«Ամուլսարի հետ կապված լրագրողների եւ հանրության հարցերը ինքս ուղղել եմ կառավարության անդամներին, ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաեւ դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը`պատասխանելով Ամուլսարի շահագործմանը վերաբերող հարցերին: Նա վստահեցրեց, որ բոլոր վիճելի հարցերը բարձրաձայնել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստի ժամանակ:
Հիշեցնենք ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով, թույլ չեն տալու աղտոտումներ: Իսկ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, կարող է ամենօրյա դիտարկում անցկացնել, որեւէ շեղում հայտնաբերելու պարագայում միայն կարող է զրկել «Լիդիան»-ին արտոնագրից: Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որոնք նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաեւ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ Յուրի Իվանյանը այլեւս չի ղեկավարի քննչական խումբը: Նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա նաեւ բնապահպաններին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։
Հարցին՝ վարչապետի հայտարարությունից հետո անձամբ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի, Լենա Նազարյանը պատասխանեց․ «Եթե հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:
Տիկին Նազարյանը այլ հարցերի չպատասխանեց եւ արագ հեռացավ, մինչդեռ լրագրողներին հետաքրքրում էին նաեւ խմբակցությունում առկա հնարավոր տարաձայնությունները տարաձայնությունների, Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նաեւ, որ ջերմուկցիները չանսացին վարչապետի հորդորին, միաձայն որոշեցին, որ ճանապարհները չեն բացելու եւ մինչեւ սեպտեմբերի 20-ը վարչապետին ժամանակ տվեցին, որպեսզի հստակեցնի իր որոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ