Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատժիչ միջոցների խստացում. բալային համակարգ ներդնելուց առաջ պետք էր խնդիրները վերացնել. «Ժամանակ»

Սեպտեմբեր 12,2019 10:14

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ նոր բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նոր նախագծով առաջարկվում է ամեն տարվա ընթացքում վարորդին տալ 9 բալ, որը համապատասխան խախտումների դեպքում նվազելու է։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից կզրկվի 1 տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությամբ։

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով նոր համակարգի ներդրմանը, նկատեց, որ գաղափարն ինքնին լավն է, բայց մինչև դրա ներդրումը, հարկավոր էր լուծել համակարգի անխափան աշխատման համար առկա խնդիրները՝ ճանապարհների վիճակը, ճանապարհային նշանների բացակայության հարցը, ճանապարհների լուսավորության խնդիրը և այլն։ «Մենք ունենք լուրջ խնդիրներ նաև հետիոտների կարգապահության մասով, որոնք շատ հաճախ վրաերթի զոհ են դառնում, իսկ այդտեղ վարորդի մեղավորությունը չկա: Ունենք ճանապարհային նշանների խնդիր, խնդիր վարչական ակտերը հասցեատերերին հասցնելու մասով: Այս խնդիրներն են, որ պետք է լուծվեին մինչև բալային համակարգի ընդունումը: Բալային համակարգի ներդրմամբ մենք հնարավորինս խստացրինք պատժիչ միջոցները:

Մնում է՝ ճանապարհային ոստիկանները օր օրի հսկեն բոլոր փողոցները, որը գրեթե անհնար է»,- ասաց Քեյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նոր համակարգում մեծ չէ՞ կոռուպցիոն ռիսկը: Վարորդը կարող է կաշառել ճանապարհային ոստիկանին, որպեսզի վերջինս կատարված խախտման համար իր բալերից չնվազեցնի։ «Բա տեսանկարահանող սարքին ոնց պետք է կաշառեն: Հնարավոր է ինչ-որ դեպքեր լինեն, չենք կարող բացառել, քանի որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ որևէ կոռուպցիոն դրսևորում չլինի: Բայց ինձ չի թվում, որ բոլորը կփորձեն նման ձևով պատժից խուսափել»,- ասաց Քեյանը:

«Վարորդի ընկերը» չի կարծում, թե որոշակի ժամանակահատված է պետք, որ վարորդները հարմարվեն նոր փոփոխություններին, նոր համակարգին: Ոչ էլ լրացուցիչ իրազեկում է պետք դրա համար։ «Վարորդները չպետք է հարմարվեն ինչ-որ պատժիչ միջոցներից խուսափելուն: Վարորդները պետք է երթևեկեն երթևեկության կանոնների համաձայն: Վարորդը, եթե երթևեկի երթևեկության կանոնների համաձայն, բալեր չի հավաքի: Այլ հարց է, որ կան խնդիրներ, երբ վարորդները ընկնում են թյուրիմացության մեջ՝ լուսացույցներ չկան, նշաններ, լուսավորություն չկա այդ հատվածում, նշանները թաքնված են ծառերի հետևում: Նման խնդիրներ կան, բայց մենք ամեն օր էլ տեսնում ենք վարորդների, ովքեր գիտակցված հանդիպակաց են երթևեկում: Եկեք ասենք, լավ, վարորդ ջան, արի դու մի ամիս էլ հանդիպակաց երթևեկի, մինչև կսկսես բալեր հավաքել: Նման մոտեցումը սխալ է»,- ընդգծեց Տիգրան Քեյանը:

Նշենք, որ երթևեկության բալային համակարգ է գործում նաև հարևան Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Պարզապես այդ երկրներում ավելի մեծ է բալերի քանակը՝ սկսվում է երկնիշ թվերով: Այդտեղ էլ, սակայն, խախտումների համար նախատեսված միավորներն են բարձր:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30