Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Ջրվեժի անտառպարկում չոր ծառերը հատում ու ճանապարհները լայնացնում

Սեպտեմբեր 11,2019 13:30

Արդեն քանի օր է Կոտայքի մարզում գտնվող Ջրվեժ անտառպարկում ինչ-որ կասկածելի աշխատանքներ են կատարվում: Ծառեր ու թփուտներ են հատվում, ճանապարհներ են բացվում: Այսպիսի ահազանգերով «Առավոտ» օրաթերթին էին դիմել տարածքում ապրող բնակիչները: Նրանք նկատել էին, որ անտառպարկին հարակից հատվածում տեղադրված տեսախցիկին հարող տարածքում դեպի պարկ տանող ճանապարհին ցանկապատ է տեղադրվել եւ ծառահատման աշխատանքներ են կատարվում: Բնակիչներին տեղեկություններ են հասել, որ անտառպարկի տարածքում կանաչ գոտու հաշվին հանգստյան գոտի է կառուցվելու:

Տարածքի բնակիչները նաեւ մտավախություն ունեին, որ անտառպարկն էլ, որը քիչ թե շատ կանաչ զանգված է պարունակում, շուտով կվերանա եւ կվերածվի զվարճանքի ու խրախճանքի օբյեկտների` ինչպես որ Մոնումենտի այգին, Օղակաձեւ զբոսայգին, Նորքի անտառները եւ այլ կանաչ գոտիներ:

Ահազանգը ճշտելու նպատակով զրուցեցինք Շրջակա միջավայրի նախարարության արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի հետ: Ջրվեժ անտառպարկը արգելոցապարկային համալիրի հիմնարկներից է: Պարոն Գաբրիելյանը հաստատեց, որ անտառպարկում, իսկապես, ինչ-որ աշխատանքներ տեղի են ունենում, սակայն ասաց, որ դրանք ոչ թե այս կամ այն օբյեկտ կառուցելու նպատակով են, այլ` իրենց պարտականությունների շրջանակում տեղի ունեցող գործընթացներ: Պարոն Գաբրիելյանը մտահոգ քաղաքացիներին հրավիրեց պարկում միասին շրջելու եւ սեփական աչքերով տեսնելու, որ կանաչ գոտու հաշվին, որեւէ գործողություն անտառպարկում չի կատարվում: Նրա խոսքով, այս պահին անտառպարկում երկու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, որից մեկը պայմանավորված է 2013 թվականին Ջրվեժի անտառպարկի տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհով:

ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, հրդեհից հետո մասնագիտական հանձնաժողով է կազմվել, որը որոշել է, որ որոշակի ժամանակ այդ ծառերը կանգուն մնալուց հետո, պետք է հեռացվեն պարկի տարածքից` պայմանով, որ դրա փոխարեն պետք է անտառտնկման աշխատանքներ լինեն:

«Այս տարվա հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդ գործընթացը պետք է սկսվի: Բավականին ծավալուն, մեծ աշխատանք է, բայց փորձում ենք նույնպես կազմակերպել եւ մի որոշ ժամանակ հետո անտառտնկման աշխատանքը կատարենք: Երկու կարեւոր խնդիր ենք լուծում. մեկը` 2013 թվականից մնացած չորացած այդ ծառերն ենք հատում, որոնք իրենց մեջ որդեր են կուտակում եւ սկսում են նաեւ առողջ ծառերին վարակել, այսինքն` վարակի օջախն է վերացվում եւ բացի այդ, այդ չորացած ծառերը, Աստված մի արասցե, հրդեհի դեպքում պատրաստի մեծ տակառ են, որ հնարավոր է անմիջապես կպնի եւ նաեւ կողքի ծառերին մեծ վնաս տա»:

Ըստ պարոն Գաբրիելյանի, անտառպարկի տարածքում ճանապարհներին նաեւ սանիտարական հատումներ են կատարվում, եղած ճանապարհները լայնացնում են, քանի որ ժամանակի ընթացքում թփեր են աճում եւ ճանապարհները նեղանում են: Դրանք լայնացվում են, որպեսզի հրշեջ եւ այլ մեքենաների համար դրանք անցանելի լինեն. «Սա Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցված գործընթաց է նաեւ փաստաղթավորված, որը մեր պարտականությունն է: Եթե հրդեհ լինի եւ հնարավորություն չունենանք մուտք գործելու, հնարավոր է դա անդառնալի հետեւանքներ ունենա: Իրականում անտառպարկի տարածքում ներկայումս այս երկու գործառույթներն են կատարվում»:

Ըստ մեր զրուցակցի, Ջրվեժ անտառպարկը մարդու կողմից ձեւավորված է եւ բնական անտառ չէ. «Ի սկզբանե, երբ 1977 թվականից սկսել է ձեւավորվել անտառպարկը, այդ օրվանից ի վեր ունեցել է ճանապարհներ, ջրավազաններ, որտեղ ջուրը կուտակվում է եւ ջրվում է պարկը, հիմա, որ հատվածում որ թփուտների պատճառով ճանապարհները նեղանում են, այդ հատվածներում մենք, պարբերաբար լայնացումներ ենք իրականացնում: Բնական գործընթաց է, որը պարբերաբար կատարվում է»:

Ինչ վերաբերում է անտառպարկի տարածքում հանգստի գոտի հիմնելուն, ապա, պարոն Գաբրիելյանն ասաց, որ այն օրենքով թույլատրելի գործընթաց է եւ տարածքները տրամադրվում են մրցութային կարգով եւ հաղթող է ճանաչվում այն կազմակերպությունը, որի ծրագիրը հանձնաժողովի կողմից հավանության է արժանանում: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, օրինակ` այսօր մի մրցույթի արդյունքներն ամփոփելու են. «Անտառպարկում կան վարձակալությամբ հանձնված տարածքներ, որոնց նպատակը հենց հանգստի գոտի կազմակերպելն է: Պայմանն այն է, որ պետք է լինեն լինեն թեթեւ կոնստրուկցիաներով, չպետք է լինեն կանաչ գոտու հաշվին, ու նաեւ այդ ամբողջը պետք է միտված լինի հանգստի կազմակերպմանը: Անտառպարկը արգելոց չէ, արգելավայր չէ եւ այդ գործառույթը թույլատրվում է»:

Անտառպարկի պատասխանատուն նաեւ ասաց, որ նախկինները հիմնականում շատ մեծ ներդրումներ չեն կատարել, սակայն հիմա հորդորում են, որպեսզի ներդրումների չափը մեծացնեն, որպեսզի տնտեսվարողները կարողանան ավելի «ցիվիլ սերվիզ մատուցեն»: Հատկապես որ, պարկի տնօրինությունը ընդհանուր անտառպարկի զարգացման հայեցակարգ է մշակել. «Վարձակալներին ինքներս հորդորում ենք, որ այսպես կամ այնպես գործունեություն ծավալեն, որ նաեւ ընդհանուր կոնցեպտի մեջ տեղավորվի»: Պարոն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք` ի՞նքն էլ այդ տարածքում բիզնես ունի, ինչպես նշում են բնակիչները: Ի պատասխան, ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ նախ` օրենքն է արգելում եւ հետո, երբ պարկի տարածքները տարիներ առաջ տրվել են վարձակալության, ինքը դեռեւս ուսանող է եղել, կամ` բանակում ծառայելիս: Նրա խոսքով այդ ահազանգի հետքերով Բնապահպանական տեսչությունն էլ է անտառպարկի տարածքում ստուգումներ արել, սակայն, որեւէ անօրինական գործողություն տարածքում չի հայտնաբերել:

Նա վստահեցրեց, որ պարկի տարածքում ներդրումներ անել ցանկացողներն էլ չեն ցանկանում, որպեսզի կանաչ գոտին քիչ լինի եւ իրենց ներդրումային ծրագրում, ընդհակառակը, ժամանակացույցով անտառնկման աշխատանքներ են նախատեսում. «Իրենց բիզնեսի տեսանկյունից իրենց անհրաժեշտ է, որ կանաչ զանգվածը շատ լինի: Հակառակ դեպքում կգնան քաղաքում իրենց բիզնեսը կդնեն»:

Լուսինե  ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30