ELARD-ի հաշվետվության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն եզրակացությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար
պարոն Է. Աղաջանյանին
Հարգելի պարոն Աղաջանյան
Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ, հայտնում եմ, որ Elard և TRC ընկերությունների անկախ փորձաքննության արդյունքները՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, ներկայացվել են Գիտությունների ազգային ակադեմիա (որը համաձայն 2011 թվականի ապրիլի 4-ի «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ-135-Ն օրենքի՝ գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է) և պետական կառավարման լիազոր մարմիններին:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, Lydian International Ltd., Golder Associates, Global Resource Engineering ընկերությունների պաշտոնական կայքերում տեղադրված նյութերը:
Ստորև ներկայացնում եմ պետական կառավարման լիազոր մարմինների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Elard ու TRC ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ փաստաթղթերի (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության) վերաբերյալ:
- Թթվային ապարների դրենաժի կառավարման պլանում ջրի որակի մոդելավորման ընթացքում դիտարկվել են մոդելավորված երկաթի բնական վիճակից ավելի ցածր կոնցենտրացիաներ՝ 0.000000566մգ/լ, այն դեպքում, որ Ամուլսարի ստորգետնյա և մակերևութային ջրերում և անձրևաջրերում այդ ցուցանիշը տատանվում է 0.001-300մգ/լ:
- Պասիվ մաքրման համակարգի նախագծման համար օգտագործված ջրի որակի մոդելավորման 2015 թվականի կանխատեսումներում ալյումինի կոնցենտրացիան հաշվարկվել է 2.27մգ/լ, իսկ 2017 թվականին այն վերանայվել է և հաշվարկվել է 27.2մգ/լ:
- ՇՄԱԳ հաշվետվության 166-րդ էջի «Ամփոփում» բաժնում նշվում է, որ «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ տարեկան գոլորշիացման ցուցանիշը գերազանցում է տեղումների քանակին»: Սակայն հայցվող տարածքում գոլորշիացման ցուցանիշը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը գնահատել է միայն Որոտանի դիտակայանի տվյալներով: Ընդ որում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կլիմայական բնութագրերի ելակետային տվյալներում և ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում ներկայացված են գոլորշիացման վերաբերյալ հակասական ցուցանիշներ (համապատասխանաբար ՇՄԱԳ-ի աղյուսակ 2.1.3 և աղյուսակ 2.6.10):
Աղյուսակ 1.
Գոլորշիացումը Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում ըստ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ 2016թ.-ի ՇՄԱԳ-ում ամրագրված տվյալների, (մմ)
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
Աղյուսակ 2.1.3. | 9.00 | 10.1 | 14.0 | 32.8 | 64.9 | 135.0 | 187.5 | 198.3 | 157.3 | 37.6 | 22.7 | 11.8 |
Աղյուսակ 2.6.10 | 24,5 | 27,9 | 44,9 | 59,3 | 93,3 | 128,1 | 150,8 | 154,7 | 122,9 | 72,3 | 40,2 | 58,4 |
Փաստացի, ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում Որոտան լեռնանցք օդերևութաբանական կայանի գոլորշիացման փոխարեն օգտագործվել են գոլորշունակության հաշվարկային տվյալները, ինչը ըստ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոպիտ սխալ է և անհրաժեշտ է օգտագործել ծառայության կողմից տրամադրված գոլորշիացման հաշվարկային տվյալները:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ ներկայացված տվյալները հակասում են տարածքում գոլորշիացման ցուցանիշի վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին (աղյուսակ 2):
Աղյուսակ 2.
Գոլորշիացումը Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 2000-2018թթ. դիտարկումների արդյունքների, (մմ)
XII-II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | Տարի | |
Որոտանի լ-ցք,
միջինը |
40,9 | 15,7 | 25,0 | 44,0 | 42,4 | 42,9 | 35,6 | 36,6 | 29,5 | 13,4 | 325,9 |
- Ըստ ՇՄԱԳ հաշվետվության ներկայացված տվյալների՝ Որոտանի լեռնանցքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսին՝ +21, ամենացածրը հունվարին՝ -12 աստիճան: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը և ըստ Որոտանի լեռնանցքի օդերևութաբանական կայանի տվյալների օգոստոսին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +30, իսկ հունվարին նվազագույն ջերմաստիճանը -36 աստիճանի: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի հունվարին գրանցված նվազագույն ջերմաստիճանը ենթադրում է բացահանքերի արտադրողականության և ծառայման ժամկետների հաշվարկային փոփոխություններ:
- ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված է, որ Ջերմուկում քամու ուժգնացում դիտվում է հազվադեպ, և սա նման է Որոտանի լեռնանցքի գրանցված տվյալներին: Սակայն, ըստ Ջերմուկ օդերևութաբանական կայանի տվյալների, ուժեղ քամիներն այստեղ հաճախակի են և քամու առավելագույն արագությունը հասնում է 30մ/վ, իսկ Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում 40մ/վրկ։
- Ըստ ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացվածի՝ Ամուլսարի գագաթին քամու առավելագույն արագությունը գրանցվել է 15մ/վրկ: Սակայն դիտարկումների արդյունքներով, Որոտանի լեռնանցքում, Ամուլսարի ստորոտում գրանցվում են մինչև 40մ/վրկ քամիներ:
- Հաշվետվությունում նշվում է, որ Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել, ինչը ճիշտ չէ. Արփա-Սևան ջրատարի վրա 1968 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության «Ծովինար» ջրաչափական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 40.1562650 և 45.4946680):
- Հաշվետվությամբ ամրագրված է, որ «Արփա և Դարբ գետերի հոսքի պատմական տվյալներ հասանելի չեն, իսկ ծրագրի հարևանությամբ Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից վերև ջրաչափական կայաններ չեն հայտնաբերվել»: Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից 4.0կմ հոսանքով վերև 1957 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության Արփա-Ջերմուկ հիդրոլոգիական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 39.8378150 և 45.6766940):
- Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների, 2015-2018թթ.-ի կտրվածքով Ջերմուկի և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում գրանցվել է դիտված վտանգավոր օդերևութաբանական երևույթների ավելացում:
- Քանի որ ծրագրի տարածքն աչքի է ընկնում հորդառատ անձրևներով, հետևաբար անհրաժեշտ է հաշվարկել հանքի տարածքից ձևավորվող` Կեչուտի ջրամբար թափվող «Պուճուր գետ» գետակի վտակի 0.1% ապահովվածության առավելագույն ելքերը: Այդ անանուն վտակը սկիզբ է առնում դատարկ ապարների լցակույտի տարածքից և վարարման ընթացքում կարող է հանգեցնել ընդերքօգտագործման թափոններով Կեչուտի ջրամբարի աղտոտմանը:
- Սեյսմիկ վտանգի գնահատման իրականացման ժամանակ չեն օգտագործվել գործիքային ժամակահատվածի համար երկրաշարժերի տեղական կատալոգները:
- Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 26-ին հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ԲՓ-35 դրական փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ և կազմել համապատասխան զեկույցներ, հաշվետվություններ: Դրանցում ներկայացվել են տվյալներ, տեխնիկական լուծումներ, որոնք ներառված չէին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական ստացած նախագծի և հաշվետվության մեջ: Մասնավորապես.
- վերանայվել է հանքավայրի տարածքին բնորոշ գոլորշիացման ցուցանիշները,
- լրամշակվել է բացահանքի և դատարկ ապարների լցակույտի տարածքների ջրային հաշվեկշիռը,
- պասիվ մաքրման համակարգի աերոբ մաքրման խոնավ տարածքը փոխարինվել է անթթվածին կրաքարային դրենաժով:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման 2016 թվականին կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում չեն ներառվել նորացված տվյալներ, չեն դիտարկվել դրանց հետ կապված լուծումներ:
- Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 439-Ն որոշման պահանջների:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ:
Է. Գրիգորյան