2019 թվականի առաջին կիսամյակում ՊԲ-ում եւ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների 29 մահվան դեպք, որից 4-ն ինքնասպանություն են գործել: Այս դեպքերի պաշտոնապես հրապարակելուց հետո բանակում 3 կամ 4 սպանության դեպք է արձանագրվել, սակայն դրանք քննչական մարմինները որակում են որպես ինքնասպանություններ: Այս ամսին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը: Նա նկատեց՝ բանակում ինքնասպանության դեպքերը տարբերվում են̻ ասենք ՔԿՀ-ներում տեղի ունեցած դեպքերից. «Դրանք ինքնասպանություններ չեն, քննչական մարմիններն որակում են որպես ինքնասպանություններ: Ասենք, եթե դեպքը եղավ, իրենք գնում են դեպքի վայր, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերում զորամասի հրամանատարության հետ, թե ինչպես… եւ շատ ձեռնտու է ինքնասպանության որակումը: Կոռուպցիոն մեխանիզմներ կան, ռիսկեր կան, մենք բազմիցս համոզվել ենք, երբ սկսվել են դատական գործընթացները»:
Ալեքսանյանն ասաց, որ այս տարի 2 պայմանագրային զինծառայող, իրոք, ինքնասպանություն է գործել. «Բայց 4 դեպք ունենք, որոնք որակվել են ինքնասպանություն, սակայն մենք ընթացքում տեսնում ենք, որ ապացույցները այլ բանի մասին են խոսում: Կոնկրետ նշեմ՝ կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դեպքը»: Ալեքսանյանի վստահեցմամբ՝ բանակում, զորամասերում առկա է կրիմինալ մթնոլորտ, որը տանում է ինքնասպանության կամ դրա դրդելուն կամ սպանության:
Ինչ վերաբերում է նման դեպքերին, որոնք արձանագրվում են քրեակատարողական հիմնարկներում, ապա Ալեքսանյանն ասաց. «Այս երկրում բացակայում է այն մտահոգությունն ու մտածելակերպը, որ պետության առաջնահերթ խնդիրը լինի մարդը: ՔԿՀ-ներում անտարբերություն է»:
Կարդացեք նաև
Քննարկման մասնակից փաստաբան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն էլ ներկայացրեց ցուցանիշները՝ ՔԿՀ-ներում: Ըստ այդմ՝ 2011-2015 թվականներին ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 145 դեպք, որից 18-ն՝ ինքնասպանություն, 2016 թվականին՝ մահվան 29 դեպք, 7-ն՝ ինքնասպանություն, 2017-ին արձանագրվել է մահվան 17 դեպք, 2-ն ինքնասպանություն, 2018 թվին՝ 18 մահվան դեպք, ինքնասպանության՝ 2 դեպք, իսկ 2019-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 13 մահ եւ 2 ինքնասպանություն:
Բանակում զինծառայողների մահվան դեպքերին անդրադառնալով, Ռեւազյանը միջին ցուցանիշներ ներկայացրեց՝ 2016 թվին, չհաշված ապրիլյան պատերազմի դեպքերը, միջինը 50 մահվան դեպք է եղել, որից 13-ը որակված է եղել որպես ինքնասպանություն, 2017-ին՝ միջինը 60 մահվան դեպք, 11-ը՝ ինքնասպանություն, 2018-ին 50-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել, 10-ն՝ ինքնասպանություն:
Ռեւազյանի դիտարկմամբ՝ ՔԿՀ-ներում թույլ է զարգացած սոցիալ-հոգեբանական ծառայությունը, օրինակ՝ մի քանի հարյուր դատապարտյալի կամ կալանավորի հետ ընդամենը 2 հոգեբան է աշխատում եւ ակնհայտ է, որ այդ դեպքում ծառայությունն արդյունավետ չի լինի: Ռեւազյանն ասաց, որ ինքնասպանության քրեական գործերը քննելիս էլ հարց է առաջանում՝ արդյոք խորքային քննություն տարվել է, թե ոչ, արդյունավետ է քննվում, գուցե իրականում գործը ինքնասպանության հասցնելն է, բայց պատճառը չգիտեն, ՔԿՀ-ում դժվար է բացահայտել. «Եթե խցում մի քանի հոգով են, ասում են՝ մտել է սանհանգույց եւ չգիտենք, ձայն չենք լսել. սա քրեական ենթամշակույթի ազդեցություն էն: Իսկ պատճառները տարբեր են՝ գումար է պարտվել, չի կարողանում տալ, սա լուրջ թեմա է այնտեղ, գիտի իրեն նվաստացում է սպասվում: Կարող է նաեւ ընտանեկան դրությունից ելնելով էլ լինի»:
Քննարկման մյուս բանախոս փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ իր գործունեությունից ելնելով ասաց, որ բանակում սպանության դեպքերը հանցավոր կերպով որակվում են ինքնասպանություն, թաքցվում են իրական հանցագործներին. «Կա կոռուպցիա, համակարգն ամբողջովին կոռումպացված է: Կան համակարգեր, որոնք հեղափոխությունից հետո չեն ուզում փոխվել՝ բանակն է, ՊՆ, այսինքն՝ այն, որ բնակարանների հարց են լուծում եւ այլն, չի նշանակում, որ կոնվենցիայով պետության պոզիտիվ պարտականությունը կատարում են եւ ձեռնարկում են միջոցներ ապահովելու կյանքի իրավունքը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ