւաբար՝ հետադարձ ուժը թույլատրելի է, բայց ինձ համար անհասկանալի պայմաններում ուսումնասիրության ժամկետայնությունը սահմանափակում են ուսումնասիրությանը նախորդող 10 տարիների համար։ Կա, որ բացառիկ դեպքերում կարող են նաեւ վաղ ժամանակահատվածի անդրադարձ կատարել, բայց ոչ ավելի վաղ, քան 91թ. սեպտեմբեր»։

Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ 91-ի սեպտեմբերի 21-ից գիծ գծելը տրամաբանական է, քանի որ կա պետության ֆորմացիայի խնդիր՝ ԽԱՀՄ տիրույթ չեն մտնում, բայց անհասկանալի է, որ արդեն նոր ձեւավորված պետության մեջ դրվում է տարբերակված մոտեցում։ Այսինքն՝ «95 թվականի թալանչի պետական գործիչներին ու նրանց ժառանգներին թույլատրվում է վայելել ժողովրդից գողացված գումարները, բայց, օրինակ, 2002-ի հետ կապված դեպքերին կարձագանքեն։ Այս կարգի խտրական կարգավորումը, կարծում եմ, զուտ քաղաքական լուծում է, իրավական մոտեցում չունի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30