Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից արտագաղթում են նաև վարսավիրները․ գեղեցկության սրահները որակյալ կադրերի պակաս ունեն (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2019 23:50

Գյումրու թատրոնի շենքում այսօր զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի ամենամյա տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 36 գործատուներ, որոնք 380-ից ավել թափուր աշխատեղեր ունեն։ Հիմնականում պահանջվում էին սպասարկման ոլորտի աշխատակիցներ՝ հավաքարար, աման լվացող, խոհարար, հրուշակագործ, ստյուարտ, մատուցող, բարմեն։ Իհարկե, կար նաև լրագրողների, պարաուսույցների, ծրագրավորողների, կոշկակարների, դիզայներ մոդելավորողների, շինարարների, վարպետների, բետոնագործների, ներկարարների, վարսավիրների, մատնահարդարների պահանջ։

Ինչպես միշտ, այս տարի ևս տոնավաճառին մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ, հատկապես երիտասարդներ։

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզում աշխատանք է փնտրում 15 700 հոգի։

Պաշտոնյան ևս փաստում է, որ ամենաշատ թափուր աշխատատեղեր կան սպասարկման ոլորտում․ դրանք 100-ից ավելի են․ մատուցողների, խոհարարների, վարսահարդարների, վաճառողների մեծ պահանջարկ կա։ Թափուր աշխատատեղեր ունեցող երկրորդ մեծ ոլորտն, ըստ Ամալյա Ադամյանի, արտադրության ոլորտն է , որտեղ կա և՛ կարողների, և՛ ենթավարպետների, և՛ մեքենասարքավորումների վրա աշխատողների պահանջ։

Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ, մարզում կա նաև բժիշկների, մանկավարժների պակաս։

«Բժիշկների պակասը հասկանալի պատճառներով է, ռեսուրսներ են քիչ, Երևանում սովորող ուսանողներից շատերն ավարտելով՝ չեն վերադառնում, բոլոր ռեսուրսները կենտրոնացված են Երևանում։ Իսկ մանկավարժները չեն գնում հեռավոր գյուղեր տրանսպորտի, որոշակի դժվարությունների պատճառով, ինչու ոչ, նաև ոչ բարձր աշխատավարձի։ Բայց հիմա պետությունը ներքին միգրացիան կարգավորելու համար շատ լավ ծրագիր ունի, այլ վայրում, եթե այդ տեղը չի համալրվում, մենք կարող են ինչպես այլ տարածաշրջաններից բերել համապատասխան մասնագետներ, այնպես էլ ուղարկել մեր տարածքից։ Մենք երկու տարի տան վարձ, կոմունալ ծախսեր ենք փոխհատուցում մարդկանց, մեկ տարի աշխատավարձն ենք հավելավճարով տալիս, և մարդը , երեք տարվա պայմանագիր ունենալու դեպքում, ունի հնարավորություն պետության կողմից ստանալու լուրջ աջակցություն», -ասաց Ամալյա Ադամյանը։

Գործատուներից ամենաշատ աշխատատեղեր առաջարկողը «Ախուրյանի կոպշին» ՍՊԸ-ն էր։ Կադրերի բաժնի վարիչ Կարինե Հարությունյանն ասաց, որ բանվորների, հյուսնի, բետոնագործների մեծ պահանջարկ ունեն, սակայն ցավով նշեց, որ Շիրակի մարզի շինարար մասնագետները դրսևրում են։ «Ուրախ կլինենք, որ կարողանանք մասնագետներ գտնել»,- ասաց նա։

Պարզվում է, որ Գյումրիում դժվար է գտնել նաև որակյալ վարսահարդարների։ Նշենք, որ քիչ, թե շատ հմտացած վարսահարդարները հերթով տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնություն։ Ունենք բազմաթիվ փաստեր։ Տոնավաճառում զրուցեցինք Արթուր Ֆիլենկոյի հետ, որի «Լիլու» գեղեցկության սրահը վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի ու հաշվապահի կարիք ունի։ Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գեղեցկության սրահը գործում է մարտ ամսից, ունեն վճարունակ հաճախորդներ, սակայն Գյումրիում խնդիր է որակյալ մասնագետներ գտնելը։ Ըստ նրա, գրեթե որակյալ մասնագետներ չկան։ «Շրջանավարտներ ունենք, բայց ով ամուսնացավ, գնաց, որի էլ մաման չի թողնում, պապան չի թողնում վարսահարդար աշխատելու», -ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ են հմուտ վարսավիրները լքում երկիրը, Արթուր Ֆիլենկոն իր օրինակը մեջբերեց․ նա ասաց, որ ինքը վերադարձել է Սանկտ Պետերբուրգից, այնտեղ ավելի հեշտ է աշխատելը, մասնագետներ գտնել էլ խնդիր չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30