Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացիները Հայաստանում չեն կարողանա տաքսի վարել

Սեպտեմբեր 10,2019 16:28

Խորհրդարանում քննարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ հարակից մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նախագծով կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։

Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ըստ նախագծի՝ ԵԱՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրասնպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա. «Եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված տրասնպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն եւ հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաեւ ՌԴ քաղաքացիներին»:

Լրագրողներից մեկի հարցին` սա Հայաստանի պատասխա՞նն է Ռուսաստանին, Հովհաննես Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորումը նախատեսումն է մեր օրենսդրության մեջ՝ միասնականացում ապահովելու համար»։

Փոխոստիկանապետը հայտարարեց, որ երբ Ռուսաստանն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵԱՏՄ օրենսդրությանը, Հայաստանն էլ նույնը կանի։

Այս օրենքի ընդունումից հետո, այն ՌԴ քաղաքացիները, ովքեր ուզում են գալ Հայաստան ու տաքսի վարել, չեն կարողանա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտ վարել։ Հիշեցնենք, օրերս այդ հարցով խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վարդան Տողանյանն ասաց, որ ներքին կարգով այս հարցը ամեն տարի լուծվում է. 2017 թվականին, ապա նաև 2018 և 2019 թվականներին ՀՀ ոստիկանապետի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների համաձայնությամբ այդ սահմանափակումը չի տարածվում Հայաստանի վրա։ Սակայն վերջնական լուծում հարցը չի ստանում։ Դեսպանի ներկայացմամբ, խնդիրներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս, քանի որ Հայաստանից բացի, մյուսները խնդիրներ չունեն այս հարցում։ Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը ներառված են բացառությունների շարքում և այնտեղի վարորդական իրավունքներով հնարավոր է աշխատել Ռուսաստանում, քանի որ այդ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30