ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ-ում անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ներդրմանը նպաստող օրենքի նախագծի քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ այս օրենքի ընդունման դեպքում հիմնական բեռն ընկնելու է քաղաքացու ուսերին: Այնուհետև հարցրեց. «Հստակ հարց՝ Կենտրոնում, Կոմիտասում և Զեյթունում երկու սենյականոց բնակարանի գույքահարկը որքանո՞վ կթանկանա: Չեմ ասում շքեղ առանձնատները: Խնդրում եմ հնչեցրեք գոտիավորման թանկացումների հիմնական տոկոսադրույքները»:
Տեղեկացնենք՝ օրինագծով նախատեսված է գույքահարկի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Այս հարցը Կադաստրի կոմիտեին ուղղված հարց չէ: Հիմա մենք որոշում ենք արժեք, երբ կգա ժամանակը, համապատասխան վերանայումներ կանենք: Օրինակ՝ 350 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող առանձնատունը հիմա վճարում է գույքահարկ 3.2 միլիոն դրամ, այս փոփոխություններից հետո կվճարի 28 միլիոն դրամ։ Սա վերևի շեմն է, իսկ ներքևի շեմի համար կարող է որևէ բան չփոխվել։ Հարգելի՛ տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, այս օրենքն ընդունելու դեպքում ձեր գույքահարկը չի թանկանա: Հարգելի՛ խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որի համար կոպեկներ եք վճարում, այս օրենքն ընդունելուց հետո ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»:
Այնուհետև Բաբկեն Թունյանը հավելեց՝ հուլիսի 3-ից նախագիծը ներկայացվել է, բայց որևէ առաջարկություն կամ դիտարկում չի եղել: Ուստի հորդորեց ընթացքում աշխատել, ոչ թե վերջում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ