Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այլընտրանքը դա է

Սեպտեմբեր 11,2019 10:00

Հիշում եմ, 1996 թվականի ռուսաստանյան նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ մտավորականների առաջ ելույթ էր ունեցել հայտնի բանաստեղծ-երգիծաբան, «Ծիծաղի շուրջը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսանդր Իվանովը: Նրա ասածի իմաստը հետեւյալն էր. շատ ցավալի է, անգամ ողբերգական է, բայց ախր մենք չունենք, պարզապես չունենք Ելցինից բացի այլ թեկնածու: Հիշեցնեմ՝ այն ժամանակ գործող նախագահի իրական այլընտրանքը կոմունիստ Գենադի Զյուգանովն էր, որն, ունենալով Ելցինի նկատմամբ որոշակի անձնական առավելություններ, այնուամենայնիվ, ակնհայտորեն մտադրված էր երկիրը տանել 180 աստիճան հակառակ ուղղությամբ՝ դեպի անցյալը: Ալեքսանդր Իվանովի ու բազմաթիվ այլ հայտնի ռուսաստանցի մտավորականների ընտրության պատճառը գոնե ինձ համար պարզ է, եւ այդ ընտրությունն ամենեւին չէր նշանակում, որ նրանք հրճվում էին Ելցինի, մեղմ ասած, հակասական կերպարով:

Համանման տրամաբանությամբ է առաջնորդվել վերջերս ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ այսպես կոչված «խելացի քվեարկություն» առաջարկելով Մոսկվայի Դումայի ընտրություններում: Քանի որ Կրեմլի հրահանգով բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ (այդ թվում ինքը՝ Նավալնին) չէին գրանցվել այդ ընտրություններում, նա առաջարկում էր քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուներին, որոնք իրենց ներկայությամբ «կոտրում են» «Միասնական Ռուսաստանի» մենաշնորհը:

Հայաստանում հաջորդ համապետական ընտրություններն, ըստ օրենքի, պիտի տեղի ունենան 4,5 տարուց: Ես հույս ունեմ, որ այդպես կլինի: Եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ, ապա, հավանաբար, գործելու է երկու սցենարներից մեկը. կա՛մ իշխող թիմում հակասությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որ վարչապետը կորոշի եւս մեկ անգամ ստանալ քաղաքացիների վստահության քվեն (դա ամենավատ տարբերակը չէ), կա՛մ տեղի կունենա ուժայինների, զինվորականների հերթական հեղաշրջում, որի թիկունքում կանգնած կլինի Ռոբերտ Քոչարյանը (մոտավորապես նույն սցենարն էր աշխատել 1998-ին): Այդ տարբերակն իշխանությունը պետք է կանխի ամենայն վճռականությամբ, մնացած քաղաքացիներն էլ պետք է դրան «ոչ» ասեն: Բարեբախտաբար, այդ «ոչ ասելու» հավանականությունն այս պահիս ավելի մեծ է, որովհետեւ 1998-ին քաղաքացիների մեծամասնությունն արդեն հասցրել էր, մեղմ ասած, չսիրել առաջին դեմքին, իսկ այսօր՝ դեռ չի հասցրել:

Թե ինչպես է Քոչարյանն այսօր քաղաքական գործոն դարձել, կարելի է երկար գրել՝ իհարկե, դա ներկայիս իշխանության բացթողումներից մեկն է: Բայց մի կողմում լուրջ սխալներով ու բացթողումներով հանդերձ օրինական իշխանությունն է, իսկ մյուս կողմում՝ արյան նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց խումբը, պարզ չէ՞, թե ո՛րն է գերադասելին:

Բայց դեռ հույսս չեմ կորցրել, որ մենք կունենանք ուժեղ, ժողովրդավարական ընդդիմություն, որը 2023 թվականի ընտրություններին ազնիվ, գաղափարական մրցակցության մեջ կմտնի ներկայիս իշխանության հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    “…տեղի կունենա ուժայինների, զինվորականների հերթական հեղաշրջում, որի թիկունքում կանգնած կլինի Ռոբերտ Քոչարյանը…”??????????
    Պրն Աբրահամյան, գիտեմ, որ Քոչարյանը ձեր, էսպես ասած՝ աչքի լույսը չի, սակայն ըստ իս՝ նրան քաղաքական դեմք ու հնարավոր հեղաշրջման կենտրոն համարելու համար շատ վառ երևակայություն է պետք։ Այսօր, իր՝ առնվազն 90% հակավարկանիշի պայմաններում, առավելագույնը, որ նա կարող է անել, ահաբեկչության անհաջող փորձը կարող է լինել, քանի որ հոկտեմբերի 27-ի “բարենպաստ” պայմաններն արդեն վաղուց չկան․
    1․ ԱԱԾ-ն, ՊՆ-ը, Ոստիկանությունը իրեն չեն ենթարկվում։
    2․ Այսօրվա իշխանությունները Վազգեն Սարգսյանի պես ինքնավստահ-միամիտ չեն։
    3․ Պուտինը, առավել քան երբևէ հեղինակազուրկ է, թե՛ միջազգային հարաբերություններում, և թե՛ իր երկրում, և որքան էլ “իր ընկերոջ” ծնունդը կամ նոր տարին շնորհավորի կամ ՀՀ կողմից հետախուզվողներին պատսպարի, միևնույնն է, դրանով նա ոչ միայն “հոբելյարի” ու “պաշտպանյալների” հեղինակությունը չի բարձրացնում, այլ հենց իր հետզհետե հալչող հեղինակությունն է արատավորում։
    4․ Թեև պատմությունը կրկնվելու սովորություն ունի, սակայն, որ ամեն անգամ էլ գետը գերան չի բերում,
    5․ Ամենակարևորը՝ արդեն հասարակությունը այլընտրանքային տեղեկատվություն ստանալու լայն հնարավորություն ունի և այլևս ուղեղ լվացող հայլուր-վրեմյա-վեստիների զոհը չի դառնա։
    Ես ո՛չ միայն հույսս չեմ կորցրել, այլև համոզված եմ, “․․․ որ մենք կունենանք ուժեղ, ժողովրդավարական ընդդիմություն, որը 2023 թվականի ընտրություններին ազնիվ, գաղափարական մրցակցության մեջ կմտնի ներկայիս իշխանության հետ:”

  2. gib.gibindus says:

    180 տոկոս չէ՝ աստիճան, եթե կուրսը փոխելն ինկատի ունեք: Իսկ Նավալնին Մոսկվայի քաղաքային դումայի համար էր առաջարկել այդ իդիոտությունը, ոչ թե պետդումայի: Հիմա էլ տռճիկ է տալիս, որ Զյուգանովի թոռանը անցկացրեց քաղաքային դումա: Հերթական անգամ համոզելով, որ ընտրությունները տխմարագույն զբաղմունք է:

  3. Քաղաքացի says:

    Պրն Աբրահամյան, Ձեր հոդվածները գալիս են ապացուցելու, որ ի պատիվ Ձեզ, Դուք ճիշտ եք ըմբռնում հասարակության մեջ տիրող տրամադրությունները։ Պատճառը, երևի, այն է, որ Քաղաքացին գերակշռում է Լրագրողին։ Հիշում եմ, վստահ եմ Դուք էլ կհիշեք, Վարչապետի այն ելույթը, որտեղ նա ակնարկեց, որ այնպիսի փաստեր են հասու դարձել իրեն, որ նույնիսկ երկմտում է, արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկատվությունը հրամցնել հանրությանը, արդյո՞ք հանրությունը չի կոտրվի և կկարողանա “մարսել” իրողությունը։ Վերջին ամիսների զարգացումները և ոչ միայն Ամուլսարի շուրջ, գալիս են ապացուցելու, որ մենք դեռ շատ անակընկալների ականատեսը կլինենք, սակայն բոլորիս համար այլևս պարզ է, թե ինչ աստիճանի երկիրը երկիր չէ։ Բեռը շատ ծանր է, հնարավորությունները խիստ սահմանափակ, իսկ նպատակները այս ֆոնի վրա՝ հեքիաթային։
    Այսօր Ամուլսարի վերաբերյալ ֆիլմը նկարահանող երիտասարդը հուզված խոսում էր ստեղծված իրավիճակից, ասելով որ չի ցանկանում տեսնել Փաշինյանին բարիկադների այն կողմում, միևնույն ժամանակ չի կարող հանդուրժել հանքի վերագործակցումը։ Կասկածի տակ չդնելով Վարչապետի ազնվությունը, եկավ այն մտքին, որ այստեղ մի բան այն չէ, կա մի բան, որի մասին մենք անտեղյակ ենք։ Հետո ասեց․ «Նիկոլ, քեզ եմ դիմում, եթե քեզ պատին դեմ են տվել, կիսվի ժողովրդի հետ։ Ազգովի հարցը կլուծենք, դեմ տվողների հարցն էլ կլուծենք»։ Այս պահին, հասարակության ամենագիտակից և ամենաազնիվ հատվածը, վերլուծելով ներքին մարտահրավերները, երբ մի պահ աչքի առաջ է հայտնվում անցյալի ուրվականը, ավելի ճիշտ է գիտակցում իր անելիքը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30