Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Կոմիտաս ու Սայաթ-Նովա հնչեց շեփորով

Սեպտեմբեր 12,2019 12:30

Վերջերս Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում կայացած «Դու պետք է հավատաս գարնան գալուն» խորագրով ջազ-սիմֆո երեկոն մեծ հետաքրքրություն էր առաջացրել  հանդիսատեսի եւ նույնիսկ մասնագետների շրջանում: Հայտագրից կարելի էր կռահել պատճառը. առաջին անգամ Հայաստանում, վստահ ենք՝ նաեւ արտասահմանում, կոմիտասյան եւ սայաթնովյան  մեղեդիները հնչելու էին շեփորով: Համերգի նկատմամբ հետաքրքրության պատճառներից մեկն էլ բուլղարահայ երիտասարդ դիրիժոր Լեւոն Մանուկյանի առաջին բեմելն էր հայրենիքում:

Ի դեպ, հայաստանցի հանդիսատեսը այդ համերգի ընթացքում առաջին անգամ էր ծանոթանալու նաեւ եվրոպական մամուլի գնահատմամբ՝ հարվածային գործիքների վարպետ Դանիել Ժելեվի արվեստին: Կամերային նվագախմբի երաժիշտները Հայաստանից էին, մենակատարներն էլ արդեն ծանոթ անուններ՝ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Նառա Առաքելյան, սոպրանո Հասմիկ Հարությունյան, քանոնահար Էթերի Հովհաննիսյան եւ շեփորահար Երվանդ Մարգարյան: Ծրագրում ընդգրկված էին նաեւ Ալան Հովհաննեսի, Չարլի Չապլինի, Իրվին Գորդոնի, Մաթ Դենիսի եւ Ծովինար Հովհաննիսյանի ստեղծագործություններից: Առանց չափազանցության՝ յուրաքանչյուր համարից հետո, հատկապես Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երկերի, հանդիսականի ծափերը թույլ չէին տալիս ծրագրով նախատեսված մյուս ստեղծագործություններին անցնելուն: Եզակի այս համերգի հաջողություններից մեկն էլ հանրային ռադիոյի հրավերով Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երկերի ֆոնդային ձայնագրություններ իրականացնելն էր:

Լեւոն Մանուկյանի եւ Դանիել Ժելեվի հետ մեր ցանկալի հանդիպումը չստացվեց՝ երաժիշտների գերխիտ հյուրախաղային գրաֆիկով պայմանավորված:
Ընդգծենք, որ Նառա Առաքելյանը 2018թ. Բուլղարիայում կայացած միջազգային ջազ փառատոնի ժամանակ, որին միայն կին ջազային երաժիշտներ էին մասնակցում՝ 115 երկրներից, միակ կին ջազային երաժիշտն էր Հայաստանից:


Երեւանյան համերգի վերաբերյալ զրույցի հրավիրեցինք Նառա Առաքելյանին: «Այս ծրագրի պրեմիերան՝ ոչ հայաստանցի երաժիշտներից կազմված կամերային նվագախմբով, կայացել է գարնանը, Բուլղարիայում՝ Սոֆիայում եւ Վառնայում, այնտեղ էլ առաջին անգամ Կոմիտաս ու Սայաթ-Նովա են հնչել շեփորով, դաշնամուրի եւ ջազ-սիմֆո նվագախմբի ուղեկցությամբ»,-հայտնեց մեր զրուցակիցը:


Ռեպլիկին՝ ո՞ւմ գաղափարն էր, երաժիշտն ասաց. «Գաղափարը իմն էր, տարեսկզբին այն ներկայացրել էի Սոֆիա-ՀԲԸՄ-ի պատվավոր նախագահ Սոնյա Ավագյան-Պետրոսյանին եւ նախագահ Առնո Կույումջյանին:  Նշեմ, որ տիկին Սոնյան քառորդ դար է, ինչ լծված է հայրենանվեր գործի՝ տարածել հայ երաժշտարվեստը: Եվ հենց ժամանակին տիկինն է ստեղծել Սոֆիա-ՀԲԸՄ կամերային նվագախումբը: Ավելին, Սոֆիայում կայացած մեր համերգին ներկա էր Վառնա- ՀԲԸՄ-ի  նախագահ Գեւորգ Գրիգորյանը, որը երեկոյից անմիջապես հետո մեզ հրավիրեց նույն ծրագիրը ներկայացնել Վառնայում: Իսկ ընդհանուր առմամբ՝ Սոֆիայից հետո, փաստորեն, ծրագրված այդ մեկ համերգը ներկայացրինք Բուլղարիայի 8 քաղաքներում եւս: Շատ կուզեի հակիրճ ներկայացնել դիրիժոր Լեւոն Մանուկյանին, որի մայրը բուլղարուհի է եւ աննկարագրելի սիրահարված հայ արվեստին, մասնավորապես՝ երաժշտությանը»:


Նշենք, որ թեեւ առաջին հայացքից Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումը շեփորով դժվար է պատկերացնել, բայց համերգին ներկա մասնագետներն էլ համամիտ լինելով մեզ հետ, տպավորիչ ասած՝ ապշած էին ու հուզված:


Հետաքրքրությանը՝ չի՞ պատրաստվում ծրագիրը ներկայացնել արտասահմանյան այլ բեմերում եւս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանյան միակ համերգի արձագանքները, մանավանդ որ առաջին անգամ էին հնչում մեր  մեծերի ստեղծագործությունները, դեռ չեն մարել: Վստահ եմ, որ դրանք շուտ չեն մարելու, հետեւաբար  արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սոֆիա-ՀԲԸՄ-ի հետ 2020թ. հանդես գալ ոչ միայն Երեւանում, այլեւ որոշ մարզերում եւ ավելի լայն ծրագրով»:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ տեղին չէ իր համեստությունը, մանավանդ որ մասնագետները նշեցին, թե բարձրարվեստ փոխադրումներ էին արված շեփորի եւ կամերային նվագախմբի համար, իսկ դրանց հեղինակը ինքն էր, մեր զրուցակիցը դարձյալ համեստորեն ասաց. «Դուք իմ փոխարեն պատասխանեցիք, ավելացնելու ոչինչ չունեմ»:

Գլխավոր լուսանկարում՝ Երվանդ Մարգարյանը և Նառա Առաքելյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30