ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հիշեցրեց՝ խոսում ենք ՀՀ-ում տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև գործադիր, կենտրոնական իշխանություններից տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ապահովման մասին ու մտահոգություն հայտնեց՝ ՀՀ համայնքներն ունեն տեղական տուրքերի և վճարումների հավաքագրման, սեփական եկամուտների սահմանափակ հնարավորություններ, ուստի ինչպե՞ս պետք է ապահովել այդ անկախությունը:
Նա առաջարկեց՝ ճիշտ կլինի քննարկել պետբյուջեի եկամուտներ հանդիսացող հարկատեսակների որոշ մասը համայնքային բյուջեներ ուղղելու, համայնքների սեփական եկամուտներ ճանաչելու հարցը: Պատգամավորը հարցի պատասխանն ակնկալում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, սակայն պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հայտնեց՝ իրականում, երբ խոսում ենք համայնքից ու համայնքների ինքնուրույնությունից, պիտի նաև խոսենք այդ համայնքների չափից և ունեցած ռեսուրսից: Նախարարը փաստեց՝ մի դեպքում համայնք կարող է լինել քաղաք Գյումրի, մյուս դեպքում՝գյուղ, որն ունի տասը կամ տասնհինգ տնտեսություն:
Այնուհետև շարունակեց. «Երբ խոսում ենք տարածքային ոլորտում բարեփոխումներից, այդ թվում համայնքների միավորման մասին, հաճախ մեր ընդդիմախոսներն ասում են, որ դրանով սասանվում է համայնքի ինքնուրույնությունը, այդ համայնքը տուժում է, իրենց ունեցած պատկերացումներով՝ տուժում է համայնքի վարքը, բարքը: Իրականում խնդիրն ավելի խորն է: Որ մենք կարողանանք նման հնարավորություն ընձեռել, համայնքային խնդիրը լուծվի ամբողջությամբ, ոչ թե մի քանի խոշորացված համայնքի մասով, որովհետև արտոնել հարկեր համայնքներին, միայն հնարավոր է ենթակառուցվածքներ ունեցող խոշոր համայնքներին:
Կարդացեք նաև
Գյուղական համայնքները, ինչքան էլ որոշակի հարկեր զիջենք, որպես այդպիսին հնարավորություն չեն ունենալու ամբողջությամբ լուծել խնդիրները՝ խոսքը մինչև հազար և հինգ հազար բնակիչ ունեցող համայնքներին է վերաբերում, իսկ դրանց թիվը 300-400 է, որոնք խոշոր համայնքների կազմում դեռ չեն գտնվում: Այս տարի նախորդի համեմատ համայնքների բյուջեների սեփական եկամուտների համալրումը երեք միլիարդով գերազանցում է նախորդին: Սա իհարկե, ճիշտ վարչարարության, համայնքի բնակիչների հետ ճիշտ շփման արդյունք է»:
Սուրեն Պապիկյանը վստահեցրեց՝ չպետք է առաջնորդվենք քաղաքական նպատակահարմարությամբ, այլ երկրի շահով:
Պատգամավորը հայտարարեց՝ համայնքների ֆինանսական անկախությունն ու ինքնաբավությունը անկախության երաշխիքներից է: Այնուհետև կարծիք հայտնեց. «Չի կարելի համայնքներից պահանջել անկախություն, երբ համայնքները նստած սպասում են, թե երբ է հաջորդ դրամական բաժնեմասը հասնելու իրենց, որ համայնքային նշանակության խնդիրները լուծվեն: Մի օր պետք է գնալ հանրային ֆինանսների ապակենտրոնացման քայլին. սա շատ գործուն քայլ կարող է լինել տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ»:
Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Այս պահին, եթե կառավարությունը դոտացիա չտրամադրի, համայնքների զգալի մասն ի վիճակի չէ սեփական պահպանության ծախսերը հոգալ, միևնույն ժամանակ համայնքը պատրաստ չէ իր եղած սուղ միջոցները միավորել հարևան համայնքի հետ, կրճատել սեփական աշխատակազմը, աշխատակազմ, որը հաճախ կոմպետենտ չէ, փաստը դա է: Հաճախ գրագրությունը կամ խնդիրները հավուր պատշաճի հնարավոր չէ կազմակերպել: Այս ճանապարհին առաջիկայում նախատեսում եմ հանդիպում ունենալ ընդդիմադիր խմբակցությունների գործընկերների հետ տարածքային կառավարման ապագայի՝ իմ տեսլականը ձեզ ներկայացնելու, ակնկալելու ձեր աջակցությունը համատեղ ՀՀ-ում վարչատարածքային ամբողջական փոփոխությունների հասնելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ