Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Թումանյան. «Այսօր ով կարողանում է լավագույն ներկայացում ապահովել, նա էլ դառնում է իշխանության գլուխ»

Սեպտեմբեր 10,2019 14:34

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը «Տեսակետ» ակումբում խոսեց ոչ միայն իրենց նպատակներից, ծրագրերից, այլեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Ասաց, որ իրենց կուսակցությունը որեւէ մեկին ոչինչ չի համոզելու, թե ընտրեք մեզ եւ կապրեք լավ:

Մանրամասն՝ տեսանյութում

Նրա ձեւակերպմամբ, վաղուց դասական քաղաքականությունն իրեն սպառել է, այն չի աշխատում, որովհետեւ աշխատում է հույզը, ուստի իրենք նախընտրում են այդ ճանապարհով չգնալ: «Այսօր ով կարողանում է լավագույն ներկայացում ապահովել, նա էլ դառնում է իշխանության գլուխ, ինչը ճիշտ չէ…Մեր նպատակներից մեկն է հանրությանը սթափեցնելը, մտածել սովորեցնելը, որոշումներ կայացնելը եւ դրանց համար պատասխանատվություն կրելը, մի բան, որ բացակայում է իշխանությունների մոտ»,-ասում է նա:

«Հայաստանն ու Արցախը միասնական հայրենիք են, եւ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել միասնական հայրենիքի անվտանգությունն ու գոյությունը, անվտանգ գոյատեւումը: Մնացած ամեն ինչը ածանցվում է սրանից…Արդյոք մեր պետությունն այսօր ունի՞ Արցախի հարցով հստակ ձեւակերպված հայեցակարգ, հիմա միանո՞ւմ ենք, թե՞ չենք միանում: Արցախը Հայաստան է ու վե՞րջ, թե՞ անկախ հանրապետություն է: Եթե անկախ հանրապետություն է, ինչո՞ւ չեք ճանաչում, եթե միավորվում ենք, ինչո՞ւ չենք միավորվում: Այսօրվա դրությամբ իշխանությունը չունի հստակ ձեւակերպված մոտեցում Արցախի հարցով»,-Արցախի մասին խոսելիս ասաց Լիլիթ Թումանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 Նրա խոսքով՝ անթույլատրելի է խրամատներ փորել հայ ազգի ներսում եւ հանրությանը բաժանել սեւերի ու սպիտակների. «Սա եթե պետական դավաճանություն չէ, ապա գոնե անթույլատրելի է»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, այս մասին էլ բանախոսն ասաց, որ Հայաստանը չի որդեգրել մաքուր բնապահպանական երկիր լինելու սկզբունքը, մեզ մոտ հանքեր կան եւ մենք չենք կարող խուսափել այս կամ այն հանքի բացումից: Նրա խոսքերով, հանքարդյունաբերության շնորհիվ է, որ Հայաստանում ապահովում է քիչ թե շատ կայուն տնտեսական համակարգ:

Լիլիթ Թումանյանը համոզված է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ 90 %-անոց հանրային աջակցություն, դեռ այն ժամանակ կարող էր կայացնել բոլոր դժվարին որոշումները, սակայն նա 1,5 տարի ձգել է: «Ամեն դեպքում պետք էր վճռականություն ունենալ եւ գոնե սուտ չասել ժողովրդին, հույս չտալ, թե հարցը կարող է իդեալական կերպով լուծվել` եւ տուգանքներից ու դատերից կխուսափենք, եւ բնապահպանական խնդիր չենք ունենան: Նա, սակայն, այդպես չվարվեց, դրա համար հիասթափությունը կրկնակի է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30