Վիճակագրական տվյալների պակաս հասարակությունը դարձյալ չունի: Վերջին օրինակը գնաճի վերաբերյալ ցուցանիշներն են, որոնք, սովորության համաձայն, հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հուլիսը 2018թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնանկում:
Մինչ անդրադառնալը բուն ցուցանիշներին, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է. «Երկրում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով տխուր վիճակ ունենք:Ես դադարել եմ զարմանալ առանձին ցուցանիշներ ներկայացնելու դրսևորումներից, գնաճի հետ կապված նկարագրության մասով ևս չեմ զարմանում: Պատճառը պարզ է. նախ՝ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին ես չեմ վստահում: Երկրորդ՝ եթե անգամ այդ թվերն արտացոլեն իրականությունը, ապա դրանք առանձին բնույթ են կրում: Այսինքն, գրեթե առնչություն չունեն ընդհանուր տնտեսական զարգացման հետ: Ես բոլոր ցուցանիշներն իրար հետ վերցրած եմ ասում, որ իսկապես տխուր իրավիճակ է: Մասնավորապես, նույն կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշներով՝ ներդրումները հինգ անգամ պակասել են: Մենք առանց այն էլ ներդրումներ չունեինք, իսկ հինգ անգամ պակասելը նշանակում է, որ երկրում ընդհանրապես որևէ տնտեսական զարգացում չկա»:
Ինչ վերաբերում է կոնկրետ գնաճին, տնտեսագետը նշում է. «Փոքր գնաճի մասին, լինի 1,9, թե՝ 1,7 տոկոս, կարող են բարձրաձայնել ու այդ ցուցանիշով ուրախանալ մարդիկ, որոնք մասնագետներ չեն, ինչպես նաև առնչություն չունեն իրականության հետ: Մասնագիտական առումով, փոքր գնաճը, ըստ էության, ավելի պարզ լեզվով ասած, նշանակում է տնտեսության կանգառ: Ցանկացած տնտեսության զարգացում առաջին հերթին պայմանավորված է նաև գնաճով: Իսկ գնաճը մի ինստիտուտ է, որը մեր պարագայում սահմանում է Կենտրոնական բանկը: ԿԲ-ն յուրաքանչյուր տարվա բյուջեին կից փաստաթղթում սահմանում է 4 տոկոս գնաճ, գումարած՝ 1,5 տոկոս տատանում: Այսինքն, այդ թվից ավելի ներքև արձանագրված ցուցանիշը նշանակում է, որ տնտեսությունը չի աշխատում»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: