Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, ինչպես նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ:
Խոսքը վերաբերում է Յուրի Վարդանյանի գործի շուրջ մի քննարկման, որի ժամանակ պատգամավորը եւ փաստաբանը հայտարարություններ են արել, որոնք ըստ Արմեն Գեւորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել էր 1 միլիոն 600 հազար եվրո վճարել Յուրի Վարդանյանին: Թեմայով մի քննարկման ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել կոռուպցիոն գործընթացներին: Այդ շրջանում Արմեն Գեւորգյանը եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար:
Իսկ իշխող ուժի խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, նույն թեմայի շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է, որ Բյուզանդ փողոցում կառուցապատումն իրականացվել է կաշառքներ տալու, քաղաքացիներին զանգվածային ձեւով ունեզրկելու, հակասահմանադրական որոշումներ ընդունելու միջոցով: Նա նույնպես հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի համակարգմամբ:
Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Գեւորգյանի կողմից ձեր դեմ ներկայացված հայցին եւ կա՞ն ձեր հայտարարությունները հաստատող փաստեր, պատգամավորն ասաց, որ առայժմ այդ մասին խոսել չի ցանկանում, ամեն ինչ կասի դատարանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ