ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
Կարդացեք նաև
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
Բաց նամակ
Լոռու մարզի հանքարդյունահանող Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչներս 2018թ. նոյեմբերի 7-ին բաց նամակով հանդես եկանք՝ ներկայացնելով անելանելի ու փլուզման եզրին գտնվող մեր շենքի իրավիճակը: Մեր դիմումից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը՝ համապատասխան նախարարությունների, Լոռու մարզպետարանը, համայնքապետարանը մի քանի պատվիրակություններ ուղարկեցին շենքն ուսումնասիրելու նպատակով: Ամիսներ անց՝ մեր ներկայացված խնդրանքը, ի վերջո, կյանքի կոչվեց. վերանորոգվեց փլուզման եզրին գտնվող մեր շենքի տանիքը:
Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում՝ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Անդրեյ Ղուկասյանին՝ արագ հանձնարարականներ տալու և Արկադի Թամազյանին՝ տանիքի վերանորոգման ողջ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար: Մենք՝ շենքի բնակիչներս և սեփականատերերս, ոգևորված ենք, որ Արկադի Թամազյանն իր ուշադրության ներքո էր պահում տանիքի վերանորոգման աշխատանքները, անձամբ այցելեց շենք, հետևում էր իրականացվող աշխատանքներին՝ անգամ տանիք էր բարձրացել: Հատուկ շնորհակալություն նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբին՝ Ռուդիկ Հովակիմյանի գլխավորությամբ, որի խումբը Լալվարյան արևի կիզիչ ճառագայթների ներքո բարդ աշխատանքներ իրականացրեց:
Նշենք, որ մենք, ոգևորված վերջապես կառավարության, մարզպետարանի և համայնքապետարանի ուշադրությունից, մեր միջոցներով նախաձեռնել ենք շենքի մուտքերից մեկի վերանորոգումը. սկսել ենք ներկել շենքի ճակատային մասի պատշգամբները, իսկ առաջիկա օրերին կտեղադրվի մուտքի երկաթյա դուռ:
Տանիքի վերանորոգման հետ միասին ցանկանում ենք ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի և Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ կատարված աշխատանքը, ինչպես ասում են՝ «ջուրը կընկնի», եթե փլուզվող շենքը չհիմնանորոգվի: Նկատենք, որ շենքի երրորդ հարկի մի քանի բնակարաններ, որոնք այս պահին բնակեցված չեն՝ իսկապես փլուզման եզրին են (նկարները՝ կցված են): Հատկապես փլուզման եզրին են շենքի ետնամասի մեծ պատշգամբները, որոնց բնակիչները նույնիսկ վախենում են մտնել այդ պատշգամբներ ու վերանորոգման աշխատանքներ իրականացնել իրենց բնակարաններում:
Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր շենքի հիմնանորոգման ճակատագրի վերաբերյալ 2018թ. դեկտեմբերի 7-ին ստացել ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի հետևյալ նամակը, որում, մասնավորապես նշված է.
«Ի պատասխան ՀՀ Վարչապետին ուղղված՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի ձեր բաց նամակի հատնում ենք, որ ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:
1988թ. երկրաշարժից խիստ տուժած, երկու տասնամյակ անուշադրության մատնված շենքի բնակիչներս հույս ենք հայտնում և անհամբերությամբ սպասում ենք, որ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետն ու Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարը 2020 թվականին կփրկեն Շամլուղի կենտրոնական ամենահին շենքը փլուզման վտանգից՝ հրատապ կազմակերպելով շենքի հիմնանորոգումը:
Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր
Շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկը լուսանկարները՝