Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի կայացմանն աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից. Լին Թրեյսի

Սեպտեմբեր 10,2019 16:12

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրության հետ քննարկելու Հայաստանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների ու երկկողմ կարևորության այլ հարցեր:

ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին Ինստիտուտի հրավերն ընդունելու կապակցությամբ ու նրան ներկայացնելով փորձագետներին և աշխատակազմին, ընդգծեց նման հանդիպման կարևորությունը. «Մեր Ինստիտուտում այլևս ձևավորված ավանդույթ է կանոնավոր հյուրընկալել օտարերկրյա դիվանագետների ու նրանց հետ քննարկել երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Այս տարվա փետրվարի 14-ին մենք նման հրաշալի հանդիպում ունեցանք Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ն.Մ. պարոն Ռիչարդ Միլսի հետ՝ խոսելու 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության, մեր տարածաշրջանում ու դրանից դուրս դրա պրոյեկտման, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: Դա չափազանց մեծ նշանակություն ունեցավ այս ընթացքում մեր փորձագիտական մեկնաբանություններում ու իրականացրած հետազոտություններում ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող հարցերը ճշգրիտ արտացոլելու ու մեր հանրությանը ներկայացնելու առումով»:

Այնուհետև տիկին դեսպանն ուղղություն առ ուղղություն, ոլորտ առ ոլորտ խոսեց Հայաստանում ու տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցության, 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական անցումից հետո երկու կողմերի համար բացված նոր հնարավորությունների, ինչպես նաև այն մարտահրավերների մասին, որոնց դիմակայում են Հայաստանն ու ԱՄՆ-ը:

Դեսպանը հանգամանորեն խոսեց երկկողմ հարաբերություններում թե՛ մինչև այժմ իրականացված մեծ աշխատանքի, թե՛ նաև չիրացված մեծ ներուժի մասին, որտեղ կողմերը մեծ անելիքներ ունեն: Որպես նորանշանակ դիվանագետ, ով առաջիկա տարիներին իր առաքելությունը կիրականացնի Հայաստանում, նա կենտրոնացավ այն ուղղությունների վրա, որոնք առաջ կտանեն ու կընդլայնեն հայ-ամերիկյան օրակարգը: Տիկին Թրեյսին նկատեց․ «Ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի կայացմանն աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից»։

Դեսպանի համալիր ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ՄԱՀՀԻ փորձագետներն ավելի շատ մանրամասներ ստացան ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ներկայի ու ապագայի, տարածաշրջանային անվտանգության ապահովման ու Արցախյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականության, Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող ընթացիկ ու ապագա ֆինանսական և այլ բնույթի աջակցության, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության, առևտրա-տնտեսական համագործակցության ու այլ հարցերի կապակցությամբ:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30