Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային հասարակության» պարզաբանումը Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած հարցերի կապակցությամբ

Սեպտեմբեր 10,2019 18:03

Հարգելի՛ գործընկերներ,

«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել վերջին օրերին Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած աղմուկը:

Հերթով անդրադառնանք ներկայացված մեղադրանքներին:

Առաջին: Պարոն Նիգոյանը պնդում է, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է տրամադրել առանց պետական պատվերի ընթացակարգի: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ երբեք մշակութային միջոցառումները պատվերով (տենդեռով) չեն իրականացվել: Պատվերով կարելի է գնել, ասենք… գրիչ կամ տետր: Այլ բան, որ նախորդ տարիներին դրամաշնորհների իրականացման համար մրցույթներ չեն հայտարարվել, այլ դրամաշնորհները տրվել են ընթացիկ գաղափարների իրականացման համար: Այս տարվա հունվարից փոխվել է դրամաշնորհների տրման կարգը. ամեն եռամսյակ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է մրցույթ՝ միջոցառումների իրականացման համար, որոնց դիմելու իրավունք են ունեցել շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի և գրահրատարակչության, մշակութային կրթության և այլ ոլորտների նորարական և հեռանկարային նախագծեր:

Հուլիսին եղել է վերջին հնարավորությունը՝ ընթացիկ տարում ծրագիր իրականացնելու համար:

«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, դրանց հիմնական մասը՝ տարատեսակ դրամաշնորհներով, այդ թվում՝ պետական, մշտապես եղել է բաց ու թափանցիկ իր գործունեության մեջ՝ վայելելով աջակցող կազմակերպությունների և մասնագիտական հանրության վստահությունը:

Մեր գործունեության յոթ տարիների ընթացքում երբեւէ որեւէ մեկը կասկածի տակ չի դրել աշխատանքում մեր պրոֆեզիոնալիզմն ու թափանցիկությունը: Մեր գործունեությունը և իրականացրած ծրագրերը երաշխիք են, որ մեր թիմն ի վիճակի է նմանատիպ ծրագրեր իրականացնել առավելագույնս բարձր մակարդակով: Մեր նախորդ ծրագրերից շատերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝http://cultural.am/hy/mer-masin/cragrer.

Մենք հավաստում ենք, որ մեզ իրենց պատկերացրած որեւէ ստվերային սխեմայում տեսնող մարդկանց զրպարտության համար պատասխանատվության կանչելու բոլոր իրավունքները ունենք այս պահից:

Հաջորդ մեղադրանքը վերաբերում է հասարակական կազմակերպության նախագահի՝ նախարարության աշխատակից լինելուն: Այս վերջին սխալ ձևակերպումը արտատպել են որոշ լրատվամիջոցներ:  Հասմիկ Խեչիկյանը ոչ թե նախարարության, այսինքն՝ գերատեսչության, այլ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի աշխատակից է: Ընդգծենք՝ նրա աշխատանքային պայմանագիրը ոչ թե նախարարության հետ է, այլ՝ ՊՈԱԿ-ի: Մրցույթի որեւէ նախապայման չի խախտվել, քանի որ  որեւէ տեղ նշված չէ, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մրցույթին դիմել չեն կարող, ավելին՝ եթե մրցույթին կարող են դիմել նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ները, ի՞նչն է խանգարում այդ ՊՈԱԿ-ի աշխատակցին դիմել այդ նույն մրցույթին: Այսինքն՝ որեւէ աշխատակից իրավաբանորեն սահմանափակված չէ իր առանձին կազմակերպությամբ մասնակցել մրցույթին: Որպես «սրտահովանք» գանգատվողներին՝ նշենք, որ ծրագիրն ամբողջապես իրականացվում է լիազորագրով, եւ ծրագրի պատասխանատու-ղեկավարը բոլորովին այլ անձ է՝ ալտահար, կոմպոզիտոր Մերի Դոլմազյանը:

Նկատի ունենալով, որ մրցույթի պայմաններում կարեւոր է համարվել նախարարության մշակութային քաղաքականությանը համապատասխանող ծրագրեր ներկայացնելը, մեր կազմակերպությունը ներկայացրել է գրական փառատոնի ծրագիր, որն իր ձևաչափով համապատասխանում է Գրքի երեւանյան փառատոնին եւ նկատի ունենալով, որ այս ծրագիրը նախորդ տարիներին իրականացրել են տարբեր կազմակերպություններ՝ «Միհր» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ը, հետեւաբար՝ չի խախտվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Նույն Մանուկ Նիգոյանը բազմաթիվ անգամներ, երբեմն տարին երկու անգամ ստացել է նախարարության դրամաշնորհները եւ միայն հիմա է դժգոհ, որովհետեւ այստեղ հարցը ոչ թե դրամաշնորհին, ծրագրին, դրա անցկացման որակին է վերաբերում, այլ անձերի: Պարոն Նիգոյանը եւ նրա հետեւում կանգնած անձինք դժգոհ են, քանի որ սովոր են՝  «եթե ոչ մենք, ապա ոչ մեկը» կարգավիճակին:

Եթե հիշյալ պարոնը եւ սոցիալական ցանցերում այս հարցը քննարկող այլ անձինք, որոնց մի մասի «դրամաշնորհային անցյալին» բավականին մանրամասն տեղյակ ենք, մտահոգ են պետական միջոցների ծախսման թափանցիկությամբ եւ արդյունավետությամբ, տեղեկացնում ենք, որ ծրագրի իրականցման ամբողջ գործընթացի, ինչպես նաեւ միջոցների ծախսման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու, ցանկացած քաղաքացի կարող է ստանալ եւ ուսումնասիրել դրանք:

Գրքի երևանյան փառատոնը տեղի է ունենալու:

 

Աստղիկ Հակոբյան
«Մշակութային հասարակություն»  ՀԿ համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Բայց Հասմիկը լավ կլինի գրականագետ դառնա…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30