Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են այն լուրերը, որ աշնանը հրաժարական եք տալու: Քաղաքապետը ԶԼՄ ներկայացուցիչներին ի պատասխան հորդորեց՝ «Դեղին մամուլը բարձրացրեք ձեր մակարդակին, ոչ թե հակառակ պրոցեսը: Ինչի մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել: Ես ասացի՝ 6500 քմ մեր մանկապարտեզներից մենք հետ ենք բերել համայնքին, երկու միլիարդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, վերանայում ենք բոլոր անօրինական սեփականաշնորհումները, մենք մեծ կառուցապատում ենք սկսում, մենք մեծ ծրագրեր ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Մենք բացում ենք նոր հիմնարկներ, որոնք գոյություն չեն ունեցել, Երեւանի քաղաքապետարանը երբեւէ տեխնիկա չի ունեցել, մենք այսօր ունենք այնքան մեծ տեխնիկայի պաշար, եւ էլի պատրաստվում ենք համալրել, որ անկախ լինի, որպեսզի կարողանանք իրագործել մեր առջեւ դրված խնդիրները: Այս ամենը անելու հետ մեկտեղ ինչո՞ւ մարդ պետք է հրաժարական տա, ինչո՞ւ»:
Քաղաքապետը վստահեցրեց, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է. «Ստեղծվել է համայնքային հիմնարկը եւ այն շատ արագ տեմպերով կլրացնի այս բացը եւ մենք կմտնենք բնականոն կյանք՝ ամենասեղմ ժամկետում»:
Հարցին՝ ե՞րբ են այդ սեղմ ժամկետները, Հայկ Մարությանը, որպեսզի հասկանալի լինի ժամկետների մասը, ասաց, որ «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց հետո 14 ամիս անց է սկսել աշխատանքները, քանի որ 14 ամիս նախապատրաստական աշխատանքներ է կատարել. «Իսկ մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել, հետո մյուս հինգն ենք բերել, ընթացքում աշխատել ենք, հիմա նորից աշխատում ենք: Երեկ եկավ եւս ութ մեքենա, դրանք էլ են մտնելու, շուտով սպասում ենք նոր մեքենաների: Մենք համալրում ենք մեր անձնակազմը: Ֆիզիկապես հնարավոր չէ, օրական 200 մարդ ընդունել աշխատանքի»:
Հայկ Մարությանի խոսքով, ինքն այլեւս թույլ չի տալու, որ Երեւան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի. «Ես այնպիսի համակարգ եմ կառուցում, որ հինգ, տասը տարի հետո էլ, ով լինի քաղաքապետը այս խնդիրը երեւանցու հետ ոչ մի առնչություն չունենա»:
Ասաց, որ մոտակա ամիսներին կտրուկ կլավանա աղբահանության իրավիճակը. «Այստեղ հարցեր կան, որ ընդհանրապես մոտիկ չեն եկել: Ձեզ հարց եմ տալիս՝ երբ որ ձեր տան լուսատուները փչանում են ո՞ւր եք գցում, դրա հարցը լուծված չէ, ջերմաչափերը ո՞ւր եք գցում, մարտկոցները ո՞ւր եք գցում: Մենք համակարգային ենք լուծելու այդ հարցը, մենք սկսել ենք տեսակավորել»:
Կարդացեք նաև
Քաղաքապետից հետաքրքրվեցին՝ վերջին անգամ երբ է նստել հասարակական տրանսպորտ, ասաց, որ հաճախ չի նստում, բայց երբեմն օգտվում է: Նրա խոսքով ինքը տրանսպորտի բոլոր խնդիրներից տեղյակ է. «Դա 15 տարվա խնդիր է եւ ես ասել եմ՝ երկու տարվա ընթացքում այդ խնդիրն էլ լուծվելու է, գործընթացը գնում է: Միջգերատեսչական խումբ է կազմված ուսումնասիրում են մեր առաջարկները, քաղաքապետարանը դիմել է կառավարությանը քանի որ այդ վարկը մենք իրավունք չունենք վերցնելու, կառավարությունը պետք է վերցնի, բնականաբար, կառավարությունը տարբեր հարցադրումներ է անում՝ այս հարցը ոնց պետք է լինի, այն հարցը: Սա քննարկումների շարք է եւ լուծումների վերջնական արդյունք»:
Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձին, ապա քաղաքապետի խոսքով, այն պետք է «մաքսիմալ ցածր լինի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Վստահում ենք, հավատում ենք և հաջողություններ ցանկանում։