Վանաձորցիները լավ են հիշում, թե ինչպես ամբողջ Կիրովականի տարածաշրջանի ահուսարսափը հանդիսացող Ճաճոյի Էդոյին՝ Էդիկ Մարտիրոսյանին, Սիրադեղյանի օրոք ձեռքերը ոլորած «փռեցին ասֆալտին»։ Ի տարբերություն Փաշինյանի, Վանոյի՝ ասֆալտին փռելը ցուցադրական չէր։ Չնայած Ճաճոյի Էդոն էլ որոշ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ, բայց դա Սիրադեղյան-դատախազություն հակասությունների արդյունքն էր. դատախազությունը գործում էր ի հեճուկս ՆԳ նախարարի։
Այնուամենայնիվ, արդեն ազատության մեջ հայտնված Էդոն որոշակիորեն իրեն զուսպ էր պահում, մինչեւ Վանո Սիրադեղյանն ինքը հեռացավ Հայաստանից։ Նրա փախուստից հետո արտագաղթած «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ, հայտնվեցին անգամ իշխանության մեջ, ԱԺ-ում։ Եվ սկսեցին արդեն պայքարել մեկը մյուսի դեմ՝ անձնական ազդեցությունն ուժեղացնելու, գլխավորը լինելու համար։ Իսկ դա շատ հաճախ ուղեկցվում էր սպանություններով, վենդետաներով։
Այդ տարիներին երբեմնի խաղաղ Կիրովականը դարձավ վենդետաների թատերաբեմ, այն անվանում էին Հայաստանի փոքր Սիցիլիա։ Իրենց ազդեցությունը պահպանելու համար «պատերազմում» էին Ճաճոյի Էդոն, ով մոտ էր Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ կիրովականցի Գոգան, ով մտերիմ էր ԱԱԽ այն ժամանակվա քարտուղար Սերժ Սարգսյանի, Արշալույս Փայտյանի, մարզի ոստիկանապետ Արտաշես Հարությունյանի հետ։ Գոգան իր կապերով թուլացրել էր Էդոյի դիրքերը։ ԱԺ ընտրությունների ժամանակ մարզում նա էր որոշում, թե ովքեր կարող են դառնալ պատգամավոր, ով պետք է հանի իր թեկնածությունը։ Գոգայի ասածն «օրենք» էր, նրան չէին համարձակվում հակառակվել, քանի որ դա «մահացու» մեղք կարող էր դիտվել։
Սակայն 2004թ. հուլիսին Երեւանի մարդաշատ վայրերից մեկում սպանվեց կիրովականցի Գոգան։ Շատերն այդ սպանությունը կապում էին Ճաճոյի Էդոյի անվան հետ։ Այդ սպանությունից մեկ ամիս չանցած՝ Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհին ավտոմեքենայի մեջ սպանվեցին Ճաճոյի Էդոն, նրա որդին՝ Ժորան, եւ ազգականը՝ Ռուդիկ Խաչատրյանը։ Իսկ սպանությունը բացահայտելը շատ դժվար էր, քանի որ Ճաճոյի Էդոն շատ բարդ խնդիրներ ուներ տարբեր անձանց հետ, նրա սպանությունը կապվում էր տարբեր մարդկանց եւ դեպքերի հետ։ Մասնավորապես՝ Վահագնի գյուղի դաժան սպանության հետ, երբ սպանեցին Կախյաննների յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին, ողջ մնաց միայն Արմեն Կախյանը, ով տանը չէր եղել։ Սակայն Կախյանի կապն այս սպանության հետ հաստատող փաստեր չեղան, եւ նա ազատ արձակվեց:
Կարդացեք նաև
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում