Այսօր «Սասնա ծռեր» խմբի քրեական գործից անջատված ՊՊԾ գնդի գրավման գործով մեկ այլ ամբաստանյալ Արմեն Լամբարյանը ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր էր հրավիրվել՝ հարցաքննության:
Դատարանում դատախազը Արմեն Լամբարյանին հարց ուղղեց՝ որտե՞ղ է գտնվել եւ ինչո՞վ է զբաղվել 2016 թվականի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: Լամբարյանը հրաժարվեց պատասխանել: Դատախազը հստակեցրեց՝ Լամբարյանին դատարան հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այս դատաքննության ընթացքում Պավել Մանուկյանի տված ցուցմունքով, ըստ որի, Մանուկյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան ՊՊԾ գնդի հերթապահ մասում արձակված կրակոցին ականատես է եղել Լամբարյանը, եւ այդ կրակոցից վիրավորվել է ոստիկանության ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Լամբարյանը կրկին հրաժարվեց պատասխանել:
Ապա նրան հարց ուղղեց «Սասնա Ծռերից» Պավել Մանուկյանը.«Դու քեզ Սասնա ծուռ» համարո՞ւմ ես: Այդ պատահական կրակոցի ժամանակ քանի՞ կրակոց է եղել»:
«Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տալու, հարցեր կարող եք չուղղել»,-պատասխանեց Լամբարյանը:
Կարդացեք նաև
Սակայն, արդյոք Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության համար, այնտեղ ներկա եղե՞լ է, հարցին Լամբարյանը պատասխանեց՝ ոչ:
Դատարանը հստակեցրեց հարցը՝ որտե՞ղ, կրակոցի՞ վայրում, տեղյա՞կ եք ինչ կրակոցի մասին է: Լամբարյանը բացասական պատասխան տվեց: «Բա որտեղի՞ց եք ասում՝ չի եղել»: Այս հարցին էլ Լամբարյանը հրաժարվեց պատասխանել:
Պավել Մանուկյանի հարցին՝ Մկրտչյանից բացի եւս մի հոգի վիրավորվեց այդ կրակոցից, հիշո՞ւմ ես, Լամբարյանը հրաժարվեց պատասխանել:
Դատարանում հարցը հստակեցրին՝ եթե Լամբարյանը պնդում է, թե Բիլյանը այնտեղ չի եղել, ի՞նչ նկատի ունի: Լամբարյանը պատասխանեց. «Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել՝ տվյալ իրավիճակի հետ կապված»:
Արմեն Բիլյանը, երբ լսեց Լամբարյանի պատասխանը, լքեց դատարանի դահլիճը: Դատավորը նկատեց՝ Բիլյան, ձեր մասին է խոսքը, լավ կլիներ մնայիք, լսեիք ձեր ընկերոջը: Բայց նա չցանկացավ լսել Լամբարյանին:
Ապա սպանված ոստիկանի կինը հարց ուղղեց.«Եթե Բիլյանն այնտեղ չի եղել, կարո՞ղ եք ասել՝ ո՞վ է եղել, որ իմ խիղճն էլ հանգիստ լինի»: Լամբարյանը պատասխանեց, որ չի տեսել: «Եթե չեք տեսել՝ ով է եղել, ո՞նց եք ասում Արմեն Բիլյանը չի եղել այնտեղ»,-կրկին հարց ուղղեց ոստիկանի կինը:
Լամբարյանն ասաց, որ չի հիշում, թե խմբի անդամներից ով է եղել, ասաց՝ շատ մարդ կար:
Սպանված ոստիկանի կինն արձագանքեց.« 27օր քեֆ եք արել այնտեղ, ինչի՞ չեք հիշում»: Ապա տիկինը հավելեց.«Իմ ամուսնու կյանքի մասին է խոսքը, եթե ես սխալ եմ մեղադրում տվյալ մարդուն, ուզում եմ ասի՝ ո՞վ է եղել ներսում»:
Այլ հարցերին պատասխանելուց Լամբարյանի հրաժարվելուց հետո, սպանված ոստիկանի կինը նրան դիմեց.«Ինչո՞ւ Արմեն Բիլյանին պաշտպանում եք, սուտ է, ճիշտ է՝ չգիտեմ, իսկ մյուս հարցերին չեք ուզում պաշտպանել»:
Լամբարյանին դատարանում կրկին հարց ուղղվեց՝ եթե հրաժարվում է հարցերին պատասխանել, ապա թող ուղղորդի կողմին, օգնի, ով կպատասխանի հարցերին: «Գասպարյան Վովան, Սերժ Սարգսյանը»,-պատասխանեց Լամբարյանը: Հստակեցվեց՝ իրենք եղե՞լ են այնտեղ, Լամբարյանը պատասխանեց.«Չէ, բայց իրենք հստակ գիտեն ոնց է եղել»:
«Գագիկ Մկրտչյանի սենյակում, որտեղ եղել է կրակոց՝ ոստիկան չի եղել, բայց երեք մարդ է եղել, ու պատահական կրակոց չի եղել, այլ 2 քայլ հետ են գնացել ավտոմատը պահել վրան կրակել»,-հարցրեց ոստիկանի կինը: Լամբարյանը հրաժարվեց բոլոր հարցերին պատասխանել: Իսկ դատախազի հարցին՝ ականատես եղե՞լ է դեպքին, թե՝ ոչ, Լամբարյանը պատասխանեց՝ ոչ:
Պավել Մանուկյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանին պատահական կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդուարդ Գրիգորյանը եւ դրան ականատես է եղել Արմեն Լամբարյանը: Դատավորը հարց ուղղեց՝ Էդուարդ Գրիգորյանը նշված վայրում եղե՞լ է: «Չեմ հիշում»,-պատասխանեց Լամբարյանը:
Եթե դեպքին ականատես չի եղել, եւ չի հիշում, ինչպե՞ս է Լամբարյանը պնդում, որ Բիլյանն այնտեղ չի եղել, դատավորի այս հարցերին Լամբարյանը հրաժարվեց պատասխանել: Այսքանով ավարտվեց Լամբարյանի հարցաքննությունը:
Մեկ այլ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանն էլ հրաժարվեց հարցերին պատասխանել: Դատախազը միջնորդեց նախաքննության ընթացքում նրա տրված ցուցմունքները հրապարակել, որպեսզի ավելի առարկայական հարցեր հնչեն: Միջնորդությունը բավարարվեց, սակայն ցուցմունքի հրապարակումը հետաձգվեց, որպեսզի Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն արձակուրդից վերադարձած լինի եւ ներկա լինի դատական նիստին: Հաջորդ դատական նիստի օրը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ