ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համարեց ուտոպիստական:
Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ նա հայտարարեց. «Չեմ հավատում, որ վեց ամսվա ընթացքում դուք այդ բոլոր կարգավորումներն ապահովելու եք: Առանձին սենյակ և այլն. այդ խնդիրը չի լուծվելու: Քրեակատարողական հիմնարկներում այսօր հասարակ բժշկի խնդիր ունենք: Տեսել եմ, թե ինչպես է կալանավորը վիրակապում կալանավորին, ունենք սոցաշխատողի, հոգեբանի խնդիր: Մարդիկ չեն գնում աշխատելու ձեզ հայտնի պատճառներով. աշխատավարձը ցածր է: Եթե քննարկենք քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների բարձրացման հարցը, այստեղ կառաջանա սոցիալական անարդարության խնդիր. կասեն՝ բա մյուսնե՞րը ինչով են պակաս: Ես տեսել եմ, թե ինչպես քրեակատարողական հիմնարկում դեղաբույսերով փորձում են ցավազրկող սարքել: Դեղերի ցանկը, որ հաստատվում է կառավարությունում, չգիտեմ, ոնց գոռամ, որ վերանայվի: Սանտավիկ, անալգին, պենտալիգին ցանկը պետք է փոխվի: Սա շատ լուրջ, համալիր խնդիր է: Կողմ ենք քվեարկելու նախագծին, վատ բան չի ասում, բայց եկեք ավելի ռեալ քայլերով առաջ գնանք»:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հավաստիացրեց՝ նախագիծն ուտոպիստական չէ. «Այն գալիս է պաշտպանվածությունը բարձրացնելու կալանավորին տեսակցելու անձի, այլ ոչ թե կալանավորի իրավունքների պաշտպանությանն է ուղղված: Ուղղակի առաջարկում եմ վեց ամիս հետո գնանք քրեակատարողական հիմնարկ, որ տեսնեք՝ այս պահին հայտնած Ձեր կարծիքն այնքան էլ ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը տեղեկացրեց՝ դեղերի ցանկը վերանայվել է և առաջիկայում նախատեսում են դեղերի գնման գործընթաց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ