Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր, ըստ էության, հաստատեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, ԵՏՄ) գագաթնաժողովին՝ մանրամասնելով, որ երևանյան միջոցառմանը ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների մասնակցության մասին որոշում կա:
Այսօր Սերգեյ Կոպիրկինին նաև հարցրեցինք՝ այն, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ և բանանային օլիգարխի համբավ ունեցող Միհրան Պողոսյանը փաստացի ապաստան են ստանում Ռուսաստանում, արդյո՞ք յուրատեսակ մի ուղերձ է Հայաստանին, Հայաստանի իշխանություններին:
«Ասացեք խնդրեմ՝ Դուք ինչ-որ միտու՞մ եք նկատում, ես որևէ միտում չեմ տեսնում: Իսկ ի՞նչ է՝ Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել, ես նման տեղեկություն չունեմ: Եթե մարդը Ռուսաստանում է, դեռ չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել: Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է իրավական ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման մասին: Վահագն Հարությունյանի մասով թերևս պատկան մարմիններին պետք է դիմել: Կարող է քաղաքացիության գործոնը դեր ունենալ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք Վահագն Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է», – պատասխանեց Կոպիրկինը:
«Կրկնեմ՝ որևէ միտում չկա, որևէ ուղերձ չեմ տեսնում: Հայաստանի նոր իշխանություններին Ռուսաստանի ուղերձը շատ հստակ է, որ մենք ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ ու եղբայրական երկրներ, ժողովուրդներ ենք: Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Որքան տեղյակ եմ, սա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության մոտեցմանը», – հայտարարեց Ռուսաստանի դեսպանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: