Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քիմիան եւ նյարդերի պայքարը

Սեպտեմբեր 11,2019 12:00

Լուռ դիմակայության ռեժիմ՝ հայ-ռուսական հարաբերություններում

Օրերս ռուսաստանյան «Ինտերֆաքսը» ուշագրավ տեղեկություն է հայտնել: 2008 թվականի մարտի 1-ի գործով ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է։ «2008 թ.-ին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության աղբյուրը: Իսկ ավելի վաղ «Ինտերֆաքսի» մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր:

Այն, որ Ռուսաստանը ամեն գնով «պահում» է յուրայիններին, ոչ գաղտնիք է, ոչ էլ նորություն: Պուտինն ու Քոչարյանն ընկերներ են: Քոչարյանը մի առիթով վստահեցրեց, որ նրանց միջեւ նույնիսկ ինչ-որ քիմիա գոյություն ունի: Անցյալ տարի աշնանը ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հերթական հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո շարունակել է շփումները Ռուսաստանի նախագահի հետ. «Իմ նախագահության երկրորդ տարում ես զգացել եմ, որ մեր միջեւ ինչ-որ քիմիա կա։ Մեր աշխարհընկալումները շատ մոտ են միմյանց»,- ասել է Քոչարյանը, հավելելով՝ իր ընկերությունը Պուտինի հետ անձնական ընկերություն է, ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընկերություն. «դա հնարավոր չէ, Ռուսաստանը հսկա երկիր է, իսկ Հայաստանը՝ շատ փոքր»։

Պուտինն իր ընկերոջը վերջին շրջանում աջակցում է՝ հեռախոսազանգերով, շնորհավորանքներով: Ըստ ամենայնի՝ Պուտինն, իսկապես, լավ ընկեր է, քանի որ նա չի մոռանում յուրայիններին, մանավանդ, երբ յուրայինի համար այնքան էլ լավ օրեր չեն:

Խնդիրը նրանում է, թե Պուտինի վերաբերմունքն իր ընկերների նկատմամբ ինչպես է անդրադառնում Հայաստան պետության վրա: Ռուսաստանը բարդ գործընկեր է, ոչ մեկի համար դա էլ վաղուց նորություն չէ: Ռուսաստանի հետ պետք է շարունակել աշխատել, չնայած Մոսկվան տարբեր առիթներով կարող է թույլ տալ «խայթոցներ»: Պուտինյան Ռուսաստանը վաղուց այլ կերպ չի էլ վարվել գործընկերների հետ, հարկ եղած ժամանակ կոշտացրել է դիրքորոշումը, երբեմն էլ բավական դաժան դոզայով: Պարզապես, սա նյարդերի պայքար է, իսկ այսօրվա Ռուսաստանն ավելի ջղաձիգ է: Հետեւաբար, սա լուռ դիմակայության ռեժիմ է:

Պաշտոնական Երեւանը հետեւողականորեն շարունակում է պնդել, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ հրավիրած մամլո ասուլիսում նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները բավականին ամուր հիմքեր ունեն, եւ որեւէ տարաձայնություն չկա. «Մենք ունենք որոշ բնույթի դատական, իրավական գործընթացներ, բայց միջպետական մակարդակով մենք կարող ենք, ունակ ենք պահպանել, առաջ տանել մեր օրակարգը, որի հիմքում են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որեւէ կերպ փոխկապակցվածություն հարցերի միջեւ գոյություն չունի եւ գոյություն ունենալ չի կարող»։

Երեւանում առաջիկա ԵԱՏՄ-ի գագաթաժողովում Պուտինի մասնակցությանն անդրադառնալով՝ Մնացականյանն ընդգծեց. «Մենք նախապատրաստվում ենք հոկտեմբերի 1-ի գագաթաժողովին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Սա մեր բոլորիս միասնական որոշումն է, եւ սա միջպետական հարաբերություններ են. ներկա կոնտեքստում դա պետությունների հավաքական ձգտումն է՝ միասին աշխատելու մեկ միավորի մեջ՝ ԵԱՏՄ ինտեգրության գործընթացները խորացնելու նպատակով։ Մենք օգտվում ենք դրանից եւ սպասում ենք, նախապատրաստվում ենք, մեր հանձնառությունն է հոկտեմբերի 1-ին անցկացնել գագաթաժողովը:

Մենք սպասում ենք մեր բոլոր գործընկեր պետությունների ղեկավարներին։ Մենք ունենք հաստատումներ, մենք չունենք որեւէ իրավիճակ, որն ինչ-որ մի արտառոց իրավիճակ է ստեղծել հոկտեմբերի 1-ի գագաթաժողովի նախապատրաստման առումով։ Բնականոն գնում է նախապատրաստումը։ Ունենք մեկ ամսից մի փոքր քիչ ժամանակ, եւ հիմա ամենաակտիվ շրջանն է, երբ որ արդեն սկսում են բոլոր մեխանիզմներն աշխատել՝ արարողակարգայինից մինչեւ բովանդակային, որպեսզի լավագույնս անցկացնենք այն»։ Ապա ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, թե վստահ է, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ, շատ լավ գագաթաժողով. «Հայ-ռուսական միջպետական հարաբերություններն այս գագաթաժողովից միայն շահելու են, խորանալու են եւ ամրապնդվելու են։ Մեր մոտեցումը եւ մեր նպատակը դա է»։

Մնացականյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ միջպետական հարաբերություններում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մենք ունենք շատ հստակ ձեւավորված օրակարգ եւ երկու կողմերի հստակ ցանկությունը՝ խորացնելու եւ ամրապնդելու մեր հարաբերությունները։ Սակայն, այնուամենայնիվ, Պուտինի ժամանման հարցի վերաբերյալ որեւէ հստակություն չկա, պաշտոնական Երեւանն էլ նախընտրում է կանխատեսումներ չանել նրա գալ-չգալու հարցի հետ կապված:

Ինչ վերաբերում է Սիրիա զորախումբ ուղարկելուն, եւ այս համատեքստում ԱՄՆ-ի հնարավոր դժգոհությանը՝ Մնացականյանն ընդգծել էր. «Մեր մոտեցումները հիմնվում են մեր ինքնիշխանության եւ մեր ազգային շահերի վրա։ Մենք չենք հաճոյանում որեւէ մեկին եւ չենք անում որեւէ գործառույթ, որը բխում է առաջին հերթին այլ պետության շահերից…Եվ մենք այսօր իրականացնում ենք հումանիտար առաքելություն Սիրիայում՝ ելնելով այն նպատակներից, որը հռչակել ենք։ Սա մեր ազգային շահն է։ Իրականացնելով դա՝ մենք նաեւ ունենք իրողություններ, որոնք պետք է հաշվի առնենք եւ մտնենք երկխոսության մեջ մեր մյուս գործընկերների հետ։ Սա է կիրառական նշանակությունը մեր աշխատանքի՝ ապահովելու մեր ազգային շահի իրականացումը այնպես, որպեսզի մենք կարողանանք դա բացատրելի եւ պաշտպանելի դարձնել։ Բայց ոչ թե հաճոյանալ կամ չհաճոյանալ»։
Թեեւ պաշտոնական Երեւանը երկկողմ, միջպետական հարաբերություններում Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները բացառում է, սակայն ինչ-ինչ քայլերում անհամաձայնություններն ակնհայտ են:

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին փախստական է ճանաչել, եւ ապաստան տրամադրել: Փաստաթղթում նշվել է. «առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով»:

«Հայաստանում ես ստացել եմ փախստականի կարգավիճակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում հետապնդվում եմ քաղաքական հայացքների համար: Փախստականների տարբեր տեսակներ կան՝ կրոնական, զինվորական, եւ ես ի սկզբանե ցանկանում էի փաստաթուղթ ստանալ քաղաքական հիմքով, որովհետեւ ես նախկին քաղբանտարկյալ եմ», – ասել է Շիշկինը: Վերջինիս փոխանցմամբ՝ նա հիմա Ռուսաստանում հետախուզման մեջ է: Մինչդեռ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ քանի որ Շիշկինը որեւէ պետության կողմից հետախուզման հիման վրա չի հայտնաբերվել կամ ձերբակալվել, հետեւաբար հանձնման վերաբերյալ միջնորդություն եւս չի ստացվել: Շիշկինը պնդում է, թե Հայաստան գալու հաջորդ օրն իսկ իրեն Ռուսաստանում վերագրել են մի քանի հոդվածների խախտում. «Սա անհասկանալի ինֆորմացիա է: Նրանք իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել, ասում են, որ ես Ռուսաստանից անօրինական եմ հեռացել: Բայց անօրինական ոչ մի փաստաթուղթ չի եղել»: Շիշկինն ասել է, որ հայաստանյան օրենսդրությունը եւ հեղափոխությունից հետո Հայաստանում եղած իրավիճակը հաշվի առնելով է որոշել հենց Հայաստան գալ. «Ես գիտեմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հարցը շատ ցավոտ է: Հարաբերությունների հետ կապված պետք է ինչ-որ բան անել, շատ բաներ պետք է փոխել, քանի որ Ռուսաստանը դիկտատորական երկիր է, իսկ Հայաստանը արդեն մեկ տարի է՝ ժողովրդավարական հասարակություն է կառուցում»:

Թերեւս, պատահական չէ, որ Հայաստանի կողմից ռուս գործչին ապաստան տրամադրելու իրադարձությանը հաջորդեց Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկելու մասին տեղեկատվությունը: Ըստ ամենայնի, Ռուսաստանից հասկացնում են, որ նրանց դուր չեն գալիս Հայաստանի քայլերը:

Հայ-ռուսական հարաբերություններում կոնկրետ խնդրահարույց մի թեմայի անցյալ շաբաթ անդրադարձավ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը ԵՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին, սեպտեմբերի 3-ին, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարարը։ «Այսինքն` Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ: Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, ըստ էության, հակասում է ԵՏՄ պայմանագրին, որովհետեւ այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պայմաններ դնել: Ավելին, այդ հարցը բարձրացվել ու քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար հիմա տանում են ուրիշ ճանապարհով. Ասում են՝ եկեք բոլորով միասին այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատեւ ճանապարհ է, մինչեւ դրան հասնենք, տարիներ կանցնեն, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն»,-հայտարարեց Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ երկրորդ ճանապարհն այն է, որ այն օրենքը, որ ընդունվել է ՌԴ-ի կողմից, խտրական է Հայաստանի նկատմամբ. «Ստացվել է այնպես, որ ԵՏՄ մյուս բոլոր երկրների վրա այդ պահանջը չկա, բացի Հայաստանից: Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ էլի հարցը մի ձեւ կարգավորել էին, մտցրել էին այդ օրենքի մեջ: Ղրղըզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին պահին կարողացել է այնպես անել, որ օրենքում Ղազախստանից հետո նշվի նաեւ Ղրղըզստանը: Հիմա պահանջվում է ընդամենը այդ օրենքում Ղազախստան, Ղրղըզստան բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է՝ այս հարցը տարբեր ձեւերով փորձում են տորպեդահարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը տարբեր եղանակներով փորձում է չլուծել հարցը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30