Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ուղերձ ունի Հայաստանը հասցնելու Թրամփին

Սեպտեմբեր 12,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը Հայաստանի համար օրակարգային հարց է

Մինչ հայ-ռուսական հարաբերություններում շարունակվում են նկատվել որոշակի չհասկացվածության նոտաներ՝ հայ-ամերիկյան օրակարգը, թեեւ ըստ ամենայնի առանձնապես չի թարմացվել եւ չկան նոր նախաձեռնություններ կարճաժամկետ կտրվածքով, այնուամենայնիվ, Երեւանն ու Վաշինգտոնը օրերս ուղերձներ փոխանակեցին։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր, բարգավաճ, ժողովրդավար եւ անվտանգ Հայաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները Հայաստանի ամենախոշոր դոնոր պետությունն է. նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչեւ մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրեր։

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում. «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Իր հերթին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ հրավիրված մամլո ասուլիսում շոշափեց հայ-ամերիկյան հարաբերությունների թեման։ Նախ` անդրադառնալով առաջիկայում Փաշինյանի ամերիկյան այցին եւ հարցին, արդյոք նախատեսվո՞ւմ են հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ, Մնացականյանն ասել էր. «Օրակարգը բավական ձեւավորված է, եւ անդրադառնամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային. մենք շատ հետեւողականորեն, մեր ղեկավարության բարձր մակարդակով օգտագործում ենք այդ կարեւոր հարթակը՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգն առաջ տանելու համար։ Վարչապետի մասնակցության, կանոնավոր մասնակցության իմաստը դա է։ Այնտեղ՝ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ լինելու է վարչապետի ելույթը, ինչպես նաեւ լինելու են երկկողմ հանդիպումներ, այլ միջոցառումներ, վարչապետի կողմից այլ ելույթներ, եւ մենք ունենք երկկողմ հանդիպումների որոշակի ցանկ: Այժմ այն շրջանն է, որ պայմանավորվածությունները հստակեցվում են, որովհետեւ այդ շրջանը՝ այդ մեկ շաբաթը, լավագույն հավաքներից է, երբ տարբեր հանդիպումների հնարավորություն կա եւ ոչ, անպայման, նիստի ձեւաչափով, այլեւ ճաշի ժամանակ, միջանցքներում։ Այդ ձեւաչափը միջազգային հարաբերություններում բոլորը օգտագործում են եւ դրա համար էլ ակտիվորեն մասնակցում են Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանների բացմանը»։

Անդրադառնալով Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել էր, որ դա Հայաստանի համար օրակարգային հարց է. «Բայց ես ուզում եմ այս հարցին մոտենալ մի փոքր այլ շեշտադրումով։ Այս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ մենք ունենք բարձր մակարդակով չափազանց բավարար երկխոսություն։ Ուղղակի, եթե ուշադրություն դարձնեք ե՛ւ վարչապետի, ե՛ւ արտգործնախարարի հանդիպումների ծավալի մակարդակին՝ հաշվի առնելով նաեւ Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք այսօր ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի շփումների դեֆիցիտ չունենք ե՛ւ Սպիտակ տան մակարդակով, ե՛ւ պետքարտուղարության մակարդակով։ Բարձր մակարդակով մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն եւ չունենք այն ակտիվացնելու որեւէ սահմանափակում։ Շատ պարզ Ձեզ բացատրեմ, եթե ես որեւէ ուղերձ ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ դա հասցնել ԱՄՆ-ի բարձր մակարդակի իմ գործընկերներին։ Այդ առումով շատ ակտիվ է աշխատում մեր դեսպանատունը, որը շատ ակտիվ ներգրավված է այդ բարձր մակարդակի հարաբերություններում։ Մենք այսօր շփման որեւէ դեֆիցիտ եւ միմյանց հետ ցանկացած հարց քննարկելու որեւէ խնդիր չունենք»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպմանը՝ կլինի, երբ կլինի. «Աշխատում ենք, եւ սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի միայն ֆիքսվել, որ չկա, ուրեմն այդպես է. ես այդ մոտեցումը չեմ տեսնում, որովհետեւ, կրկնում եմ, բարձր մակարդակի շփումների պակաս մենք չունենք, եւ բնականաբար հղում եմ անում ժամանակացույցին, մեր հանդիպումների մակարդակին, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում՝ քանի անգամ, ում հետ, ինչպես»։

Սիրիա հայկական հումանիտար խումբ ուղարկելու եւ ԱՄՆ-ի դժգոհությունը առաջացնելու մասին խոսակցությունների ֆոնին, մյուս կողմից Իրան-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով՝ Հայաստանի արտգործնախարարը նկատել էր. «Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերություններն այսօր ունեն կոնտեքստ եւ իրողություն։ Գոյություն ունի նաեւ սանկցիաների կոնտեքստը, եւ հարցը՝ ո՞ր սանկցիաների մասին է խոսքը։ Կան անվտանգության խորհրդի պատժամիջոցներ, կան Միացյալ Նահանգների կողմից հայտարարված պատժամիջոցներ, կան տարբեր այլ զարգացումներ, որոնք վերաբերում են մյուս մեր գործընկերներին՝ Եվրամիությանը եւ անդամ պետություններին՝ Եվրամիության, Ռուսաստանին, եւ այլն, եւ այլն։ Այստեղ նորից կրկնեմ, մեր հիմնական գործառույթն է հստակ տեսնել մեր ազգային շահն այս առումով եւ համադրել դա իրողությունների հետ։ Բնականաբար, մենք չենք կարող արհամարհել որոշ իրողություններ, մեզ համար շատ էական նշանակություն ունեն Իրանի հետ հարաբերությունները, հարաբերությունները մեր անմիջական հարեւանի հետ, ինչպես ասացի, թե տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում, թե նաեւ մեր ազգային անվտանգության կոնտեքստում, ճանապարհների, էներգետիկայի, առեւտրատնտեսական, մարդկային կոնտեքստում»:

Մնացականյանը պարզաբանել է, որ Իրանի հետ մենք ունենք հարաբերություններ, որոնք մեկ օրում չենք կառուցել, եւ մենք ունենք բավական խորը ներկայությունը Իրանում. «Սա իրողություն է։ Եվ սա ձեւավորում է Իրանի հետ հարաբերությունները ունենալու մեր գերակայությունը։ Միեւնույն ժամանակ մենք ունենք մեր գերակայությունը հարաբերություններ ունենալու Միացյալ Նահանգների հետ։ Այս ձեւավորված գերակայությունը նույնպես տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում եւ նույնպես մեր ազգային զարգացման, ազգային անվտանգության կոնտեքստում է։ Իհարկե, սա մարտահրավեր է մեր արտաքին քաղաքականության համար։ Մարտահրավեր է, որպեսզի մենք կարողանանք գործել այնպես, որպեսզի նվազեցնենք այն վտանգները մեր ազգային շահերին, որոնք բխում են այս իրողություններից։ Եվ, բնականաբար, մենք շատ խորքային երկխոսության մեջ ենք։ Մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ եւ Միացյալ Նահանգների, եւ Իրանի հետ»։

Այն, որ Հայաստանի օրակարգում է Փաշինյան-Թրամփ հանդիպումը՝ դա դրական է, սակայն, խոշոր հաշվով, առավել կարեւոր է, թե հայ-ամերիկյան օրակարգում բացի հանդիպումից՝ ինչ կա։ Հայկական կողմը ի՞նչ է ցանկանում ավելացնել հայ-ամերիկյան հարաբերություններում, ի՞նչ ուղերձ ունի հղելու Վաշինգտոնին, Վաշինգտոնը կարո՞ղ է նախաձեռնողականություն ակնկալել Հայաստանի իշխանություններից, որը կարող է նոր մակարդակ ապահովել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Այլ կերպ ասած՝ ի՞նչ ուղերձ ունի իշխանությունը հասցնելու Թրամփի վարչակազմին։ Մենք նախեւառաջ այս հարցի պատասխանը պետք է ունենանք։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 11.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30