Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքերի իրական սեփականատերերը չեն բացահայտվի՞. ինչու է իշխանությունը հետ կանգնում իր խոսքերից. «Ժամանակ»

Սեպտեմբեր 11,2019 10:26

Երեկ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի մեկնարկին մերժվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը, որը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններին: ԼՀԿ-ն առաջարկում էր պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը:

Նախագիծը մերժվեց՝ 36 կողմ, 67 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց, որ անթույլատրելի էր այդ նախագծի մերժումը։ «Ես հիշում եմ, որ պարոն վարչապետը, դեռ ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, որ մինչև վերջին մարդը պետք է իմանանք, թե ով է այդ հանքերի հետևում կանգնած։ Հիմա, երբ նա լծակներ ունի իր հայտարարությունները կյանքի կոչելու, հակառակ քայլն է անում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումն ու քվեարկությունը հակասում է իրենց ղեկավարի հայտարարություններին, ըստ որի՝ բոլոր հանքերը այնքան թափանցիկ պետք է լինեն, որ մինչև վերջին մարդը՝ չնչին բաժնետոմսերով, իմանանք՝ ովքեր են։ Բայց փաստացի իրենք դրդում են իրենց խոստումները, հակառակ քվեարկությունն են անում, որի պատճառը պետք է բացատրեն։ Թող բացատրեն, ու ժողովուրդը հասկանա, թե ինչու է կառավարության ղեկավարը, նրա թիմը փոխել իր դիրքորոշումը»,-ընդգծեց Վարդանյանը։

Նշենք, որ այս կառավարությունը, կառավարության ղեկավարը միայն նախկինում չի կարևորել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությունը։ Այս տարվա հունվարի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին, հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման խնդիրն ավելի ակտուալ դարձավ, երբ անցյալ տարի հրապարակվեցին ոլորտի գերկենտրոնացվածության մասին վկայող աղաղակող փաստեր: Այդ մասին առաջինն իշխանափոխությունից հետո բարձրաձայնել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի հանքարդյունաբերության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց անգամ:

Ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30