Քաղաքական ճիշտ և առողջ դիսկուրսների և որակյալ օրակարգերի կարևորության ընկալումը բոլորիս համար պետք է դառնա առաջնային: Այն քաղաքական ուժերը, որոնք զբաղված են բացառապես «ժողովրդի» և «ընտրազանգվածի շահերի» ներկայացմամբ, որևէ պարագայում չպետք է ունակ լինեն խլացնել մյուս և որակական առումով տարբերվող քաղաքական առաջարկներ ունեցող ուժերի ձգտումները և ձայնը: Այդ ուժերը ներկայացնում են համազգային երկարաժամկետ և հենասյունային շահեր կամ գոնե առաջարկում են լայն դիտանկյունից տեսնել այդտեղ առկա խնդիրները և դրանց մտածված լուծումները: Այդպիսի ընկալումներ ունեցողները բնականաբար պոպուլիզմի գործիքակազմից համարյա թե չեն օգտվում, չեն ճչում քաղաքական շահի համար, շահախնդիր լսարանների մոտ անհիմն և չմտածված, տարերային քաղաքական դերային խաղեր չեն անում, այլ շեշտը դնում են ռացիոնալիզմի և մասնագիտական տեխնոկրատ լուծումների վրա՝ պահելով կանխատեսելի քաղաքական կենտրոնի, այսինքն`պետության շահի անբեկանելի ամրության դիրքերը:
Նախ՝ քաղաքական առողջ դիսկուրսը դա ճշմարտության, խնդիրների լուծումների փնտրտուքի կարևորագույն առաջնային քայլն է: Եթե չկա մտքերի, տեսլականների, մոտեցումների և խնդիրների լուծման, մեթոդաբանությունների բախում, ապա չկա նաև լուծում, իսկ եթե չկա լուծման առաջարկ և այդ առաջարկի ճշմարտացիությունը և կենսունակությունը ապացուցելու ձգտում և պատրաստակամություն, ուրեմն չկա նաև քաղաքական առողջ ամբիցիա և նվիրում` մտքին և գաղափարին, ինչը քաղաքական պատեհապաշտության առաջին ցուցիչն է:
Առհասարակ հայ քաղաքական մտքի և քաղաքական համակարգային այլ ոչ մասնավոր շահի վրա հիմնված առաջարկի դեֆիցիտը եղել և, ցավոք սրտի, մնում է մեր քաղաքական իրականության բնութագրիչ գծերից մեկը: Մեր քաղաքական իսթեբլիշմենթը ծայրահեղ անձնավորված և նույնքան ծայրահեղ ապագափարականացված է: Այս երևույթը ի սկզբանե վկայում է այն մասին, որ մենք ոչ թե փնտրում ենք մեր խնդիրների լուծման ուղիները և ձևերը, այլ փնտրում ենք բացառապես անձանց, որոնք ոչ միշտ են ունակ գտնել այդ լուծումները այլ միայն ունակ են հայտ ներկայացնել առանց այդ հայտի այսպես կոչված ծրագրային ապահովման և ապրոբացված բովանդակության: Սա մեր քաղաքական մշակույթի և անձնակենտրոն քաղաքական մենթալիտետի խնդիրներից մեկն է: Մենք փնտրում ենք քաղաքական լիդերի, «փրկչի» ում վրա կդնենք պարտավորություն և առաքելություն մեր պահանջի կատարման համար, սակայն չենք փոխում մեր ընկալումը սեփական պատասխանատվության, բարիքի ստեղծման և պահպանման առումով:
Քաղաքական լիդերի դերի և նշանակության հիմնահարցը առանցքային դերակատարություն է ունեցել մեր երիտասարդ պետականության ողջ ընթացքում: Պետական գործիչը չպետք է քաղաքացիների մեջ ներարկի փոքրոգություն, փոխադարձ անվստահություն, մարդկանց զրկի քաղաքական էներգիայից։ Նրա անձը, էգոն մեծ դեր է խաղում քաղաքականության մեջ։
Կարդացեք նաև
Շատ գործիչների համար իշխանությունը կարող է դառնալ հեղինակային թատրոն, գաղափարական սերիալ, որտեղ իրենք իրենց անձի հասցեին ուզում են լսել դիֆերամբներ և բնավ հոգ չեն տանում մտածել, թե ինչ է մնալու և ինչ քաղաքական արդյունք և մշակույթ են թողնելու իրենցից հետո:
Մեր պետական լիդերները քննադատել են իրենց նախորդների ռեժիմները ու դրանց օրինականությունն ու բարոյականությունը, մինչդեռ իրենք էլ չեն նկատել, թե ինչպե՞ս են խորացրել իրենց ինդիվիդուալ և եսակենտրոն շահը՝ ի հաշիվ պետական երկարաժամկետ շահի, ինչից հետո հասարակությունը կրկին հուսահատ որոնել է ելքեր փակուղիներից:
Քաղաքական լիդերի համար շատ հատկանիշներ են կարևորվում, դրանց շարքում պետք է ընդգծել վստահություն ներշնչելը, քաղաքական հեռատեսությունը, արդարամտությունը: Լիդերի ծայրահեղ անձնավորված ընկալումների և գերարժևորման պարագայում մենք մշտապես դատապարտված ենք ձախողման և հիասթափության: Չկա «փրկիչ», մեր «փրկիչը» մենք ենք,մեր անձնական միկրոաշխարհում,մեր անձնական օրինակով և մեր անձնական հաջողության ինդիվիդուալ դեղատոմսով:
Մեր ազգային ծրագրերի և գերակայությունների հռչակումը և դրանց ապաքաղաքականացումը, ապալիդերականացումը, պետք է դառնա հիմնական քաղաքական և հասարակական ընկալման մշակույթի և մտածելակերպի «main stream»: Միայն այս պարագայում մենք դուրս կգանք անօգուտ քաղաքական տեղապտույտներից: Խնդիրների հիմքերի և պատճառների ընկալումը և գիտակցումը դրանց լուծման առաջնային քայլերից մեկն է:
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր