Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեքի» հետ բանակցություններն այլեւս դադարեցված են. փոխքաղաքապետ

Սեպտեմբեր 10,2019 13:58

Ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը եւ հաստատվել հիմնարկի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, դրույքաչափերը եւ այլն:

Հայկ Սարգսյանի խոսքով, հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ավելի քան տասը օր դադարեցրել է ոչ միայն աղբահանության, այլև սանմաքրման բոլոր գործառույթները եւ դրանք ամբողջությամբ իրականացնում է Երեւանի սանմաքրման հիմնարկը՝ անհրաժեշտություն է առաջացել Երեւանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը: Ըստ փոխքաղաքապետի, նախագծով նախատեսվում է հաստիքների թիվը հասցնել 647-ի: Հիմնարկին անհրաժեշտ են հավաքարարներ, բանվորներ, վարորդներ:

Այդ պահին, երբ ավագանու նիստում քննարկվում էր այս հարցը դրսում Սանիթեքի աշխատակիցներին, որոնք բողոքի ցույց էին անում՝ պահանջելով իրենց՝ օգոստոս ամսվա աշխատավարձը, մոտեցավ նոր հիմնարկի պատասխանատուներից մեկը՝ նրանց հրավիրելով աղբահանության նոր հիմնարկում աշխատելու:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը հետաքրքրվեց. «Սանիթեքի» հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, թե՞ կարող են համարել, որ այդ ընկերությունն այլեւս գոյություն չունի եւ պատասխանատվությունը նոր հիմնարկն է կրելու:

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ «Սանիթեքի» հետ գործընկերային հարաբերությունները պայմանագրային գործառույթների շրջանակներում զրոյի են հավասարված, չկան. «Բանակցություններն այլեւս դադարեցված են, եւ այս պահին մենք ուղղակի իրականացնում ենք քաղաքապետի պարտադիր լիազորությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում՝ շուտով

Փոխքաղաքապետի ելույթին արձագանքեց «Լույս» խմբակցության Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որը Հայկ Սարգսյանին հարցրեց՝ նոր հիմնարկի գործունեության համար բյուջեից որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել: Ի պատասխան, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախնական հաշվարկները ցույց են տվել, որ գումարը չի գերազանցելու այն թիվը, որը նախորդ տարիներին նախատեսվում էր «Սանիթեք» ընկերությանը վճարելու համար. «Դրա առավելագույն սահմանաչափը շուրջ 5,2 միլիարդ դրամն է»: Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ «Սանիթեքից» մի քանի անգամ ավելի լավ ծառայություն են մատուցելու:

Նույն խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ «Սանիթեք»-ը «կրկին սաբոտաժ» է կազմակերպել՝ աշխատակիցներին չվճարելով: Նրա խոսքով դրա համար «Սանիթեք»-ին պետք է պատասխանատվության ենթարկել: Նա Հայկ Մարությանից հետաքրքրվեց, աշխատավարձ չստացած մարդկանց ինչո՞վ կարող են օգնել, քանի որ նրանցից շատերը վարկեր ունեն:

Քաղաքապետն ասաց, որ այդ ամենից տեղյակ է. «Ասեմ ավելին, «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն հիմա է այս խնդիրն առաջացնում, այլ ամբողջ տարվա ընթացքում մեզ գալիս են նամակներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որ «Սանիթեքը» չի տալիս նրանց աշխատավարձերը: Տարվա մեջ, երբ մեր վճարումները նորմալ ընթանում էին, նույն խնդիրը անընդհատ կար: Ամեն անգամ, երբ առաջանում էր այս խնդիրը մենք օգնություն էինք տալիս աշխատակիցներին, իրավաբաններ էինք հատկացնում, որ խնդիրը լուծվի: «Սանիթեքին» հորդորում էինք, որ վճարի: Նույնը կանենք այժմ»:
Քաղաքապետի խոսքով, անընդունելի է, որ որեւէ ընկերություն կատարված աշխատանքի դիմաց չի վճարում իր աշխատողներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30