Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր ամսվա ուշագրավ դատերը կանանց մասնակցությամբ

Սեպտեմբեր 12,2019 13:00

Խարդախություն, գույքի հափշտակում, կաշառք, սուտ մատնություն, խուլիգանության հանցակազմ պարունակող քրեական գործերում «ակտիվ» են կանայք: Եթե վիճակագրությամբ զբաղվող կազմակերպություններ լինեին, ապա կարող էին ասել, թե որ մարզում կամ համայնքում են կանայք գողություններ անում ավելի շատ, կաշառքը որին է բնորոշ, որ կառույցների կանայք են հատկապես ներգրավված դրանում, սուտ մատնության գործերով ինչու են հատկապես ԶԼՄ-ների կին ներկայացուցիչները հայտնվում ամբաստանյալների աթոռին: Արդյունքում, ուշագրավ համընկնումներ կլինեին, եւ կանխարգելիչ միջոցառումները հնարավորություն կտային գործուն միջոց դառնալ:

Սեպտեմբերին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է նախկինում երկու անգամ դատապարտված Գայանե Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խաբեությամբ 203.280 ՀՀ դրամ արժողությամբ Ա. Աբգարյանին պատկանող գազի գլանանոթը եւ համակարգը հափշտակելու համար:

Աննա Ասատրյան անուն-ազգանունով մեկն էլ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով մի տղամարդուց պահանջել է գումար:

Աննա Ասատրյանն անցյալ տարվա ամռանը «www.odnoklassniki.ru» կայքէջի միջոցով ծանոթացել է Սարգիս անունով մեկի հետ, ում հետ սկսել է շփվել բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով: Նա, ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, ներբեռնել է Սարգիսի լուսանկարները, դրանց վրա կատարել Սարգիսի անձն արատավորող գրառումներ ու դրանք տեղադրել «www.odnoklassniki.ru» կայքէջի լուսանկարներ բաժնում, ապա ուղարկել  նրա էջին: Արատավորող մեկնաբանությունները ջնջելու դիմաց պահանջել է 40.000 ՀՀ դրամ գումար: Սարգիսը հանդիպել, եւ 40.000 ՀՀ դրամ գումարը տվել է Աննայի կողմից ուղարկված անձին: Ստանալով նշված գումարը՝ Աննան ջնջել է նշված կայքէջը:

Մեկ այլ դրվագով էլ իր արատավորող գրառումները ջնջելու համար Սարգիսից պահանջել էր 60.000 ՀՀ դրամ գումար: Հանցագործությունը բացահայտվել է հենց այդ ժամանակ, երբ մոտեցել են ոստիկանության աշխատակիցները:

Անշուշտ, տեղյակ եք լրատվական դաշտին «առնչվող» «Հայկական ժամի» աշխատակիցների հետ կատարվածին:

«Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագիրը մեղադրվել եւ դատապարտվել է այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով մորաքրոջ` նույն լրատվամիջոցի լրագրող Հերմինե Մանուկյանի հետ, Թումանյան քաղաքի գազալցակայանում 50.000 ՀՀ դրամի, ինչպես նաեւ ավտոմեքենան գազով լիցքավորելու պահանջ է ներկայացրել համայնքի ղեկավարին, «սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում լրատվամիջոցներում վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակվի»:

Աննա Գեւորգյանին եւ Հերմինե Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու համար:

Նույն գործով անցնող Գայանե Մանուկյանին էլ մեղադրանք էր առաջդրվել սուտ մատնություն կատարելուն օժանդակելու հատկանիշով:

Երեքն էլ դատարանի կողմից անմեղ են ճանաչվել, քանի որ մեղադրողը քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվել է:

Նշենք, որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:

Իրինա Մանուկյանի գործը լսվել է Սյունիքի մարզում: Այն հիմա գտնվում է դատական երկրորդ ատյանում:  Փաստաբան կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտպանյալին` կալանավոր Արթուր Մկրտչյանին արգելանքից ազատելու եւ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար դատավորին եւ դատախազին կաշառք տալու պատրվակով, օգտվելով իր պաշտպանյալի մոր՝ որդու համար ստեղծված իրավիճակում առավել բարենպաստ հետեւանքներ առաջացնող դատական ակտ կայացվելու հարցում անձնական շահագրգռվածությունից, վերջինիս հավաստիացնելով, որ գործնական կապեր ունի դատավճռով որդու նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակ`տուգանք նշանակելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձանց հետ, «Ա. Մկրտչյանի մոտ առաջացրել է կաշառք տալու դիտավորություն եւ վճռականություն», պաշտպանյալի մորը դրդել է խոշոր չափերով կաշառք տալուն: Փաստաբանը առձեռն ստացել էր 1.000.000 ՀՀ դրամը, սակայն չի փոխանցել եւ հափշտակել է այն. «չի հասցրել իրականացնել կաշառք տալու իր հանցավոր մտադրությունը»:

Սեպտեմբերին կնոջ մասնակցությամբ մեկ խուլիգանության դեպք ունենք. Կոտայքի մարզում շարունակվում է Արմենուհի Սահակյանի գործի քննությունը. նրան մեղադրանք է առաջադրվել 2019թ. մայիսի 27-ի դեպքի առթիվ: Նա Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում հանդիպելով նախկին ամուսնու կնոջ մորը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, մեկ անգամ ոտքով հարվածել է նրա դեմքին:

Մասնագիտական գործունեության հետ կապված ունենք մեկ գործ. Սյունիքի մարզում քննվող գործն է՝ Լիլյա Թադեւոսյանի,  որի՝ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով առաջացրել է քաղաքացու մահ:

Սուտ մատնության հատկանիշներով մեկ գործ էլ կապված է Անահիտ Գեւորգյանի անձի հետ:  Արագածոտնի մարզի գործերից է: Անահիտը, որպեսզի իր մտերիմ տղամարդուց գումար պոկի, իբրեւ քաղցկեղով հիվանդ լինելու եւ կեղծ հղիության կապակցությամբ վիրահատման եղանակով արհեստականորեն վիժելու ու այլ պատրվակներով, նրանից մաս-մաս պահանջել եւ հափշտակել է ընդհանուր առմամբ 53.393.044 ՀՀ  դրամ:

Աղմկահարույց գործերից կարելի է համարել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի տեսուչ Ջեմմա Մանուկյանի մասնակցությամբ գործը:

Ռաֆայել Ճաղարյանը հրավիրվել է հարցաքննության եւ տեղեկացել, որ իր կողմից նախկինում թմրամիջոց պատրաստելու եւ գործածելու համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Այդ մասին պատմել է ծառայակից Վահան Մանուկյանին, ով խոստացել է այդ հարցում օգնել եւ անմիջապես զանգահարել է քրոջը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Ջեմմա Մանուկյանին: Հաջորդ օրը վերջինս հայտնել է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի պետական ծառայություն իրականացնող այնպիսի պաշտոնատար անձի հետ, ով կարող է լուծել այդ խնդիրը: Գործի մանրամասներին առավել խորությամբ ծանոթանալու եւ հանգամանքները կոնկրետացնելու նպատակով 2017 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ շենքի մոտ հանդիպել են Ռաֆայել Ճաղարյանն ու Ջեմմա Մանուկյանը: 3-4 օր անց Վահան Մանուկյանը տեղեկացրել է Ռաֆայել Ճաղարյանին, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու եւ պատժից ազատվելու համար պահանջվում է 1500 ԱՄՆ դոլար գումար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30