Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նորընծա երեխաները. քրեական իրավունքի ոլորտում իրավաբանական կարիերան երիտասարդը պետք է սկսի փաստաբան կամ քննիչ աշխատելուց

Սեպտեմբեր 12,2019 10:04

Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, նրանք ամենուր պետք է առաջնային տեղում լինեն, վայելեն իրենց ծնողների սերը և կայանան որպես պետականամետ անհատներ, սակայն այդ փոքրիկների համար ոչինչ չխնայելով հանդերձ մենք նրանց դաստիարակելու ընթացքում մերթընդմերթ ոչ ենք ասում և փորձում զերծ պահել հիմնարար ճակատագրական սխալներից: Այսօր այդ փոքրիկ բալիկներին փորձում են բերել դատական համակարգ, վերջիններիս վստահելով դատավորի պաշտոնը, որտեղ ոչ միայն անգիր արած գիտելիքներ են հարկավոր, այլ նաև կյանքի և մասնագիտական փորձ: 25 տարեկան երիտասարդն առաջին հայացքից կայացած անձ է և նրանք նույնիսկ ամուսնանում են, ընտանիք կազմում, երեխաներ ունենում և նրանց նույնպես հայրիկ և մայրիկ են կոչում: Միգուցե ամեն բան այնքան է զարգացել, որ իրոք այդ երիտասարդներից ոմանք ի վիճակի են լուրջ որոշումներ կայացնել իրենց անձնական կյանքում, բացի այդ որևէ մեկն անսխալական չէ, բոլորն էլ իրավունք ունեն սխալվելու, բայց ոչ դատավորը, այդ է պատճառը, որ համաշխարհային պրակտիկայում դատավոր դառնալու համար լուրջ ճանապարհ պետք է անցնես: Այստեղ անգիր արած օրենքն արտասանելով հարց չես լուծի: Կարդալով արդարադատության նախարարության առաջարկած դատական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը՝ ակնհայտ տեսնում ես երիտասարդներին բնորոշ մաքսիմալիստական բարի ցանկությունները, բայց և ակնհայտ է դառնում փորձի բացակայությունը:

Գործող օրենսդրությամբ դատավոր դառնալու համար անհրաժեշտ 28 տարին արդեն իսկ խնդիր է, որն էլ մասամբ որոշակի չափով հանգեցրել է ներկայիս դատական համակարգում տիրող վիճակին, երբ նախկին իշխանությունները չկայացած երիտասարդներին նշանակելով դատավորի պաշտոնում ուղղորդել են նրանց և ստացել իրենց համար անհրաժեշտ որոշումները, որն էլ երկիրը հասցրել է իրավաբանական կոլապսի: 25-30 տարեկանը դա այն տարիքն է, երբ մեզ թվում է, որ մենք ամեն բան կարող ենք, մերն է ճշմարտությունը, իսկ մնացածը կամ չգիտեն, կամ էլ սխալվում են, այդ տարիքում է, որ երիտասարդները հայտնվում են հմուտ և անձնական շահեր սպասարկող անձանց թիրախում: Թող տպավորություն չստեղծվի, որ ես դեմ եմ երիտասարդներին և պնդում եմ, որ կյանքի թոհ ու բոհով անցած երիտասարդներ չկան, կան պարզապես նրանք իրավաբանական կրթություն չեն ստացել և ուսանողական տարիների փոխարեն կյանքը շոշափել են այլ տեսանկյունից, չունենալով անվտանգության բարձիկներ, հարթել են իրենց կյանքի ճանապարհը, օրվա հացը վաստակելու համար դարձել են պատերազմի մասնակից և նույնիսկ հերոսացել են, սակայն մենք այստեղ խոսում ենք նեղ մասնագիտական ոլորտի վերջին ամենախոհեմ պաշտոնի մասին, որտեղ գիտելիքների հետ մեկտեղ պետք է համադրել կյանքի և մասնագիտական փորձը, որպեսզի հնարավորություն ունենալ ինչ-որ կերպ տարբերել իրականությունը և իրականացնել անաչառ արդարադատություն, այլապես ևս մեկ անգամ ունքը սարքելու փոխարեն արդարադատության երկրորդ աչքն ենք հանելու, քանի որ առաջինն արդեն հանել են նախկինները: Երբ երիտասարդը տեսնում է, որ կարիերային առաջխաղացման համար պարտադիր չէ անցնել դժվարին ճանապարհ և կարող է անմիջապես բազմել դատավորի աթոռին իհարկե չի կարելի նրան մեղադրել, որ նա երկար ճանապարհը չի ընտրում և անմիջապես գնում է դեպի բարձրյալ պաշտոնը բոլոր իրավաբանների համար՝ դատավորի այդ հմայիչ թվացյալ իրավասությունները ստանալու համար և որքան էլ դուք բարդացնեք երիտասարդի համար այդ ճանապարհը, նա հասկանում է, որ բավական է մեկ անգամ անգիր սովորել այդ օրենքները, որոնց իմաստը մեծամասամբ նա նույնիսկ չի էլ ընկալում, քանի որ չունի փորձ, և դու դատավոր ես:

Ինչո՞ւ դառնալ փաստաբան, քննիչ, դատախազ, աշխատել սեփական կենսագրությունը անաչառ պահելու վրա, երբ կարելի է ուղակի հայտնվել բաղձալի աթոռին՝ շրջանցելով բոլոր դժվարությունները: Այդ երիտասարդը նման է այն վարորդին, ով ստանալով վարորդական իրավունք գաղափար չունի, թե ինչ պետք է անի, երբ վնասվել է իր մեքենայի անվադողը: Այսպիսով, մոտ քսան տարի իրավապահ մարմիններում աշխատելով, ինձ համար միանշանակ է, որ քրեական իրավունքի ոլորտում իրավաբանական կարիերան երիտասարդը պետք է սկսի փաստաբան կամ քննիչ աշխատելուց և մոտ տասը տարի այդ ոլորտներում աշխատելուց հետո միայն իրավունք ստանա դառնալ դատախազ, իսկ դատավոր դառնալու համար անձը պետք է առնվազն 15 տարվա փաստաբան կամ տասը տարվա քննիչի և հինգ տարվա դատախազի աշխատանքային փորձառություն ունենա: Ահա այն ուղին, երբ նվազում է կոռուպցիոն ռիսկերի մակարդակը և թույլ է տալիս հնարավորինս զերծ մնալ խափանված դատական համակարգ ունենալուց: Շատերը կասեն, որ այդքան փորձառու կադրեր չկան, ես ձեզ որպես այդ համակարգերի ներքին խոհանոցներին ծանոթ մարդ հավաստիացնում եմ, որ այդպիսի կադրերը շատ են, որոնք չկան կոռուպցիոն սխեմաներում, պարզապես նրանք դեռ անտեսված են, ինչպես անտեսված էին նախկինում:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30