Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ գագաթաժողովը կտեղափոխվի՞ Մոսկվա

Սեպտեմբեր 10,2019 13:02

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները ռուսական քաղաքական էլիտայի հոգեբանական ադապտացիայի տիրույթում են: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Պարոն Քոչարյանը հստակեցնում է`մարդիկ սովոր էին, որ իրենց հետ կողք-կողքի պետք է նախագահներ կանգնեն, իսկ Հայաստանում կառավարման համակարգ է փոխվել, երկրի ղեկավարը վարչապետն է, նաեւ հեղափոխություն է եղել, ինչն «այն չէ, որ իրենք պետք է ընդունեն. Դա պահանջում է ադապտացիա»:

Շավարշ Քոչարյանը գտնում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ, քանի որ հոգեբանական ադապտացիան չէր կարող երկու երկրների հարաբերություններում խորքային խնդիրներ առաջացնել: Բայցի այդ, օրինակ է բերում նաեւ ԵՄ-ԱՄՆ վերջին շրջանում լարվածությունները` նկատելով, որ դա բնավ չի նշանակում, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ չեն:

Շավարշ Քոչարյանը նաեւ պնդում է, որ իր ասած հոգեբանական ադապտացիան անձերի խնդիր չի առաջացնում երկու երկրների հարաբերություններում: Aravot.am-ի հարցին, արդյոք դեմոնստրացիա չէ եւ անձերի խնդիր չէ, երբ Կրեմլի կայքում պաշտոնական շնորհավորանքներ են տեղադրվում կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, արդեն իրենց դաշտում է»:

Հոկտեմբերին Երեւանում տեղի է ունենալու ԵԱՏՄգագաթաժողովը, որին մասնակցելու են անդամ երկրների ղեկավարները, հրավիրված են նաեւ Իրանի, Սինգապուրի եւ դիտորդ կամ գործընկեր դառնալու հավակնություններ ունեցող երկրների ղեկավարները: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՌԴ նախագահի`Երեւան գալ-չգալու հարցը`պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`կալանավորված լինելու փաստով: Անգամ խոսակցություններ եղան, որ ՌԴ նախագահը հնարավոր է կալանավայրում այցելի Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս մինչ այդ ազատ չարձակվի: Այժմ, խոսակցություններ կան, որ հավանական է նիստը տեղափոխվի Մոսկվա: Նման նախադեպ ունեցել ենք, երբ 2016-ի, ապրիլյան պատերազմից հետո, Ղազախստանի նախագահը հրաժարվեց Երեւանում մասնակցել նիստին եւ այն տեղափոխվեց Մոսկվա: Aravot.am-ի այդ հիշեցում- դիտարկումներին Շավարշ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Եկեք միանշանակ դա չկապենք մեկ պետության հետ: Իսկ կուլիսներում ինչ-որ խոսվում է, ես չեմ մեկնաբանում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30