Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժբախտ սրտով առաքելության չեն գնում». Էդգար Առաքելյան

Սեպտեմբեր 10,2019 13:35

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի որոշումը վերջնական է, նա մանդատը վայր կդնի եւ կշարունակի աշխատել IT ոլորտում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Առաքելյանը: Նա կտրականապես հերքում է մամուլում այսօր տպագրված այն տեղեկությունները, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի հետ ինքն այլ քաղաքական միավոր է ստեղծելու:

«Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,- մանդատից հրաժարվելու իր որոշումն այսպես էր բացատրել նա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` յոթ ամիս անց նո՞ր գլխի ընկավ, որ ինքն այդքան էլ կապ չունի քաղաքականության հետ: «Գլխի ընկնելու մասին չէ խոսքը, խոսքն այն մասին է, որ կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես եւ հասկանում ես, որ էդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներ են լինելու, որ ավելի վատ փուլում չես կայացրել էդ որոշումը»:

Նա մանրամասնում է, որ այլեւս չես կարողանում թեթեւ վերաբերվել շատ հարցերի, որոնք մինչ պատգամավոր դառնալդ ծանր կտանեիր. «Այսինքն, չես կարողանում ցինիզմով վերաբերվել, ասել՝ դե, կանցնի կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում։ Քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, եւ դու պարբերաբար կարող ես անհամաձայնություն ունենալ էդ որոշումների հետ։ Եվ անընդհատ կրել պատասխանատվություն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, սա եթե տեւական ժամանակ է այդպես լինում, դա հոգեկան տառապանքների է բերում մարդուն ուղղակի։ Ես չեմ չափազանցնում, ես շատ ծանր ապրումներ եմ անընդհատ ունեցել, որովհետեւ ես չեմ կարողանում թեթեւ նայել»:

Aravot.am-ի հարցին`այսինքն, իշխող թիմը, «Իմ քայլը» խմբակցությունը ցինիկ, ոչ ճիշտ կամ նմանատիպ որոշումնե՞ր են կայացնում, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ խոսքը բնավ դրա մասին չէ եւ, որ «Իմ քայլը» խմբակցությունը անկախ Հայաստանի գոյության օրից ի վեր ամենաազատ քաղաքական ձևաչափն է. «Այս ֆրակցիան, այս քաղաքական ուժը, լավագույն բանն է, որ Հայաստանի հետ եղել է`անկախությունից սկսած: Այն ազատության աստիճանը, որը այստեղ ունեցել ենք, առողջ մթնոլորտը, միջանձնային հարաբերությունները, ամեն ինչ հրաշալի է եղել: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին`դու կարող ես հազար բանի հետ համաձայն լինել, գնալ եթերներում պաշտպանել, բայց երեք որոշման հետ համաձայն չլինես ու դա երեք որոշում չէ, տարիների ընթացքում դրանք կարող են շատ ավելի շատ լինել: Եվ եթե դու երեք որոշում ունես, որոնց հետ ընդհանրապես հաշտ չես, դա շատ ծանր ապրումների է բերում»:

Իր այս քայլը Վարազդատ Կարապետյանի կողմից պատասխանատվությունից փախուստ որակելուն էլ, Էդգար Առաքելյանն այսպես պատասխանեց. «Այդ ամենը, ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է։ Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, մարդիկ գնում են կոմֆորտ զգալով։ Դժբախտ սրտով առաքելության չեն գնում։ Իսկ ես ինձ բռնեցրել եմ էն մտքի վրա, որ ես տեւական ժամանակ դժբախտ սրտով եմ էդ առաքելությունն անում»։

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ապրես Էդգար Առաքելյան, քո ազնվության համար, քաղաքացիական գիտակցության համար և բարի ճանապարհ։ Իր բոլոր թերություններով հանդերձ, այս Ազգային ժողովը առանձնանում է նախորդից իր մարդկային մակարդակով և ազնվությամբ։ Մարդիկ գնահատում են իրենց հնարավորությունները և ազնվորեն պատասխանելով իրենք իրենց ուղղված հարցին, որոշում են կայացնում, որ միգուցե ուրիշները ավելի կարող կլինեն պետականաշինության գործում, այլ ոչ թե տեղ զբաղացնում գլխաքանակ ապահովելու համար։ Երևի թե Փաշինյանն էլ արդյունավետ աշխատանք է պահանջում, այլ ոչ թե յուրաինների բանակ ձևավորում։ Ունեյինք հանցավոր Ազգային ժողով, այսօր ունենք, ինչպես արտահայտվեց մի մեկնաբան, գորշ ազգային ժողով – դա արդեն իսկ առաջխաղացում է։ Այսպես բարոյականության հիմքերը ամրապնդվելով, ինքնամաքրմամբ կգանք քիչ-թե-շատ որակով Ազգային ժողովի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30