Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա էին դժգոհություններ սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից. ՌԴ-ում շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները

Սեպտեմբեր 11,2019 14:59

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Օբնինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր տեղի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կողմից: Համայնքը Գլխավոր հանձնակատարին դիմավորեց աղուհացով, ասմունքով և հայկական ազգային երաժշտությամբ: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովակիմյանը ներկայացրեց «Արաքս»-ի գործունեությունը, դպրոցի առօրյան և առկա խնդիրները: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին: Առկա էին դժգոհություններ Հայաստանից սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից և մատուցվող խրթին նյութերից, որոնք սփյուռքում ապրող երեխաների համար չեն կարող արդյունավետ լինել: Համահայկական խաղերի մասին տեղեկատվություն համայնքը շատ ուշ է ստացել և չի կարողացել մասնակցել: Զարեհ Սինանյանը նշեց՝ այսուհետ սփյուռքին առնչվող ծրագրերի, հավաքների և նախագծերի մասին ցանկացած տեղեկատվություն նախօրոք կտրամադրվի համայնքներին և կտարածվի նաև գրասենյակի կողմից:

Համայնքում հատկապես գոհ էին «Քայլ դեպի տուն» ծրագրի այս տարվա արդյունքներից: Առաջարկներ եղան, որ մյուս տարի ընդլայնվի մասնակիցների քանակը: Գլխավոր հանձնակատարը ևս նման հույս հայտնեց և տեղեկացրեց, որ հաջորդ տարի հայտադիմումները ծրագրի մեկնարկից մի քանի ամիս առաջ արդեն հասանելի կլինեն, և սփյուռքի պատանիները կարող են վաղօրոք լրացնել հայտերը:

Հարցեր հնչեցին նաև հայրենադարձության վերաբերյալ: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ պետությունը պետք է ներկայացնի ամբողջ հայության շահերը: «Հայաստանի Հանրապետությունն իրոք շահագրգռված է, որ սփյուռքը լիովին ներգրավված լինի Հայաստանի կյանքին»,-նշեց նա:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ քաղաքի ղեկավարության հետ՝ ի դեմս փոխքաղաքապետներ Կարինա Բաշկատովայի և Տատյանա Պոպովայի: Վերջիններս ընդգծեցին. «Հայ համայնքի միջոցով ենք մենք ճանաչել փոքրիկ Հայաստանը, որտեղ ապրում է մի ուժեղ և հիասքանչ, Ռուաստանին հարազատ ժողովուրդ»: Նրանք հատկապես կարևորեցին, որ հայ համայնքն ակտիվ ներգրավված է քաղաքային կյանքին, բոլոր նախագծերին, սոցիալապես և տնտեսապես ապահովված է: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը վարում էր հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանը: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին գրասենյակի դերին ու կարգավիճակին, սփյուռքի կրթական խնդիրներին, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30