Երեւանում Մոսկվայի տոնը նշելու վերաբերյալ համացանցում հանդիպեցի որոշ մեկնաբանությունների, անգամ որոշակի փողոցային ակցիաների, որոնց նպատակն է ցույց տալու, որ այդ միջոցառումները վկայում են մեր ստրկամտության մասին: Ինձ թվում է, դա ծայրահեղական եւ չմտածված մոտեցում է:
Ինձ, ինչպես եւ շատերին Հայաստանում, դուր չի գալիս Պուտինի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Չեմ կարծում, որ այս հարցում իմ տեսակետը կիսում է հայաստանցիների մեծամասնությունը եւ ավելին ասեմ՝ ի տարբերություն ՌԴ նախագահին չհավանողների մեծ մասի, ես համոզված եմ, որ Ռուսաստանում սկզբունքորեն չի կարող ազատական եւ ժողովրդավարական իշխանություն լինել՝ այդ ուղղությամբ բարեփոխման ցանկացած փորձ բերում է քաոսի: Դրան կարող եմ ավելացնել նաեւ, որ ռուսաստանցիների մեծամասնությունը սատարում է իր նախագահի քաղաքականությունը, եւ մենք՝ այլ երկրի քաղաքացիներս, չենք կարող հաշվի չնստել այդ փաստի հետ:
Սակայն այս բոլոր նկատառումները որեւէ կապ չունեն Մոսկվայի հետ, որը դարեր շարունակ եղել է եւ այսօր էլ հանդիսանում է աշխարհի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը: Մոսկվան ոչ Պուտինինն է, ոչ էլ Սոբյանինը, ճիշտ այնպես, ինչպես Երեւանը հնարավոր չէ ասոցիացնել Փաշինյանի կամ Մարուքյանի հետ: Իշխանավորներն այսօր կան, վաղը չեն լինի, կան ավելի մնայուն բաներ: Ես սիրում եմ Չայկովսկու, Բուլգակովի, Օկուջավայի Մոսկվան: Եվ այդ առումով Ռուսաստանի մայրաքաղաքը բոլորինս է, այն պատկանում է աշխարհի բոլոր մտածող մարդկանց:
Պատանեկությանս տարիներին իմ ընտանիքը հաճախ արձակուրդների մի մասն անցկացնում էր Մոսկվայում, եւ ես շնորհակալ եմ ծնողներիս դրա համար, որովհետեւ հնարավորություն ունեի դիտելու մոսկովյան թատրոնների փայլուն ներկայացումները, մեծ դերասանների անկրկնելի խաղը: Սյունազարդ դահլիճում լսել էի Ֆեդոսեեւի նվագախմբի կատարումները, Համագումարների պալատում դիտել էի «Գայանե» բալետը, որին ներկա էր նաեւ հեղինակը: Չէ՞ որ Մոսկվան նաեւ Արամ Խաչատրյանի քաղաքն էր: Նաեւ՝ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիեւի, Արմեն Ջիգարխանյանի եւ մեր նշանավոր շատ-շատ հայրենակիցների:
Կարդացեք նաև
Մի անգամ, երբ ես Երեւանում ոգեւորված պատմում էի Մոսկվայից ստացած իմ պայծառ տպավորությունների մասին, մեծահասակներից մեկն ինձ կոպտորեն ընդհատեց՝ «ի՞նչ ես ստից բաներ խոսում, Մոսկվան մեծ գյուղ է»: Ինչպես 15 տարեկանում, այնպես էլ 60 տարեկանում ես որեւէ մեկի հետ վիճելու սովորություն չունեմ: Մանավանդ գավառական բարդույթներով տառապողների:
Քաղաքական ռեժիմի առումով մենք Ռուսաստանի հետ պետք է գնանք տրամագծորեն հակառակ ուղղություններով: Ավելին՝ ինձ թվում է, որեւէ տնտեսական իմաստ չկար մտնելու Մաքսային, իսկ այնուհետեւ Եվրասիական տնտեսական միության մեջ: Այլ են ռուս ժողովրդի հետ մեր հոգեւոր, մշակութային կապերը: Դրանք մեր հարստությունն են, ինչպես եւ ցանկացած այլ ժողովրդի հետ կապերը: Դրանք զարգացնելը ստրկամտություն չէ: Խզելն է անմտություն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տրամաբանօրէն այս վերլուծութիւնը ճիշդ է ,սակայն պէտք է վերապահել միայն հայութեան սահմանափակ շերտի մը որ սնած և աճած է ռուսական դասական հարուստ մշակոյթով . կը կարծեմ որ արեւմտահայը Կը նախընտրէ Գորնէյի-Մոլիէրի Վօլթէրի- Շէքսպիրի տարբերակը որ հաւասարապէս հարուստ և ներշնչող մշակոյթներ են ;