ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ ԱԺ-ում վստահեցրեց՝ ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների խնդրի արագ լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց. «Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը մի քանի օր առաջ արված հայտարարության մասին՝ կապված ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ-ում վարորդական իրավունքի հետ: Դրանից հետո ռուսական կողմից եղավ արձագանք, և Կոնստանտին Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք ՀՀ-ի նկատմամբ: Արդյոք դրանից հետո այդ թեմայով քննարկում եղե՞լ է, խնդրի լուծումն ի՞նչ փուլում է գտնվում»:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում այդ հարցը օրակարգային էր բազմակողմ ու երկկողմ քննարկումներում, քանի որ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պայմանագրով չի նախատեսում նման սահմանում, երկկողմ, քանի որ այդ սահմանափակումն իրականացվում է համապատասխան ռուսական օրենքով, և դա այնպես է ընդունվում, որ անդամ պետություններից միայն ՀՀ-ի վրա է տարածվում այդ սահմանափակումը: Աշխատանքները շարունակվում են, և հույս ունենք, որ կհասնենք արդյունքի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ