Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք ԶԼՄ, մյուս օրը արտադրամաս, և էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2019 17:38

ՀՀ ԱԺ-ում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորներին հարցերին: Խորհրդարանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, նախարարներ:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հետ կապված հարցրեց. «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և արդյոք չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխության այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցվածքը վերացնելու՝ Ձեր իսկ տված խոստմանը: Արդյոք տեղյա՞կ եք՝ երկու տարի է ՀՀ վարչական դատարանում վիճարկվում է Լիդիանին տրված լիցենզիան և դրա օրինականությունը»:

Նիկոլ Փաշինյանը հարին հարցով արձագանքեց. «Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր արտաբերածն ավելի շատ պնդման էր նման, քան հարցի: Եթե թույլ կտաք, նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված Ձեր հարցից: Ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնությամբ նրա ընդունած կասկածելի հանրաքվեով, Սահմանադրությամբ և ԸՕ-ով ձևավորված ազգային ժողովում լինել պատգամավոր: Հիմա Ձեր ասածին ի՞նչ պատասխան ասեմ, որ իրականությունը այնպիսին չէ, ինչպիսին նշում եք: Եթե ուշադիր եք եղել քաղաքացիներին ուղղված իմ վերջին ուղիղ եթերին, հստակ նշված է, որ Ամուլսարի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: Իմ դիրքորոշումը. այս դեպքում հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը, և, ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտության և առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը: Չկա որևէ մեկը ՀՀ-ում, որ կարող է մեղադրել, որ մեր կառավարությունն ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և չի լինելու: Եթե ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք ԶԼՄ, մյուս օրը արտադրամաս, և այդպես ճաշակով էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ: Մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»:

Արման Բաբաջանյանը հարցրեց՝ պատրաստվո՞ւմ եք արդյոք իրավաքաղաքական գնահատական տալ անցյալ քսան տարիներին, և դրանով կլուծվի ճշմարտության հասնելու նպատակադրումը. «Իմ պատասխանը նույնն է. դիրքորոշումը պետք է լինի իրավական: Ձեր նշած ռեժիմի պայմաններում ՀՀ-ում շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Նշանակում է՝ ինչ տեղի է ունեցել նախկինի պարագայում, արմատախի՞լ անենք: Օրինակ՝ բաժանվել են կենսաթոշակներ, գնանք կենսաթոշակառուների ձեռքից հավաքե՞նք թոշակները, տարբեր իրողություններ են արձանագրվել: Պետք է լինի իրավական դիրքորոշում: Մենք գնահատական տալիս ենք նախորդ իշխանությունների՞ն, թե՞ ոչ: Տասնյակ քրեական գործեր կան հարուցված, դեռ տասնյակ մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ: Բա գնահատականը պոզով պոչո՞վ է լինելու: ՀՀ-ին հասցված վնասը կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի, բայց դա պետք է լինի իրավական գործընթաց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետը սեպտեմբերի 6-ին ընդունում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30