Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյան. Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում. «Փաստ»

Սեպտեմբեր 11,2019 12:55

Երկրի տարբեր հատվածներում չլուծված խնդիրները վերաճում են հասարակական դժգոհությունների, ինչն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենում իշխող քաղաքական ուժի և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մարդիկ, որոնք մեկուկես տարի առաջ հեղափոխականի դիրքերից էին հանդես գալիս, այժմ սուր քննադատության են ենթարկում իշխանությունների քայլերը: Սա հատկապես նկատելի դարձավ Փաշինյանի՝ Ամուլսար տանող ճանապարհները ապաշրջափակելու առաջարկից հետո:

Մի փոքր մոնիթորինգից հետո պատկերացում ես կազմում ստեղծված իրավիճակի մասին. հեղափոխական ամենակարկառուն ներկայացուցիչները սկսում են բարձրաձայնել իրենց հավատի կորստի մասին:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև վերջին շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:

«Երբ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին օրենսդիր և գործադիր իշխանությունները եկան հեղափոխական նոր դեմքերով, դրանից հետո մինչև հիմա կարելի է ասել, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում:

Սա՝ հիմնականում այն թիմի ազդեցության արդյունքում, որը Փաշինյանը ձևավորեց:

Նկատի ունեմ կառավարության թիմը և մասամբ նաև Ազգային ժողովի իր թիմը:

Երբ ասում ենք, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա միայն իր «շնորհքը» չի: Դա նաև իր թիմի ազդեցությունն է, որն այնքան էլ համալրված չէ մասնագետներով: Երբ դժգոհություններ են լինում որևէ նախարարությունից, դա անմիջապես անդրադառնում է անձամբ վարչապետի ռեյտինգի վրա, քանի որ դա իր բերած կադրերն են», «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարցնում եմ՝ կարո՞ղ ենք փաստել, որ սա նաև հեղափոխության նկատմամբ հասարակության էյֆորիկ տրամադրությունների ավարտն է և այն, որ մարդկանց մի ստվար զանգված սկսել է իրադարձություններին սթափ հայացքով նայել:

Սոցիոլոգը նշում է, որ մասամբ կարող է համաձայնել դիտարկման հետ: «Այսօր հասարակությունը միասեռ չէ: Էյֆորիան հեղափոխության ժամանակ և դրանից մի քանի ամիս հետո համատարած բնույթ էր կրում, իսկ հիմա մեր հասարակության մի մեծ զանգված դրանից դուրս է եկել, ավելի սթափ է, պրագմատիկ է նայում իրադարձություններին և ուզում է տեսնել իրական արդյունքներ:

Կան, իհարկե, մարդիկ, որոնք շարունակում են մնալ էյֆորիայի մեջ, որոնք շարունակում են երկրպագել, ատամներով պաշտպանել իշխանություններին»,նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ հիմա, երբ հասարակության մեջ ակնհայտորեն որոշակի խմորումներ են տեղի ունենում, հնարավո՞ր է հայտնվեն քաղաքական ուժեր և անհատներ, որոնք կփորձեն հօգուտ իրենց օգտագործել դժգոհության ալիքը:

Պողոսյանը դրական պատասխան է տալիս: «Պատմականորեն միշտ էլ այդպես է եղել: Եթե իշխանության նկատմամբ բարձրանում է դժգոհության ալիք, անպայման կգտնվեն, համոզված եմ՝ հիմա էլ կան մարդիկ և քաղաքական շրջանակներ, որոնք սպասում են այդ պահին, որպեսզի կարողանան մտնել ակտիվ քաղաքականության մեջ որպես ընդդիմադիր ուժ»,-եզրափակում է Գևորգ Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30