Հանրապետության տարածքում քիչ առաջ գրանցված երկրաշարժը, որի էպիկենտրոնը , ըստ պաշտոնական տեղեկատվության, եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից,տագնապ է առաջացրել Գյումրիի, հարակից գյուղերի, Ամասիայի տարածաշրջանի բնակիչների մոտ։ Գյումրու բազմաբնակարան շենքերի բնակիչներից շատերը վախից դուրս են եկել տներից՝ հավաքվելով փողոցներում։ Նրանց հիշողության մեջ դեռ 1988 թվականի մարդկային կյանքեր խլած դաժան երկրաշարժն է։
Շիրակի մարզի օգտատերերից շատերը «Ուժեղ երկրաշարժ Գյումրիում», «Երկրաշարժ Ամասիայում», «Դղրդոցով երկրաշարժ» վերտառությամբ ստատուսներ են գրում՝ փոխանցելով իրենց մտահոգություններն ու զգացողությունները։ Նրանց քննարկումներին միացել են նաև Վանաձորի բնակիչները՝ նշելով, որ իրենց մոտ ևս բավական ուժեղ էին ցնցումները։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վայրկյաններ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց հետևյալը․«Տեղի ժամանակով 20։22 երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրուց 29կմ դեպի հյուսիս օջախով, ըստ չճշտված տեղեկության՝ 4,7 մագնիտուդով։
Այս պահի դրությամբ 911 ծառայությունը որևէ ահազանգ չի ստացել»։
Կարդացեք նաև
Նկատենք, որ քիչ առաջ ԱԻՆ-ը տարածեց պաշտոնական հաղորդագրություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ