Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական անցման հեռանկարներն Արցախում

Սեպտեմբեր 11,2019 15:26

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր մասերում ժողովրդավարական անցումների վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել: Գիտական հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում նաև էթնոքաղաքական հակամարտությունների և դրանց արդյունքում ձևավորված չճանաչված (դե ֆակտո) պետությունների ներքաղաքական գործընթացների ուսումնասիրությունը: Այս հոդվածը կենտրոնանալու է Արցախի Հանրապետությունում ժողովրդավարական անցման խնդրի վրա՝ օգտագործելով ժողովրդավարացման կառուցվածքահեն (structure-based) ու անձնակենտրոն (agency-based) տեսությունները: Ուսումնասիրվելու է նաև սուվերենության և ժողովրդավարացման միջև կապն Արցախի Հանրապետության ներքաղաքական գործընթացների վրա Հայաստանի Հանրապետության իշխող էլիտայի ազդեցության օրինակով:

Վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարական անցումները բացատրող տարատեսակ մոտեցումներ են ձևավորվել: Այդ տեսությունները մեծ տարածում են ստացել հատկապես 1974թ․-ից սկսած, երբ մեկնարկեց ժողովրդավարացման երրորդ ալիքը: «Ժողովրդավարացման ալիք» հասկացությունը հեղինակել է Սամուել Հանթինգթոնը (1991): Ըստ նրա՝ ժողովրդավարացման ալիքը ոչ ժողովրդավարական ռեժիմներից դեպի ժողովրդավարական ռեժիմներ անցումների շարք է, որը տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածում և զգալիորեն գերազանցում է անցումների քանակը հակառակ ուղղությամբ նույն ժամանակահատվածում (1991: 15):

Հանթինգթոնն առանձնացնում է ժողովրդավարացման երեք ալիք և երկու հակառակ ալիք (reverse wave): Հակառակ ալիքների ընթացքում նախկինում ժողովրդավարացած երկիրները հետքայլ են կատարում դեպի ոչ ժողովրդավարական ռեժիմներ: Ըստ Հանթինգթոնի (1991: 16)՝ ժողովրդավարացման առաջին ալիքը տեղի է ունեցել 1828թ․-ից 1926թ․ ընկած ժամանակահատվածում: Առաջին հակառակ ալիքը սկսվել է 1922թ․ և ավարտվել 1942թ․: Երկրորդ ալիքը տևել է 1943-ից 1962թթ․ և իր տեղն է զիջել երկրորդ հակառակ ալիքին, որն իր հերթին տևել է 1958թ․-ից մինչև 1975թ․: Եվ, վերջապես, ժողովրդավարացման երրորդ ու ամենամեծ ալիքը սկսվել է 1974թ․ Պորտուգալիայում:

Ինչպես արդեն նշվել է, ժողովրդավարացման երրորդ ալիքի մեկնարկը նպաստեց ժողովրդավարության ու ժողովրդավարական անցումների նկատմամբ հետաքրքրության հսկայական աճին: Ժողովրդավարական անցումների ուսումնասիրության ոլորտում տարիների ընթացքում երկու մոտեցումներ են ստացել գերակշիռ դիրք՝ ժողովրդավարացման կառուցվածքահեն (ստրուկտուրալիստական) տեսությունը և անձնակենտրոն տեսությունը: Ստրուկտուրալիստները գտնում են, որ ժողովրդավարական անցումների գլխավոր պատճառը հասարակության մեջ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն են: Կառուցվածքակենտրոն մոտեցման ամենաառաջին ջատագովներից մեկը Սեյմուր Մարթին Լիփսեթն էր: Նա պնդում է (1959), որ երկրի տնտեսական զարգացման, ինդուստրալիզացիայի, կրթության մակարդակի ու ժողովրդավարական անցման և ժողովրդավարության կայացման միջև ուղղակի կապ գոյություն ունի: Այս մոտեցումը հայտնի է որպես Մոդեռնիզացիայի տեսություն: Տեսության գլխավոր գաղափարն այն է, որ ժողովրդավարացման պատճառը տնտեսական զարգացումն է կամ տնտեսական զարգացումն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարացման համար: Լիփսեթը պնդում է, որ տնտեսական զարգացումը պայմաններ է ստեղծում միջին խավի ձևավորման համար, ինչպես նաև լուրջ մշակութային փոփոխությունների պատճառ է դառնում, որոնք նպաստում են ժողովրդավարությանը:

Նմանատիպ պնդումներ են կատարվել նաև Հանթինգթոնի կողմից (1991: 68): Նա մասնավորապես նշում է, որ տնտեսական աճը սոցիալական և մշակութային փոփոխությունների պատճառ է դառնում, որոնք բարձրացնում են ժողովրդավարական անցման հավանականությունը: Նա ավելացնում է. «Տնտեսական աճը մեծացնում է սպասելիքները, սրում է անհավասարությունները և սոցիալական կառուցվածքում ճեղքեր է ստեղծում, որոնք էլ խթանում են քաղաքական մոբիլիզացիան ու քաղաքական մասնակցությունը» (1991: 69):

Այնուամենայնիվ, մոդեռնիզացիայի տեսությունը սուր քննադատության է ենթարկվել ակադեմիական շրջանակների կողմից զարգացման ու ժողովրդավարության միջև ուղիղ կապի մասին պնդման համար: Պրժեվորսկին ու Լիմոնգին (1997: 169) հերքում են Հանթինգթոնի թեզն այն մասին, որ տնտեսական զարգացումն ապակայունացնում է բռնապետական ռեժիմները: Փոխարենը նրանք պնդում են, որ տնտեսական ճգնաժամն ու տնտեսական վատ ցուցանիշներն են բռնապետական ռեժիմների ապակայունացման պատճառը:

Մոդեռնիզացիայի տեսությունը քննադատվում է նաև տարբեր հասարակությունների համար նույն պատասխաններն առաջարկելու պատճառով՝ առանց հաշվի առնելու յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Գրուգելը (2002: 49) մասնավորապես նշում է. «Մոդեռնիզացիայի տեսությունը չի գիտակցում մի հասարակության կողմից մեկ այլ հասարակության մեջ այլ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները կրկնօրինակելու դժվարությունը»: Նա ավելացնում է, որ մոդեռնիզացիայի տեսաբանները հաշվի չեն առնում նաև այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին տասնամյակների ընթացքում:

Մոդեռնիզացիայի տեսաբանները փորձել են արձագանքել այս քննադատություններին՝ փոփոխություններ մտցնելով իրենց տեսության մեջ և համապատասխանեցնելով այն գոյություն ունեցող իրականությանը: Օրինակ, Լեֆտվիչը (1996: 329) օգտագործում է մոդեռնիզացիայի տեսությունը միայն աշխարհի զարգացող երկրներում տեղի ունեցող գործընթացները բացատրելու համար: Նա պնդում է, որ տնտեսական աճը երկարաժամկետ կտրվածքով ժողովրդավարացման պատճառ է դառնալու և կոչ է անում արևմտյան կառավարություններին աջակցել միայն երրորդ աշխարհի այն ռեժիմներին, որոնք լրջորեն փորձում են խթանել տնտեսական աճը: Ինգլհարթն ու Ուելզելը (2010: 552) իրենց հերթին նկատում են, որ մոդեռնիզացիան անխուսափելիորեն չի դառնում ժողովրդավարացման պատճառ: Այն պարզապես սոցիալական պայմաններ է ստեղծում, որոնք նպաստավոր են ժողովրդավարության համար:

Եթե կառուցվածքահեն մոտեցումը ժողովրդավարացմանը նպաստող կարևորագույն գործոններ է համարում ինստիտուտները, մշակույթը և այլ սոցիալական փոփոխականները, ապա անձնակենտրոն տեսությունն ընդգծում է էլիտաների պահվածքի կարևորությունը: Այս մոտեցման տեսանկյունից ժողովրդավարությունը հաստատվում է իշխանության ու ընդդիմության մեջ գտնվող գիտակից ու նվիրյալ անհատների կողմից, որոնք պատրաստ են փոխզիջումների գնալ (Grugel, 2002: 57): Կառուցվածքահեն մոտեցման առաջին քննադատներից մեկը՝ Դանկվորթ Ռասթոուն, իր «Ժողովրդավարական անցումներ. դեպի դինամիկ մոդել» (”Transitions to democracy: towards a dynamic model”) անկյունաքարային աշխատության մեջ ժխտում է մոդեռնիզացիայի տեսաբանների պնդումը ժողովրդավարացման համար կառուցվածքային նախապայմանների անհրաժեշտության մասին: Նա համարում է, որ ժողովրդավարության առաջացման համար միակ նախապայմանն ազգային միասնությունն է: Ռասթոուն (1970: 350) նշում է, որ ազգային միասնությունը ենթադրում է մի իրավիճակ, երբ հասարակության անդամների մեծամասնությունը կասկածի տակ չի դնում իր պատկանելությունը համընդհանուր քաղաքական համայնքին: Նա բացատրում է, որ ազգային միասնությունը պետք է գոյություն ունենա ժողովրդավարացման մյուս բոլոր փուլերից առաջ: Ըստ նրա՝ տնտեսական զարգացման ոչ մի նվազագույն մակարդակ չի կարող նախապայման լինել ժողովրդավարացման համար: Այդ տնտեսական և սոցիալական գործոնները նպաստում են ժողովրդավարության ձևավորմանը միայն անուղղակիորեն՝ որպես ազգային միասնության բազմաթիվ հիմնասյուներից մեկը: Ռասթոուն գտնում է, որ ժողովրդավարացումը քաղաքական պայքարի երկարաձիգ ու դինամիկ գործընթաց է: Ըստ նրա՝ ժողովրդավարացումը տեղի է ունենում երեք փուլերով՝ նախապատրաստման փուլ, որոշումներ կայացնելու փուլ և հարմարվելու փուլ: Քաղաքական առաջնորդների դերը կարևոր է դառնում որոշում կայացնելու և հարմարվելու փուլերում, երբ նրանց գործողությունները կանխորոշում են ժողովրդավարացման գործընթացի ապագան:

Անձնակենտրոն մոտեցման մյուս հայտնի տեսաբաններ Օ՛դոնելն ու Շմիթերը (1986) նկարագրում են ժողովրդավարացման գործընթացը որպես շարժում ավտորիտար կառավարումից դեպի ժողովրդավարական կառավարում, որի ընթացքում քաղաքական ակտորներն ինչպես իշխող էլիտայում, այնպես էլ ընդդիմության մեջ որոշիչ դեր են խաղում: Դի Պալման ևս նմանատիպ պատկերացումներ ունի այդ գործընթացի մասին: Նա հատկապես կարևորում է տարբեր էլիտաների միջև պակտերի կարևորությունը: Այս ֆորմալ պայմանավորվածությունները կարող են ցույց տալ դերակատարների հավատարմությունը ժողովրդավարական կառավարմանը: Դի Պալման (1990: 96) խոսում է նաև ժողովրդավարություն «կերտողների» կողմից բիզնես էլիտաների, հին ռեժիմի բյուրոկրատիայի և աշխատավոր զանգվածի հետ համակեցության եզրեր գտնելու անհրաժեշտության մասին:

Այսպիսով, ժողովրդավարացման անձնակենտրոն տեսության կողմնակիցները պնդում են, որ էլիտաների պահվածքն ու ռազմավարությունն են ժողովրդավարական անցման վրա ազդող գլխավոր գործոնները: Սակայն այս մոտեցման քննադատները համոզված են, որ այն չափից շատ էլիտիստական է և փորձում է Լատինական Ամերիկայի և Հարավային Եվրոպայի փորձն օգտագործել մշակութային, քաղաքական և տնտեսական այլ անցյալ ու ներկա ունեցող հասարակություններում (Grugel, 2002: 60): Իհարկե, գոյություն ունեն անձնակենտրոն տեսության և անցման պարադիգմայի այլ կարևոր քննադատություններ, սակայն առավել ակնառու են Քարոթերսի (2002) մոտեցումներն այս հարցի շուրջ: Նա ժխտում է այն պնդումը, որ ժողովրդավարացումն անխուսափելի, ուղղաձիգ շարժում է «A» կետից (ավտորիտար կառավարում) դեպի «B» կետ (ժողովրդավարական) կառավարում, որը տեղի է ունենում մի շարք կանխորոշված փուլերում: Նա պնդում է, որ երկրներից շատերը, որոնք ենթադրաբար սկսել են անցումը դեպի ժողովրդավարություն ժողովրդավարացման երրորդ ալիքի մեկնարկից հետո հայտնվել են ավտորիտարիզմի ու ժողովրդավարության միջև գտնվող «գորշ գոտում»: «Գորշ գոտիներին» ու հիբրիդային ռեժիմներին դեռևս ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի:

 

ԴԵ ՖԱԿՏՈ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նման դե ֆակտո պետությունում ժողովրդավարական անցման հնարավորությունն ուսումնասիրելու համար կարևոր է ներկայացնել հարցի վերաբերյալ գոյություն ունեցող ակադեմիական բանավեճը: Այս գլխում ներկայացվելու են դե ֆակտո պետությունների հստակ սահմանումները և ժողովրդավարացման ու սուվերենության միջև կապի վերաբերյալ տարբեր մոտեցումները:

Դե ֆակտո պետությունների նկատմամբ հետաքրքրությունը վերջին տասնամյակների ընթացքում շարունակաբար աճում էր: Սկզբնական շրջանի թերահավատությունն այդ միավորումների նկատմամբ ժամանակի ընթացքում վերացավ: Փեգը նկատում է, որ չնայած դե ֆակտո պետությունների մեծ մասը փոքր և թույլ դերակատարներ են, տարիների ընթացքում  դրանց ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտությունների թիվը զգալի աճ ապրեց: Փեգը (2017: 1) տալիս է դե ֆակտո պետությունների հետևյալ սահմանումը. «Դե ֆակտո պետություններն անջատողական միավորներ են, որոնք վերահսկում են որոշակի տարածք, ապահովում են կառավարում տվյալ տարածքում, վայելում են հանրային աջակցություն, գոյատևում են ժամանակի ընթացքում, ձգտում են իրենց կողմից հռչակված ինքնիշխանության միջազգային ճանաչմանը, բայց չեն ստանում այն»: Ըստ Կասպերսենի (2016: 1)՝ դե ֆակտո պետությունները միավորներ են, որոնք ստացել են դե ֆակտո անկախություն հիմնականում պատերազմներից հետո, բայց չեն կարողանում ճանաչվել միջազգայնորեն: Դրանք առնվազն երկու տարի վերահսկում են որոշակի տարածք և որևէ արտաքին ուժից ամբողջական կախվածության մեջ չեն գտնվում:

Այնուամենայնիվ, դե ֆակտո պետություններից շատերը կարողացել են որոշ ոլորտներում ավելի լուրջ հաջողությունների հասնել, քան այն պետությունները, որոնցից դրանք անջատվել են:

Շատ չճանաչված պետություններ հաջողությունների են հասել պետականաշինության գործում՝ կարողանալով կառուցել դպրոցներ ու հիվանդանոցներ, արդյունավետ վերահսկել իրենց տարածքը, զարգացնել տնտեսությունը և այլն: Այդպիսի երկրների թվին, անշուշտ, կարելի է դասել նաև Արցախի Հանրապետությունը: Սակայն դե ֆակտո երկրների պարագայում գլխավոր հարցը հետևյալն է՝ հնարավո՞ր է ունենալ ժողովրդավարություն առանց սուվերենության:

Ժողովրդավարության ու սուվերենության միջև կապն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է սուվերենության կոնցեպցիայի մասին հստակ պատկերացում ունենալ: Ժամանակակից ակադեմիական գրականության մեջ սուվերենության բազմաթիվ մեկնաբանություններ կան: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող մոտեցումներից համոզիչ է Սթիվեն Կրազներինը: Ըստ Թանսիի (2011: 6)՝ Կրազներն առանձնացնում է սուվերենության հետևյալ տեսակները.

  1. Միջազգային իրավական սուվերենություն, որն անկախ պետականության ճանաչվածությունն է միջազգային հանրության այլ անդամների կողմից:
  2. Ներքին սուվերենություն, որը պետական ինստիտուտների կառուցվածքն ու արդյունավետությունն է:
  3. Վեստֆալյան սուվերենություն, որն արտաքին ազդեցության բացակայությունն է ներքին գործերի վրա, ազատությունն արտաքին միջամտությունից:
  4. Փոխկախվածության սուվերենություն, որը պետական իշխանությունների ունակությունն է կարգավորել սահմանային հոսքերը:

Օգտագործելով Կրազների այս դասակարգումը՝ Թանզին (2011: 2) պնդում է, որ սուվերենության ոչ բոլոր տեսակներն են անհրաժեշտ նախապայման ժողովրդավարության համար: Նա մասնավորապես նշում է, որ պետության միջազգային ճանաչումը կարևոր գործոն չէ ժողովրդավարացման համար, քանի որ այն լուրջ ազդեցություն չունի հաշվետվության ու ներկայացուցչական ներքին մեխանիզմների վրա:

Լինցն ու Ստեփանը (1996: 17) համոզված են, որ առանց պետության ոչ մի ժամանակակից ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ, քանի որ ժողովրդավարությունը պետության կառավարման ձև է: Նրանք բացատրում են, որ անհնար է ունենալ ժողովրդավարական համակարգ՝ լինելով ոչ ժողովրդավարական պետության մաս: Հեղինակները քննարկում են Հնդկաստանի օրինակը բրիտանական գերիշխանության օրոք և Հոնգ Քոնգի ժողովրդավարացման հեռանկարները չինական կառավարման պարագայում: Լինցն ու Ստեփանը գալիս են այն եզրահանգմանը, որ վերոնշյալ հանգամանքների դեպքում հնարավոր է ունենալ ժողովրդավարական համակարգի որոշ տարրեր, բայց ժողովրդավարությունն առանց սուվերենության անհնար է և՛ տեսականորեն, և՛ գործնականորեն:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Լինցի ու Ստեփանի փաստարկները չեն վերաբերում դե ֆակտո պետություններին: Ինչպես արդեն նշվել է, միջազգային ճանաչման բացակայությունը չի ենթադրում պետականության բացակայություն: Միջազգային ճանաչումը, իհարկե, կարող է ժողովրդավարացման գործընթացը հեշտացնել ու արագացնել, բայց այն ժողովրդավարական անցման համար նախապայման չէ: Բացի այդ աշխարհի մի շարք դե ֆակտո պետություններ գործնականորեն ապացուցել են, որ հնարավոր է առաջընթաց ունենալ ժողովրդավարացման գործընթացում առանց արտաքին սուվերենության: Այնպիսի դե ֆակտո կազմավորումներում, ինչպիսիք են Հյուսիսային Կիպրոսը, Աբխազիան, Սոմալիլենդը և Մերձդնեստրը, արդեն մի քանի անգամ տեղի են ունեցել իշխանության խաղաղ տրանզիտներ իշխանություններից ընդդիմությանը: Լեռնային Ղարաբաղի պարագայում խնդիրը ոչ միայն արտաքին սուվերենությունն է:

Վերջինիս դեպքում վերջին տասնամյակների ընթացքում ժողովրդավարական անցմանը խոչընդոտող գլխավոր գործոններից  մեկը վեստֆալյան սուվերենության բացակայությունն էր: Քինգն (2001: 542) այդ կապակցությամբ գրում է. «Ղարաբաղը ներկայումս Հայաստանի կազմում փաստացիորեն ինքնավար մարզ է, քան Ադրբեջանի մաս: Հայկականը դրամը, այլ ոչ թե ադրբեջանական մանաթն է շրջանառության մեջ: Ղարաբաղի բնակիչների զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են և ճանապարհորդում են հայաստանյան անձնագրերով: Որոշները նույնիսկ բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում: Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի նախագահ»:

Քինգն իր դիտարկումներն արել է 2001թ․: Վերջին 17 տարիների ընթացքում հայկական երկու հանրապետությունների ինտեգրացիան ավելի է խորացել: Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու էր եկել Սերժ Սարգսյանը, ով ևս իր քաղաքական կարիերան սկսել էր Արցախում և շատ լավ գիտեր արցախյան ներքին խոհանոցը: Վերջնականապես միաձուլվել են նաև ռազմական, ֆինանսատնտեսական և այլ բոլոր կարևոր ոլորտները: Արցախի Հանրապետության պետական բյուջեի զգալի մասը շարունակում է ձևավորվել ՀՀ-ից եկող անտոկոս միջպետական վարկից: Վելթոնն ու Բարոումանը (2016: 3) նշում են, որ ապրանքներից ու ներքին սպառումից բացի Լեռնային Ղարաբաղը կախված է Հայաստանից նաև բյուջետային ֆինանսավորման առումով: Տնտեսական լուրջ ներդրումների և զարգացման բացակայության պայմաններում սեփական եկամուտները բավարար չեն բոլոր ծախսերը փակելու համար: 2014թ․ Լեռնային Ղարաբաղի սեփական եկամուտները 78 միլիոն դոլար էին, իսկ ծախսերը՝ 190 միլիոն դոլար: Հեղինակները նշում են, որ այդ խնդիրը լուծվում է Հայաստանից տրամադրվող սուբսիդիաների միջոցով, որոնք պաշտոնապես «միջպետական վարկ» են կոչվում:

Երկու երկրների իշխող էլիտաները ևս սերտորեն ինտեգրվել էին: Հայաստանի նախագահի դերն Արցախի ներքաղաքական կյանքում որոշիչ էր: Հայաստանյան իշխանությունները հովանավորում էին Արցախի իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին հավատարմություն էին ցուցաբերում ու աջակցություն հայտնում Հայաստանում իշխող ռեժիմներին: Մինասյանը (2011: 147) մասնավորապես նշում է. «Լեռնային Ղարաբաղի էլիտաները սովորաբար աջակցում են Հայաստանի իշխանություններին լարվածության պահերին՝ հատկապես ընտրությունների ժամանակ: Դա տեղի է ունեցել 1996թ․, 2003թ․ և 2008թ․: Ստեփանակերտի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին 1998թ․ պաշտոնից հեռացնելուն նույնպես այդ միտումի մաս էր, քանի որ Տեր-Պետրոսյանի հեռացման պատճառը Ղարաբաղյան հարցում զիջումների գնալու նրա առաջարկությունն էր: Լեռնային Ղարաբաղի հասարակությունն ու էլիտաները, բնականաբար, այլ կարծիք ունեին»:

Հայաստանում իշխանություններն իրենց հերթին մշտապես խոչընդոտել են ժողովրդավարական փոփոխություններն Արցախում: Մանվել Սարգսյանը (2010) նշում է, որ Երևանը 1992-1993թթ․ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախում ժողովրդավարական ճանապարհով ընտրված դաշնակցական խորհրդարանական մեծամասնությանը երկրորդ պլան մղելու և նրանց լոյալ գործիչներով փոխարինելու  գործընթացին:

Երևանի կողմից նմանատիպ վարքագիծ է դրսևորվել նաև Արցախում տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ: Երևանի միջամտությունը հատկապես մեծ էր այն դեպքերում, երբ իրենց կողմից հովանավորվող գործիչների և ուժերի իշխանությանն իրական վտանգ էր սպառնում:

Այդպիսի վարքագծի գլխավոր պատճառներից մեկն Արցախում Երևանին ոչ լոյալ իշխող էլիտա ունենալու վախն էր: Արցախը եղել ու լինելու է հայաստանյան քաղաքականության ամենակարևոր գործոններից մեկը, որը կարող է մոբիլիզացնել տարբեր խավերի ու տարբեր հայացքներ ունեցող մարդկանց և քաղաքական լուրջ գործընթացների սկիզբ դնել: Մինասյանը (2011: 142-143) նշում է, որ Հայաստանի ներքին քաղաքականության համար Ղարաբաղյան հակամարտությունն ավելի քիչ կարևոր չէ, քան Ադրբեջանի համար, իսկ քաղաքական էլիտաների ձևավորման առումով այն առավել կարևոր է Երևանի ու Ստեփանակերտի, քան Բաքվի համար: Հայաստանյան քաղաքական էլիտայի զգալի մասը կազմված է Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից, Արցախյան պատերազմի վետերաններից կամ մարդկանցից, որոնք ծագումով Լեռնային Ղարաբաղից ու Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններից են: Մինասյանն ավելացնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ․ Ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարական տվեց:

Սա է պատճառը, որ Արցախում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունն իրական վտանգ է համարվել Երևանի համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է վստահությամբ պնդել, որ Լեռնային Ղարաբաղը չունի ո՛չ արտաքին, ո՛չ էլ վեստֆալյան սուվերենություն: Անկախության հռչակման պահից սկսած Արցախն աստիճանաբար ինտեգրվել է Հայաստանի Հանրապետությանը և ժամանակի ընթացքում կորցրել իր սուվերենության բոլոր մնացորդները: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Արցախում տեղի ունեցող բոլոր գործընթացները մինչ վերջերս վերահսկվում էին Երևանի կողմից: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին արցախյան ընդդիմությունը չափազանց թույլ և կազմալուծված էր, որպեսզի լուրջ վտանգ ներկայացներ Արցախում իշխող վերնախավին: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ռեժիմի բացակայության պարագայում Արցախում ժողովրդավարական անցումը գործնականորեն անհնար էր: Սակայն Հայաստանում «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Արցախի ժողովրդավարացման համար նոր հեռանկարներ են բացվել, որոնք էլ կքննարկվեն հաջորդիվ:

 ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ

 Եթե Հայաստանում ոչ ժողովրդավարական ռեժիմի գոյությունն անհնար էր դարձնում ժողովրդավարական անցումն Արցախում, ապա կարելի է ենթադրել, որ «Թավշյա հեղափոխության» հաղթանակը նոր հեռանկարներ է բացում այս հարցում: Իհարկե, դեռևս կա տեսական հավանականություն, որ Երևանի համար կարող է ձեռնտու լինել Արցախում ունենալ ոչ ժողովրդավարական, լեգիտիմության պակաս ունեցող և լոյալ իշխանություն, սակայն այն մեթոդները, որոնք կիրառվում էին մինչև 2018թ․ ապրիլը, անհնար է լինելու կիրառել նոր պայմաններում: Արցախի իշխանությունները, որոնք Սերժ Սարգսյանի օրոք որևէ կերպ սահմանափակված չէին իրենց գործողություններում, այժմ ստիպված են հանդուրժել իրենց համար բազմաթիվ տհաճ և վտանգավոր գործընթացներ:

Սակայն նոր պայմաններում ժողովրդավարական անցման հավանականությունն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է բնութագրել Արցախի քաղաքական ռեժիմն այս պահին․ ո՞րն է այն կետը, որից պետք է մեկնարկ տրվի ժողովրդավարացման գործընթացին: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է կրկին ուշադրություն դարձնել հիբրիդային ռեժիմների խնդրին:

Ինչպես արդեն նշվել է, ժողովրդավարացման ուսումնասիրությամբ զբաղվող տեսաբանները ժողովրդավարական անցումները նկարագրում են որպես ուղղաձիգ ու անխուսափելի շարժում ավտորիտար կառավարումից դեպի ժողովրդավարություն: Սակայն իրականությունը տարբերվում է տեսությունից: Բազմաթիվ երկրներ, որոնք ժողովրդավարացման երրորդ ալիքի մեկնարկից հետո սկսել են իրենց անցումը, հայտնվել են մի իրավիճակում, երբ նրանց քաղաքական համակարգերն ունեն թե՛ ավտորիտարիզմի, թե՛ ժողովրդավարության հատկանիշներ: Դայմոնդը (2002: 25), մասնավորապես,  նշում է, որ երրորդ ալիքի ուշ շրջանի ամենահետաքրքիր հատկանիշն այն է, որ աճել է ռեժիմների թիվը, որոնք ոչ ժողովրդավարական են, ոչ էլ դասական իմաստով՝ ավտորիտար: Եթե մենք օգտագործում ենք ժողովրդավարության որակական սահմանում, ըստ որի՝ անհրաժեշտ են ոչ միայն ազատ և արդար ընտրություններ, այլև՝ քաղաքացիական ազատությունների պաշտպանվածություն ու օրենքի գերիշխանություն, ապա միջանկյալ փուլում գտնվող ռեժիմների քանակն ավելի է աճում, քանի որ երրորդ ալիքի ժողովրդավարությունների մի զգալի մասը ոչ լիբերալ ժողովրդավարություններ են:

Քարոթերսը (2002: 9-10) հաստատում է Դայմոնդի խոսքերը և նշում, որ 100 երկրներից, որոնք ենթադրաբար անցում էին կատարում, միայն 20-ն են հաջողության հասել: Նա պնդում է, որ երրորդ ալիքի երկրների մեծ մասում լիարժեք ժողովրդավարություն չի հաստատվել, և արձանագրված առաջընթացը կանգ է առել: Երկրների փոքր խմբում սկզբնական շրջանի քաղաքական լիբերալիզացիան ձախողվել է, և ավտորիտար ռեժիմները կրկին ամրապնդել են իրենց դիրքերը (Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս, Տոգո): «Գորշ գոտում» գտնվող, հիբրիդային ռեժիմներ ունեցող այդ երկրներն ունեն ժողովրդավարական քաղաքական կյանքի որոշ ատրիբուտներ, ինչպիսիք են սահմանափակ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև պարբերաբար անցկացվող ընտրություններն ու ժողովրդավարական սահմանադրությունները: Այնուամենայնիվ, այդ ռեժիմներն աչքի են ընկնում նաև մի շարք հատկանիշներով, որոնք բնորոշ են ավտորիտար երկրներին: Խոսքը քաղաքական մասնակցության ցածր մակարդակի, կառավարության կողմից օրենքի չարաշահման, ոչ լեգիտիմ ընտրությունների, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային ցածր վստահության և պետական ինստիտուտների անարդյունավետության մասին է:

Լեռնային Ղարաբաղը քաղաքական «գորշ գոտում» գտնվող այդպիսի երկրներից է: Աշխարհում հիբրիդային ռեժիմների բազմաթիվ տեսակներ կան, և բավականին դժվար է պարզել, թե Արցախի Հանրապետությունում հաստատված քաղաքական ռեժիմն իր որակներով որին է ավելի մոտ: Դայմոնդը (2002:32) հիբրիդային ռեժիմների տիպաբանության համար օգտագործում է «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցն ու երկրներին տրվող վարկանիշները: Ըստ նրա՝  6.0 վարկանիշին մոտ երկրներում էլեկտորալ ավտորիտարիզմ է, իսկ այն երկրները, որոնց վարկանիշը մոտ է 4.0-ին, կարելի է բնութագրել որպես մրցակցային-ավտորիտար:

Էլեկտորալ ավտորիտարիզմը հատուկ է այն ռեժիմներին, որոնք ստեղծում են բազմակուսակցական ընտրությունների խաբկանք տեղական և պետական մակարդակներում՝ զրկելով դրանք արդյունավետությունից: Ընտրություններ կարող են հաճախ տեղի ունենալ, բայց արդյունքները միշտ պարզ են լինում նախօրոք: Էլեկտորալ ավտորիտարիզմի դեպքում ընտրություններն այնպիսի մանիպուլյացիայի են ենթարկվում, որ ժամանակի ընթացքում արժեզրկվում են: Էլեկտորալ ավտորիտարիզմի պայմաններում խտրական ընտրական օրենսգրքեր են ընդունվում, ընդդիմադիր ուժերը դուրս են մղվում ընտրապայքարից, խիստ վերահսկողության տակ են գտնվում ԶԼՄ-ները: Ընտրական մանիպուլյացիան դառնում է ավտորիտար կառավարումը պահպանող ամենակայուն ինստիտուտը (Տլեմկանի, 2007):

Մրցակցային ավտորիտարիզմը ևս այն ռեժիմներից է, որոնք չեն համապատասխանում ո՛չ ժողովրդավարական չափանիշներին, ո՛չ էլ դասական ավտորիտարիզմի չափանիշներին: Լեվիցկին և Ուեյը (2002: 53-54) նշում են, որ չնայած մրցակցային-ավտորիտար ռեժիմներում իշխող վերնախավերը կարող են ժամանակ առ ժամանակ շրջանցել ֆորմալ ժողովրդավարական կանոնները, սակայն նրանք հնարավորություն չունեն ոչնչացնել կամ ֆասադ դարձնել դրանք: Ժողովրդավարական կանոններն անտեսելու փոխարեն մրցակցային-ավտորիտար ռեժիմների առաջնորդներն օգտագործում են հետապնդման ավելի նուրբ միջոցներ, ինչպիսիք են հարկային գերատեսչությունների ճնշումներն ու պետական այլ կառույցները, որոնք կարող են «օրինական» միջոցներով հետապնդել իշխող ռեժիմի հակառակորդներին: Այսպիսի համակարգերում տարածված երևույթ է նաև կոոպտացիան, երբ իշխող էլիտան չեզոքացնում է իր քաղաքական հակառակորդներին՝  նրանց բարձր պաշտոններ տրամադրելով: Այնուամենայնիվ, ժողովրդավարական ինստիտուտների գոյատևումն ընդդիմադիր ուժերի համար դաշտ է ստեղծում, որտեղ նրանք կարող են մարտահրավերներ նետել իշխանություններին: Որպես արդյունք, չնայած ժողովրդավարական ինստիտուտներն այսպիսի համակարգերում թերզարգացած են, և՛ իշխանությունները, և՛ նրանց հակառակորդները ստիպված են հաշվի նստել դրանց հետ:

Լեռնային Ղարաբաղին «Ֆրիդոմ հաուս»-ի կողմից տրվող վարկանիշը և՛ քաղաքական իրավունքների, և՛ քաղաքացիական ազատությունների համար 5.0 է: Սրանից կարելի է ենթադրել, որ Արցախը գտնվում է հենց այդ երկու հիբրիդային ռեժիմների արանքում և ունի թե՛ առաջինի, թե՛ երկրորդի հատկանիշները: Արցախում ժողովրդավարական անցման հեռանկարների մասին խոսելիս պետք է սա համարել մեկնարկային կետ:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Արցախում ժողովրդավարական անցման լուրջ հեռանկարներ չկային: Երևանը վերահսկողության տակ էր պահում չճանաչված հանրապետությունում տեղի ունեցող բոլոր կարևոր գործընթացները: Արցախի իշխանություններն իրենց երևանյան հովանավորների աջակցությամբ երկրում քաղաքական մենաշնորհ էին հաստատել՝ օգտագործելով ավտորիտար ու հիբրիդային ռեժիմներին հատուկ կառավարման բոլոր միջոցները: Վերահսկողության տակ էին գտնվում գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող քաղաքացիների հանդեպ լուրջ ճնշումներ էին գործադրվում: Ակտիվորեն օգտագործվում էր թե՛ քաղաքական հետապնդումը, թե՛ կոոպտացիան: Բակո Սահակյանի քաղաքական հակառակորդների դեմ քրեական գործեր էին հարուցվում, նրանց ծեծի էին ենթարկում, օգտագործում ճնշման այլ մեթոդներ: Երբ հետապնդումներն արդյունք չէին տալիս, օգտագործվում էր կոոպտացիան: Այսպես, 2007 և 2012թթ․ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի գլխավոր ընդդիմադիր հակառակորդներին հաջողվել էր ինտեգրվել իշխող էլիտայի մեջ՝ գրեթե ամայացնելով ընդդիմադիր դաշտը:

Սակայն իրավիճակը լրջորեն փոխվեց Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության հաղթանակից հետո: Արցախի իշխանությունները, կորցնելով պաշտոնական Երևանի հովանավորությունը, հայտնվեցին բավականին բարդ իրավիճակում: Նրանք այլևս ի վիճակի չէին կիրառել այն գործիքակազմը, որին սովոր էին վերջին տասնամյակների ընթացքում: Օգտագործելով Ռոբերտ Դալի հայտնի բանաձևը՝ կարելի է նշել, որ այլախոհներին ու ընդդիմախոսներին ճնշելու գինը կտրուկ բարձրացավ նրանց գործունեությունը հանդուրժելու գնից: Սա գործնականորեն նշանակում էր, որ Արցախի իշխանություններն անպատրաստ էին նոր իրողություններին և ի վիճակի չէին որևէ կերպ արձագանքել ներքաղաքական ճգնաժամերին, որոնք անխուսափելի էին այս նոր իրավիճակում:

Արցախյան հասարակությունը, իր հերթին, ոգևորված հայաստանյան իրադարձություններով, ավելի ակտիվ, նախաձեռնողական ու իշխանությունների գործողությունների նկատմամբ ավելի անհանդուրժողական դարձավ: Այն երևույթներն ու միջադեպերը, որոնք կարող էին աննկատ մնալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, ներքաղաքական այս նոր հավասարակշռության պայմաններում արդեն հասարակական լուրջ հուզումների պատճառ էին դառնում:

Այս իրավիճակը խթան հանդիսացավ երկրում քաղաքական լիբերալիզացիայի կամ ժողովրդավարական բացման (Democratic opening) համար, որի նախանշանները միանգամից ակնհայտ դարձան: Հայաստանում ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխության հաղթանակից հետո Արցախում մինչ այսօր արդեն տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ տարատեսակ պահանջներով: Դրանց արդյունքում իրենց պաշտոններից ստիպված են եղել հրաժարական տալ Արցախի ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև երկրի պետական նախարարը: Հանրապետության նախագահը, արձագանքելով տարբեր ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքներին,  հայտարարել է, որ 2020թ․ կայանալիք նախագահական ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը: Հապճեպորեն ընդունվել է նաև Հավաքների ազատության մասին օրենք, որը մինչ այդ գոյություն չուներ: Ցուցարարների նկատմամբ լուրջ հետապնդումների դեպքեր չեն արձանագրվել: «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Արցախում ստեղծվել է նաև 7 նոր կուսակցություն:

Եթե առաջնորդվենք աշխարհում ժողովրդավարացման փորձով ու տրամաբանությամբ, կարելի է ենթադրել, որ քաղաքական լիբերալիզացիայից հետո Արցախում հաջորդ քայլը պետք է լինի ժողովրդավարական անցումը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, ժողովրդավարացումն անխուսափելի և ուղղաձիգ գործընթաց չէ, որը միշտ ավարտվում է ժողովրդավարության հաստատմամբ: Արցախում դեռևս գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ, որոնք չեն նպաստում ժողովրդավարական գործընթացների հաջողությանը:

Սակայն մինչև կոնկրետ խնդիրներին անդրադարձ կատարելն անհրաժեշտ է ժողովրդավարական անցումներն ուսումնասիրող երկու ուղղությունների տեսանկյունից գնահատել Արցախում ժողովրդավարացման հաջողության հեռանկարները: Ինչպես արդեն նշվել է, ժողովրդավարացման կառուցվածքահեն տեսության ջատագովները համարում են, որ ժողովրդավարական անցման համար անհրաժեշտ են մի շարք կառուցվածքային նախադրյալներ: Այդ նախադրյալներից ամենակարևորները տնտեսական զարգացման մակարդակն ու մշակույթն են: Արցախի ժողովրդավարացման գործընթացում այս երկու փոփոխականների դերի ուսումնասիրության վրա կարելի էր երկար ժամանակ ծախսել, եթե արդեն չլիներ Հայաստանի Հանրապետության փորձը: Վերջինիս մասին նախկինում հնչող բոլոր հոռետեսական գնահատականներն ու կանխատեսումները գործնականորեն ժխտվեցին «Թավշյա հեղափոխության»  հաղթանակից հետո: 2018թ․ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հեղափոխություն իրականացրած ուժի համոզիչ հաղթանակով Հայաստանում ժողովրդավարական անցումն ավարտվեց: Հայաստանի փորձը ցույց տվեց, որ ժողովրդավարացման համար տնտեսական ու մշակութային նախապայմանների մասին պնդումները հեռու էին իրականությունից: Ռասթոուի մոտեցումն ավելի իրատեսական էր: Քանի որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական ու մշակութային ասպարեզների միջև տարբերությունները չնչին են, վստահաբար կարելի է նշել, որ Արցախում ևս ժողովրդավարացման համար միակ նախապայմանն ազգային միասնությունն է, որը, անշուշտ, առկա է երկրում:

Ժողովրդավարացման անձնակենտրոն մոտեցման տեսանկյունից Արցախում ժողովրդավարական անցման հաջողության համար անհրաժեշտ են չափավոր տրամադրված էլիտաներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ, որոնք պատրաստակամություն կհայտնեն համատեղ ջանքերով նախաձեռնել և իրականացնել անցումը: Սա բավականին բարդ նախապայման է Արցախի պարագայում: Իշխող էլիտայի տարբեր խմբեր ակտիվ մասնակցություն են ունեցել վերջին տասնամյակի ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց միջադեպերին և պատասխանատու են բոլոր թույլ տրված ձախողումների համար: Նրանք տարատեսակ մեխանիզմներով օգտագործել են պետական համակարգը սեփական բիզնես շահերը սպասարկելու համար և անձնական շահագրգռվածություն ունեն գոյություն ունեցող քաղաքական ռեժիմն այս կամ այն տեսքով վերարտադրելու մեջ: Ընդդիմադիր դաշտում ևս ընդհանուր միտումն ուղղված է դեպի ծայրահեղականացում: Թե՛ նորաստեղծ, թե՛ ավելի կայացած ընդդիմադիր ուժերը հիմնականում բացառում են գործող վարչակարգի մաս կազմող խմբերի հետ համագործակցությունը: Այդ իսկ պատճառով իշխանության և ընդդիմության միջև համագործակցությամբ Արցախում ժողովրդավարական անցման իրականացումը գրեթե անհավանական տարբերակ է: Անցման այլ տարբերակների համար գոյություն ունեն մի շարք սպեցիֆիկ խոչընդոտներ:

Համակարգը դեռևս շարունակում է խիստ կենտրոնացած մնալ: Տեղական ինքնակառավարման մարմինների թուլության և կենտրոնական իշխանություններից տոտալ կախվածության պայմաններում վարչական ռեսուրսի օգտագործումը շարունակելու է լուրջ գործիք մնալ իշխանությունների համար: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ 2017թ․ ընդունված Սահմանադրությամբ նախատեսվում էր փոփոխության ենթարկել տեղական ինքնակառավարման համակարգը և իրականացնել համայնքների խոշորացում: Եթե նախկինում գյուղերն ու քաղաքներն ունեին համայնքների կարգավիճակ, ապա նոր Սահմանադրությամբ համայնքի կարգավիճակ են ստանում շրջանները: Սա էլ ավելի է ուժեղացնելու համայնքների կախվածությունը կենտրոնից և բացառելու է քիչ ռեսուրսներ ունեցող ուժերի հաղթանակը համայնքային ընտրություններում: Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխություններից 2 տարի անց տեղական ինքնակառավարման մասին նոր օրենք դեռևս չի ընդունվել Արցախում, և դեռ պարզ չէ, թե երբ է ընդունվելու, ինչը ևս անորոշություն է մտցնում տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության մեջ և ուժեղացնում դրանց կախվածությունը Ստեփանակերտից:

Իշխանությունների կողմից հասարակության վերահսկողության համար նպաստավոր պայման է նաև հանրապետությունում արմատավորված հսկայական բյուրոկրատիան և անվտանգության համակարգում աշխատող մարդկանց մեծ թիվը: Սա լուրջ լծակ է իշխանությունների համար քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին ճնշելու հարցում: Աշխատանքային շուկայի դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում այս ռեսուրսը մշտապես օգտագործվելու է իշխանությունների կողմից և լուրջ խոչընդոտ է լինելու ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

Արցախում ժողովրդավարացմանը խոչընդոտող կարևորագույն գործոններից է նաև ֆինանսական ռեսուրսների կենտրոնացվածությունը մեկ բևեռում: Որոշ իշխանական գործիչներ, որոնք լուրջ հավակնություններ ունեն 2020թ․ կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված, արդեն սկսել են իրենց քարոզարշավը՝ ներգրավելով լուրջ ֆինանսական միջոցներ: Ընդդիմադիր դաշտում գործող ուժերն ու անհատները, բնականաբար, այդպիսի հնարավորություններ չունեն և ստիպված են այլ եղանակներով մրցակցել նրանց հետ:

Լուրջ խնդիրներ կան նաև քաղաքական դաշտի և քաղաքական հասարակության հետ կապված: Տարիներ շարունակ Արցախում քաղաքականությունը տաբու էր: Քաղաքականությամբ հիմնականում զբաղվում էին միայն նրանք, ովքեր արտոնություն էին ստանում իշխող ռեժիմի կողմից: Այս իրավիճակն իշխանական կուսակցությունների ներսում լճացման պատճառ էր դարձել, իսկ հասարակությանը դրդել էր չհետաքրքրվել քաղաքականությամբ և չուսումնասիրել այն: «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո, ինչպես արդեն նշվել է, Արցախում ազատականացման գործընթաց է սկսվել: Տարբեր խմբեր և անհատներ հնարավորություն են ստացել բարձրաձայնել իրենց մտքերը, միավորվել տարբեր կազմակերպությունների և կուսակցությունների մեջ: Սակայն տասնամյա քաղաքական լճացումն անհետևանք չի մնացել: Քաղաքականության նկատմամբ հետաքրքրության աճն ասպարեզ է բերել քաղաքական գիտելիքների պակասով, քաղաքականության, տնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ մակերեսային ու շատ դեպքերում հնացած պատկերացումներով մարդկանց, որոնք շատ հաճախ քաղաքական միավորներ շահելու համար դիմում են ցածրորակ պոպուլիզմի: Սա, իհարկե, խաթարում է քաղաքական պրոցեսների կառուցողական ընթացքը:

Քանի որ Արցախը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ և տարատեսակ միջազգային հիմնադրամների ու կազմակերպությունների աշխատանքը չճանաչված հանրապետությունում խիստ սահմանափակ բնույթ է կրում, վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են այլ դերակատարներ: Այս առումով գալիք տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության դերակատարությունն Արցախի ներքաղաքական գործընթացներում որոշիչ նշանակություն է ունենալու երկրում ժողովրդավարացման հեռանկարների համար: Հայաստանը պետք է փորձի հավասար պայմաններ ապահովել Արցախում քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի համար: Պետք է փոխվի նաև Արցախին տրամադրվող միջպետական վարկի կառուցվածքը: Անհրաժեշտ է գումարներ տրամադրել ոչ միայն պետական հսկայական բյուրոկրատիայի պահպանման, այլև այդ գումարները վերահսկելու գործուն մեխանիզմների ստեղծման համար: Այլընտրանքային լրատվամիջոցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ֆինանսավորումը պետք է լինի առաջնահերթություն: Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը մեծապես կնպաստեն Արցախում տեղի ունեցող գործընթացների առողջացմանը, եթե աջակցեն տեղական գործիչների ու ակտիվիստների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը տարատեսակ սեմինարների, դասախոսությունների և նմանատիպ այլ կրթական ծրագրերի միջոցով: Երկրում տեղի ունեցող համապետական ընտրությունների ընթացքում անհրաժեշտ է նաև հայաստանյան դիտորդական մեծ պատվիրակությունների ներկայությունը, որոնք կկարողանան ապահովել քվեարկության թափանցիկությունը:

Ժողովրդավարացման համար բարենպաստ հանգամանք կարող է լինել նաև ազատականացման այս փուլում մրցակցության աճն իշխանական էլիտաների միջև: Եթե նախկինում այս խմբերն ուղղորդվում և կառավարվում էին մեկ կենտրոնից՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրից, ապա հեղափոխությունից հետո նրանք գրեթե բացարձակ ազատություն են ստացել և կարողանում են ինքնուրույն քաղաքականություն վարել: Արդեն կարելի է կանխատեսել, որ 2020թ․ կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններն աննախադեպ մրցակցային են լինելու: Արցախի բոլոր իշխանական կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, հանդես են գալու նախագահի սեփական թեկնածուով: Եվ, եթե նախկինում նրանք Սերժ Սարգսյանի հրահանգով պաշտպանում էին միասնական իշխանական թեկնածուի, ապա այժմ ստիպված են լինելու միմյանց դեմ պայքարել և վերահսկել միմյանց:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրներն ու խոչընդոտները՝ կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական անցումն ամենևին էլ անխուսափելի գործընթաց չէ Արցախում: Իշխող էլիտայի տարբեր խմբեր թեկուզև բավականին թուլացել են Հայաստանում իրենց հովանավորների պարտությունից հետո, սակայն շարունակում են վերահսկողության տակ պահել հսկայական ռեսուրսներ, որոնք արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում են քաղաքական նպատակներով: Ժողովրդավարացման համար լուրջ խոչընդոտ կարող են դառնալ նաև տարբեր ֆորսմաժորները, ինչպիսին է, օրինակ, պատերազմի հնարավոր վերսկսումը: Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Արցախի ժողովրդավարացման նույնիսկ տեսական հավանականությունը չափազանց ցածր էր, ապա այս նոր իրավիճակում ժողովրդավարական անցման համար բավականին իրական շանսեր կան: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն ունեն տարբեր քաղաքական համակարգեր, սակայն գտնվում են նույն քաղաքական տարածության մեջ: Եվ, եթե այդ տարածության մի հատվածում ժողովրդավարական ռեժիմ է հաստատվել, ապա հավանականությունը մեծ է, որ մյուս հատվածում ևս ժողովրդավարական անցում տեղի կունենա:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

  1. Huntington, S., 1991. The Third wave: Democratization in the late twentieth century.Norman: University of Oklahoma press.
  2. Lipset, S. M., 1959. Some Social Requisites of Democracy: Economic Development and Political Legitimacy. The American Political Science Review, 53(1), pp. 69-105.
  3. Przeworski, A., Limongi, F., 1997. Modernization: Theories and Facts. World Politics,
  4. 49(2), pp. 155-183.
  5. Grugel, J., 2002. Democratization: A Critical Introduction. New York: Palgrave
  6. Leftwich, A., 1996. Democracy and Development: Theory and Practice. Cambridge:Polity press.
  7. Inglehart, R, F., and Welzel, C. 2010. “Changing Mass Priorities: The Link between Modernization and Democracy.” Perspectives on Politics, 8(2), pp. 551-567.
  8. Rustow, A, D., 1970. Transitions to democracy: Toward a dynamic model. ComparativePolitics, 2 (3), pp. 337-363.
  9. O’Donnell, G., Schmitter, C, P., 1986. Transitions from authoritarian rule: Tentative conclusions about uncertain democracies. Washington: The Woodrow Wilson international center for scholars.
  10. Di Palma, G., 1990, To craft democracies: An essay on democratic transitions. Berkeley and Los Angeles: University of California Press.
  11. Carothers, T., 2002. The end of the transition paradigm. Journal of Democracy, 13, (1), 5-21.
  12. Peg, S., 2017. Twenty Years of de facto State Studies: Progress, Problems, and
  13. Caspersen, N. (2016). Making peace with de facto states. Annual of Language and Politics and Politics of Identity, 10(1), 7–18.
  14. Tansey, O. 2011. Does democracy need sovereignty? Review of International Studies, 37(4), pp. 1515–
  15. Linz, J., J., Stepan, A., 1996. Problems of democratic transitions and consolidation: Southern Europe, South America, and Post-Communist Europe. Baltimore, London: The John Hopkins Press Ltd.
  16. King, C., 2001. The Benefits of Ethnic War: Understanding Eurasia’s Unrecognized World politics, 53(4), pp. 524-552.
  17. Welton, G., Barrowman, B., 2016. The Political Economy Of Conflict In Nagorno-Karabakh. Geowel Research, Tbilisi.
  18. Minasyan, S., 2011. Armenia in Karabakh, Karabakh in Armenia: Living with a conflict.in IDENTITIES, IDEOLOGIES AND INSTITUTIONS. A Decade of Insight into the Caucasus: 2001-2011. – Alexander Iskandaryan (Ed.) – Yerevan: Caucasus Institute, – 232 p.
  19. Diamond, J., L., 2002. Thinking About Hybrid Regimes. Journal of Democracy, 13(2) 21-35.
  20. Tlemcani, R., 2007. Electoral Authoritarianism. [Online]: http://carnegieendowment.org/2007/05/29/electoral-authoritarianism-pub-19176
  21. Levitsky, S., Way, A., L., Elections Without Democracy: The Rise of Competitive Authoritarianism. Journal of Democracy, 13 (2), pp. 51-65.
  22. Саркисян, М., 2010. Нагорный Карабах: война и политика (1990-1993 гг.): Война в Нагорном Карабахе и внутренний конфликт в армянском обществе. Ереван.

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Տիգրան Գրիգորյան

Քաղաքական վերլուծաբան և ՄԱՀՀԻ գործընկեր Արցախում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30