Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա անտառային հրդեհների դեմ պայքարի ռազմավարություն. Հայկ Արամյան

Սեպտեմբեր 11,2019 17:21

Քանի որ շոգը նահանջել է, և դրա հետ կապված հրդեհային իրավիճակը անհամեմատ հանգիստ է,  ճիշտ ժամանակն է անդրադառնալ  անտառածածկ տարածքներում արձանագրվող հրդեհների ռիսկի նվազեցման խնդիրներին:

Գլոբալ տաքացմանը զուգահեռ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի անտառածածկ տարածքներում գրանցված հրդեհների թիվը ենթադրաբար աճելու է, քանի որ տևական շոգ եղանակը տարեցտարի ավելի ու ավելի է չորացնելու և ջրազրկելու կանաչ տարածքները:

Որպես հետևանք, յուրաքանչյուր տարի հսկայական տարածքներ հրդեհից ոչնչացման իրական վտանգի տակ են հայտնվելու:

Միամտություն կլինի ակնկալել, որ հաջորդ տարի անտառային հրդեհներ չեն գրանցվի, ուստի պետք չէ ժամանակ կորցնել:

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա անտառային հրդեհների դեմ պայքարի ռազմավարություն:

Ռազմավարությունը պետք է ընդգրկի և կանխարգելման, և արձագանքման կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ:

Կանխարգելման ուղղությամբ կարևոր քայլերից է բուսածածկ, անտառածածկ տարածքներում ոռոգման ցանցի աստիճանական ընդլայնումը:

Սա համալիր միջոցառում է, որը պետք է իրականացվի փուլ առ փուլ, ինչպես պետության կողմից ֆինանսավորմամբ,  այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ուժերով:

Պետք է նաև խիստ հսկողություն սահմանել, որպեսզի այն տարածքներում, որտեղ առկա է ոռոգման ցանց, ոռոգումը իրականացվի պատշաճ ձևով, հատկապես տարվա շոգ ամիսներին:

Ինչպես հայտնի է, անտառածածկ տարածքները շատ հաճախ հեռու են ջրային պաշարներից, գետերից, որն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

Այս խնդիրը մեղմելու համար,  դեպի անտառային տարածքներ տանող հատվածներում, դեպի անտառ մոտեցող ճանապարհների մոտակայքում անհրաժեշտ է փորել խորքային արտեզյան հորեր, որը հնարավորություն կտա հրդեհի դեպքում, առանց ժամանակ կորցնելու և ավելորդ ջանք գործադրելու օգտվել ջրային պաշարներից:

Սա հնարավորություն կտա նաև խողովակների միջոցով անընդհատ ջրի մուտք ապահովել անտառի այն հատվածներ, որտեղ հրդեհաշիջում իրականացնող տեխնիկան չի կարող աշխատել:

Բացի դրանից, պետք է մեծ ջրափոսեր պատրաստել անտառի բացատային հատվածներում, որտեղ կլցվեն նաև գարնանային հալոցքների ջրերը:

Վերոգրյալը մի մասն է միայն այն բոլոր միջոցառումների, որոնք անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրին, անտառներին սպառնացող հրդեհի և անապատացման ռիսկերը մեղմելու համար:

Այս և մյուս միջոցառումների մի մասը , ողջամիտ ծավալներով, ցանկալի է, որ իրականացված լինեն մինչև հաջորդ ամառ, քանի որ շոգ եղանակը իր հետ կբերի անտառային հրդեհների նոր ալիք:

 

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30