Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես կլինեմ ոստիկանների եւ ցուցարարների մեջտեղում»

Սեպտեմբեր 11,2019 14:00

«Եթե լինի հրահանգ կամ թեկուզ ոստիկանության կողմից անբռնազբոսիկ վարքագիծ, որը ոչ թե հրահանգված է, այլ անցյալի փորձի վրա հիմնված, ապա ես կլինեմ այնտեղ` առավելագույն ջանք թափելով չեզոքացնել հնարավոր բախումը». «Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ձեռնպահ է մնում Ամուլսարի շահագործման հնարավորությունների մասին խոսել, քանի դեռ շրջակա միջավայրի նախարարությունն իր վերջնական եզրակացությունը չի հրապարակել: Հիշեցնենք, նախօրեին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով, թույլ չեն տալու աղտոտումներ: Իսկ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, որեւէ շեղում հայտնաբերելու պարագայում միայն կարող է զրկել «Լիդիան»-ին արտոնագրից: Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաեւ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ Յուրի Իվանյանը այլեւս չի ղեկավարի քննչական խումբը: Նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նա նաեւ բնապահպաններին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչեւ ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

Երեկ, Ջերմուկցիները միաձայն որոշեցին, որ ճանապարհները չեն բացելու եւ մինչեւ սեպտեմբերի 20-ը վարչապետին ժամանակ տվեցին, որպեսզի հստակեցնի իր որոշումը:

«Այս պարագայում ես ձեռնպահ կմնամ որեւէ կողմին գնահատական տալուց: Եթե ես այս պարագայում ներկայանում եմ իբրեւ օրենսդիրի ներկայացուցիչ`սա իմ ասելիքը, անելիքը եւ որոշելիքը չէ: Եթե ես, որպես ՀՀ քաղաքացի եմ, ապա ես կիսում եմ Ջերմուկի բնակիչների մոտեցումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն, որը Ամուլսարի հանքի նախաձեռնության անդամ է եղել: Հարցին`կառավարությունում կարծես վճռական են եւ եթե վարչապետը որոշի ետ չկանգնել հանքի շահագործումից, իսկ հանրության մի ստվար մասն էլ կանգնի ջերմուկցիների կողքին, ո՞ր կողմում կինեք Դուք, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ես կլինեմ երկուսի մեջտեղում, որպես մանդատ կրող անձ, որպեսզի առավելագույնս բացառեմ բախումները»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը ուժի կիրառման հրահանգ չի տա եւ չի կրկնվի այն իրավիճակները, ինչը եղել է նախկին իշխանության օրոք. «Եթե լինի հրահանգ կամ թեկուզ ոստիկանության կողմից անբռնազբոսիկ վարքագիծ, որը ոչ թե հրահանգված է, այլ անցյալի փորձի վրա հիմնված, ապա ես կլինեմ այնտեղ`առավելագույն ջանք թափելով չեզոքացնել հնարավոր բախումը»: Դիտարկմանը` մյուս կողմից էլ, ոստիկանությունը կոչված է կարգ պաշտպանելուն եւ եթե մի խումբ քաղաքացիներ չեն ենթարկվում կարգին`ի՞նչ պետք է անի ոստիկանությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խաղաղ ցուցարարների պարագայում բռնություն կիրառելու հիմք չկա. «Ընդամենը մեկ տարի առաջ, մենք խաղաղ ցույցերով հասանք հեղափոխության`դատապարտելով բռնությունը, որը մեր հանդեպ կիրառվեց: Մենք`այդ ճանապարհն անցած մարդիկս, չպետք է մոռանանք դրա մասին»:

Ինչ վերաբերվում է նոր ՇՄԱԳ-ին, մեր զրուցակիցն ասում է`գնդակն իշխանության դաշտում է եւ շատ կարեւոր է ՀՀ կառավարության վերջնական որոշումը. «Վերջնական եզրակացությունն այս պահին դեռ չկա: Միգուցե կա, բայց ես անձամբ չեմ տիրապետում դրան: Էպիզոդիկ ինչ-որ զրույցներ եմ լսել, բայց աչքս պետք է տեսնի, որ հասկանամ` խնդիրը գտե՞լ են, թե`ոչ, թե՞ խնդիրը գտնելու հետ մեկտեղ որոշում է կայացվել շինարարություն անել, թե……Դրա համար, որպեսզի ենթադրությունների տեղատարափի տակ չմնանք, ճիշտ կլինի սպասել: Կարծում եմ, Ջերմուկ համայնքի բնակիչների առաջարկած ժամկետում, կլինի նաեւ շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը: Այս պահին, իբրեւ պատգամավոր, ես չեզոքություն եմ պահում: Իսկ իբրեւ ՀՀ քաղաքացի, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ դեռ մինչեւ հեղափոխությունը` 2014-15-ից խնդիրը բարձրաձայնել ենք, 2016-ից արդեն նախաձեռնությամբ ենք հանդես եկել, 2017-ին շարժումն ավելի է մեծացել, իսկ 2018-ի հեղափոխության ժամանակ արդեն ունեցել ենք այդ հանքի չգործածումը մեզ համար, որպես հենակետ: Այս երկիրն իմ երկիրն է եւ ես իմ երկրի տերն եմ»: Իբրեւ պատգամավոր էլ, մեր զրուցակիցը գտնում է` եթե կա օրենքի անգամ մեկ կետի խախտում, իսկ սկայպ-ժողովը ցույց տվեց, որ կա, ապա օրենքի երկրի կառուցման ճանապարհին մենք չենք կարող աչք փակել դրա վրա: Նա հստակ ընդգծում է հանքարդյունաբերության ոլորտում պետության շահը հաշվի առնելու անհրաժեշտությունը, կարծում է, որ մեր պետությունն այսօր դուրս է մնացել շահի տիրույթից եւ միայն տարածք տվողն է. «Երբ կշեռքի նժարին ենք դնում պետության եւ սեփականատիրոջ շահը, հասկանում ենք, որ պետության շահը մնացող պոչամբարներն են, թունավորված երկիրը, աղտոտված բնությունն ու հիվանդությունները: Եթե սա ենք վերցնում որպես շահ, ապա ես դեմ եմ այդ շահին»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման առիթով «Իմ քայլը» խմբակցության տրոհումներին, մեր զրուցակիցն ասում է. «Եթե այդ խոսակցությունները շարունակվում են, տպավորություն է, որ շատերը սպասում են այդ օրվան: Ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի հարցում մանդատ դնելու հարց չի եղել: Տպավորություն է, որ ընդդիմադիրների փափագած պահն է եւ եթե որոշ մարդիկ այլ կարծիք են հայտնել`«Իմ քայլը» կխարխլվի, մարդիկ դուրս կգան, մանդատները վայր կդնեն, ԱԺ նոր ընտրություններ կլինեն, նման սպառնալիք էլ է հնչել… Շատ լավ գիտակցում եմ յուրաքանչյուր քայլս եւ եթե երբեւէ իմ` մանդատ վայր դնելու, խմբակցությունից դուրս գալու կամ որեւէ այլ քայլ կարող է խանգարել «Իմ քայլը» դաշինքի կայունացմանը, ապա երբեւէ նման քայլի չեմ գնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30