Հաջորդ տարվա սկզբից երրորդ երկրներից ներմուծվող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքի արտոնության վերացումը խնդիր է դառնալու ոչ միայն այս ոլորտում զբաղված քաղաքացիների, այլև կառավարության համար։ Կտրուկ կրճատվելու է մեքենաների ներմուծումը, ինչի հետևանքով պետական բյուջեն զրկվելու է բավական լուրջ եկամուտներից։ Մեկ մեքենայի ներմուծումից բյուջեն սովորաբար ստանում է միջին հաշվով առնվազն 1000 դոլարին համարժեք գումար։
Այնպես որ, դժվար չէ հաշվել, թե ինչ եկամտի կորստի մասին է խոսքը։ Այն կարող է հասնել ընդհուպ մինչև 150 մլն դոլարի։ Կասկած չկա, որ մաքսատուրքի նոր դրույքաչափերի կիրառումից հետո առնվազն առաջիկա մի քանի տարին հաշված թվով տրանսպորտային միջոցներ են բերվելու Հայաստան։ Ու հիմա, ինչքան էլ կարծես ինչ-որ փորձեր են անում մեղմելու մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը՝ դա զուտ ձևական բնույթ է կրելու։ Այն, ինչ նախատեսվում է նոր մեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ գծով, որևէ էական ազդեցություն չի ունենալու։
Ինչպես հայտնի է, առաջարկվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենաների ներմուծման ժամանակ կազմակերպությունների համար ԱԱՀ-ն հետաձգել կամ չկիրառել։ Խոսքը մեկ տարի ժամկետով գործող արտոնության մասին է, որը ոչինչ չի փոխելու շուկայի այսօրվա մասնակիցների համար։
Եվ վերջապես՝ ոչ պակաս լուրջ ռիսկեր են առաջանալու նաև ֆինանսական շուկայում. կրճատվելու են այն տարադրամային հոսքերը, որոնք առաջանում են տրանսպորտային միջոցների մի մասը ԵԱՏՄ անդամ այլ երկրների սպառողների վերավաճառելու արդյունքում։ Արդեն հնչում են կանխատեսումներ, որ դրա հետևանքով կարող են խնդիրներ ստեղծվել ազգային արժույթի կայունության համար։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, թե ինչքան ռիսկեր կան թաքնված երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման տակ, որոնց առաջիկայում կառավարությունը բախվելու է. մի կողմից՝ մեծ կորուստներ է ունենալու պետական բյուջեն, մյուս կողմից տուժելու է ֆինանսական շուկան։ Բայց, որ պակաս կարևոր չէ՝ մեծանում է գործազրկության վտանգը, երբ առանց այդ էլ կառավարությունը պատրաստ չէ ոլորտում զբաղված հազարավոր քաղաքացիներին այլընտրանք առաջարկել։
Աշխատատեղերի բացակայության խնդիրը Հայաստանում ինչպես եղել է, այնպես էլ մնում է։ Ինչքան էլ վարչապետը հայտարարի աշխատատեղերի ավելացման մասին, գործազրկության մակարդակը Հայաստանում գնալով ավելանում է։ Իշխանափոխությունն այդ առումով այդպես էլ ոչինչ չտվեց։ Ընդհակառակը՝ ավելի սրեց իրավիճակը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: