Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը հաստատում է, որ ՕԵԿ-ին պատկանող հեռուստաալիքը պատրաստվում է գնել Բագրատ Սարգսյանը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 11,2019 10:48

«MO TV» հեռուստաալիքի հետ կապված՝ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ին հայկական եթերում փոխարինեց «MO TV» հեռուստաընկերությունը։ Խոստումներ էին հնչում, որ այն թարմացված աշխատակազմով եւ նոր բովանդակությամբ ու ձեւաչափով է ներկայանալու հեռուստադիտողին։ Հետո հայտնի դարձավ, որ այն գնել է «Արմենիա Թի Վի»-ի նախկին տեր ու հիմնադիր Բագրատ Սարգսյանը։ Իսկ երեկ վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը պատրաստվում է «MO TV»-ին զրկել լիցենզիայից։ Պատճառը հեռուստաընկերության կողմից թույլ տրված խախտումներն են։ Պարզաբանումների համար դիմեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։

– Մեզ լուր է հասել, որ ՀՌՀ-ն պատրաստվում է լիցենզիայից զրկել «MO TV» հեռուստաընկերությանը։ Որքանո՞վ են դրանք հավաստի։

– Այս տեսակի լուրերը, ինչպես հաճախ է լինում, աղավաղված են ու չափազանցված։ Հանձնաժողովը լիցենզիայից զրկելու իրավասություններ չունի, լիցենզիայից զրկելու որոշումը կայացնում է դատարանը։ Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք հիմքեր՝ լիցենզիայից զրկելու հայցով դիմելու դատարան։

– Եվ կա՞ն նման հիմքեր։

– Եթե կարճ ասեմ, այդ հեռուստաընկերությունը հանրային թվային մուլտիպլեքսում գործող ամենապրոբլեմային հեռարձակողն է։ Հեղինակային իրավունքի մշտական խախտումներ, որի պատճառով 9 ամսում «MO TV»-ն գրավոր նկատողություն է ստացել եւ տուգանվել, օրենքում ամրագրված թեմատիկ ուղղվածության կանոնների անտեսում, բոլորը չթվարկեմ։ Հեռուստաընկերությունում պարբերաբար փոխվում է ղեկավարությունը։ Նոր տնօրենը գալիս է, խոստանում է վերացնել թերությունները, պատկերավոր ասած՝ «մեղքերի թողություն» է ստանում հանձնաժողովից, իսկ ընկերությունը շարունակում է աշխատել օրենսդրության խախտման եզրին։ Ավելին այս պահին չեմ ասի։

– Լուրեր են պտտվում, որ «MO TV»-ն պատրաստվում են գնել Սարգսյան եղբայրները։

– Այո, տեղյակ եմ, երկու կողմն էլ նպատակահարմար է գտել տեղեկացնել ինձ իրենց մտադրությունների մասին դեռ հունիսին։ Բայց կարող էին եւ չտեղեկացնել, քանի որ սեփականատերերի փոփոխության հետ կապված խնդիրները, լուծումները ՀՌՀ իրավասություններից դուրս են։ Հեռարձակողները պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ անկախ սեփականատերերի փոփոխությունից։ Իսկ «MO TV»-ի ղեկավարությունը, պարզվում է, այդպես չի կարծում, եւ առքուվաճառքի այս երկար տեւող ժամանակահատվածում բարձիթողի վիճակում է թողել հեռուստատեսությունը։ Եթե մտադիր ես վաճառել՝ նույնիսկ խանութ, դա չի նշանակում, որ իրավունք ունես ժամկետանց ապրանք վաճառել կամ չկատարել քո հարկային պարտավորությունները։ Իսկ այստեղ խանութ չէ, այլ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստածրագիր։ Հանձնաժողովի իրավաբանական վարչությունն օրերս 3 հարցում է ուղարկել «MO TV», եւ պատասխաններից հետո միայն հանձնաժողովը կարող է որոշում կայացնել, թե ինչ քայլեր կձեռնարկի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30