«Պարո՛ն Բաբաջանյան, չեմ ուզում անդրադառնալ Ձեր կոնկրետ հարցադրումներին, այլ դրանց ու Ձեր ելույթի ոգուն»,- ՀՀ ԱԺ-ում Արման Բաբաջանյան-Ռուբեն Ռուբինյան բանավեճը շարունակվեց:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ոտնձգություն է կատարում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, իսկ ՀՀ իշխանությունները ծպտուն չեն հանում, մի քանի արձանագրումներ կատարեց. «Ռուսաստանը ՀՀ-ի դաշնակիցն է դրանից բխող փոխադարձ պարտավորություններով, և այն հիմնված է կողմերի հավասարության ու փոխգործակցության վրա: Աշխարհում չկան պետություններ, որոնք չեն կարող խնդիրներ ունենալ միմյանց միջև՝ դետալային, տնտեսական, քաղաքական: Դա կարևոր չէ: ՀՀ-ն առնվազն թավշյա հեղափոխությունից հետո երբևիցե խնդիր չի ունեցել բազմապիսի միջազգային գործընկերների հետ, ներառյալ դաշնակիցն և ոչ դաշնակից, փակ կամ բաց ռեժիմներով քննարկելու այդ խնդիրները: Եթե Դուք տեսնում եք խնդիր, թերևս Ձեր տրամաբանությամբ ելնելու եք ՀՀ խեղճության կանխավարկածից, Ձեզ մնում է անել հայտարարություն, որ ՀՀ ինքնիշխանության ոտնձգություն կամ սպառնալիք կա: Ելնելով իմ տրամաբանությունից, որ ՀՀ-ն ինքնիշխան, ոչ խեղճ, գործընկերային դաշնակցային պետություն է, ՀՀ-ն, երբ տեսնում է խնդիր, այդ խնդիրները բարձրացնում է կամ հրապարակային հայտարարություններով հանդես գալիս կամ այլ աշխատանքային հանդիպումների ձևաչափերով»:
Արձագանքելով ծպտուն չհանելու մասին մեղադրանքներին՝ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց Արման Բաբաջանյանին. «Ձեր առաջ կանգնած են ինքնիշխան Հայաստանի լեգիտիմ իշխանությունները և ոչ նախկին իշխանությունները: Հորդորում եմ նման լեզու մեր հանդեպ չկիրառել, քանի որ ՀՀ իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ չունեն որևէ կաշկանդվածություն բարձրաձայնելու մեր շահերից բխող հարցերը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ