2019-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը։
Մասնավորապես՝ թթվասերի արտադրությունն ավելացել է 33 տոկոսով, օղու եւ կոնյակի արտադրությունը՝ 46 տոկոսով, կաթի արտադրությունը՝ 38, գինու արտադրությունը՝ 37, ալյուրինը՝ 20, գարեջրինը՝ 14 տոկոսով, մրգային հյութերինը՝ 6.5 տոկոսով, պանրինը՝ 6.4 տոկոսով, հացինը՝ 2.3 տոկոսով։
Այս մասին հրապարակում է եղել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Թեմային անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել է, որ սա կարեւոր վիճակագրություն է եւ որ շատ բաների մասին է խոսում. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ նախընտրությունը տալ տեղական արտադրությանը»։
ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղական արտադրությունը ոչ միայն զուտ ապրանքի սպառման նպատակ է հետապնդում, այլեւ լուրջ ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա։
Կարդացեք նաև
– Պարոն Առաքելյան, 2019-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը։ Մասնավորապես՝ թթվասերի, կաթի, կոնյակի, օղու, ասորի, գինու… Ինչո՞վ է սա պայմանավորված, սպառո՞ւմն է մեծացել Հայաստանում, թե՞ արտահանման ծավալները։
– Ներքին արտադրությունը համարվում է մեր կառավարության ու ընդհանրապես տնտեսության առաջնային խնդիրներից մեկը։ Որովհետեւ, ցավոք, մեր ներմուծման ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման ծավալներին, եւ մեր նպատակներից մեկը արտահանման ավելի առաջանցիկ տեմպերով աճն է։ Այսինքն, այդ բացասական սալդոյի նվազեցումն է։ Այս տեսանկյունից, այո, մեր տեղական արտադրության աճը շատ կարեւոր է։ Ընդ որում, տեղական արտադրությունը 2 ուղղությամբ է գնում։ Մեկը՝ ներքին սպառման, մյուսը՝ արտահանման։ Այստեղ արտադրության աճը ավելի շատ ոչ թե պայմանավորված է սպառման աճով, այլ նաեւ արվում է աոավելագույնը, որ տեղական արտադրության հաշվին կրճատենք ներմուծումը։ Մենք դեռեւս շարունակում ենք ունենալ բազմաթիվ ապրանքների գծով ներմուծում, սակայն մենք հնարավորություն ունենք կազմակերպել դրանց տեղական արտադրությունը։ Հետեւաբար՝ այստեղ գործոններից մեկը դրանք ներմուծվող ապրանքների փոխարինման շնորհիվ այս արտադրության աճն է ու այո, մի որոշ մասով էլ մենք ունենք նաեւ արտահանման աճ։
– Արտադրության ծավալների աճին զուգահեռ գների փոփոխություն տեղի ունենո՞ւմ է:
– Դեռեւս չունենք այնպիսի իրավիճակ, որ ներմուծման ապրանքների մասով ամբողջովին ունենանք տեղական արտադրության փոխարինում։ Ցավոք, մեր խնդիրներից մեկը այն է եղել, որ այն երկրները, որտեղից մենք ներմուծում ենք մասշտաբի էֆեկտի շնորհիվ, հնարավորություն են ունենում նույնիսկ Հայաստանում ստանալ ավելի ցածր գին, քան մենք կարողանում ենք արտադրել։ Ու շատ հաճախ մեր արտադրողները հենց նաեւ այդ գնային մրցակցությանը չեն դիմանում, եւ այստեղ խնդիրը նաեւ հենց դրանով է պայմանավորված։ Մենք չենք փորձում տեղական արտադրության միջոցով ավելի էժան արտադրանք ստանալ։ Այդ տեսանկյունից այս պահին ավելի կարեւոր է տեղական արտադրանքի գոնե աճը՝ այդ փոխարինումը գտնելու միջոցով եւ ոչ թե գների նվազումը։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում