Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծանրութեթև արե՞լ եք, որ հանկարծ չստացվի այնպես, որ Ադրբեջանի՝ դիտորդի ու գործընկերոջ հարց կգա օրակարգ, և մենք մենակ մնանք. Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 10,2019 12:35

«Մենք հասկանում ենք՝ որ երկրին կարող է առնչվել այս դիտորդ կամ գործընկեր կարգավիճակի շնորհումը՝ հաշվի առնելով նաև, որ այս կազմակերպությունում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան նույնիսկ ՀՀ-ն, որն այս կազմակերպության անդամ է»,- ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստին սեպտեմբերի 10-ին այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

ՀՀ ԱԺ-ն քննարկվում է ««2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Այն պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Այս արձանագրությամբ կարգավորվում է ՀԱՊԿ-ի գործընկեր և դիտորդ պետության կարգավիճակի հարցը։

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր կարող է ընտրվել միայն այն պետությունը, որի թեկնածության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետություններն ունեն կոնսենսուս:

Արման Բաբաջանյանը հարցրեց՝ արդյոք բավարար չափով մենք բոլոր ռիսկերը ծանրութեթև արե՞լ ենք, և ընդամենը մեր վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանի՝ այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհումը: Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ինքին այդ դիտորդի կարգավիճակն արդեն կա պայմանագրում: Այս դեպքում արդեն հստակ են պահանջները, որի դեպքում Ձեր մտավախությունների աստիճանը էապես պետք է նվազի: Երբ խոսում ենք, որ ՀԱՊԿ-ում ավելի բարձր կշիռ ունի Ադրբեջանը, ապա վստահեցնեմ՝ նա որևէ կշիռ չունի ՀԱՊԿ-ում, այլ ունի անուղղակի ազդեցություն այլ անդամ պետությունների միջոցով: Մենք ոչ թե վետոյի իրավունք ենք կիրառում, այլ որոշումը կայացվում է համատեղ: Այսինքն՝ մենք ու մնացած անդամ պետությունները ցանկացած պետության դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի համար պետք է գանք ընդհանուր որոշման»:

Արման Բաբաջանյանը հակադարձեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը հաջողել է մինչև իսկ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անել, Ադրբեջանը, չնայած մեր բազմաթիվ սպասումների, կարողացել է հասնել նրան, որ չնայած ՀՀ սահմանների վրա բազմաթիվ անգամներ Ադրբեջանի կողմից կատարված հարձակումներին, ոտնձգություններին, այդ կազմակերպությունը ձեռնպահ է մնացել նույնիսկ ամենատարրական հայտարարություն անելուց: Հետևաբար մենակ մնալ-չմնալ Դուք կարևոր արձանագրումներ եք անում, որոնք արդեն իսկ վախեր են առաջացնում, որ կարող է իսկապես ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը քվեարկեն, իսկ դա արդեն մեծամասնություն է, հանկարծ ստացվի այնպես, որ Ադրբեջանը դիտորդի ու գործընկերոջ հարց կգա օրակարգ, և մենք չկարողանանք մեր ձայնը բավարար չափով լսելի դարձնել ու մենակ մնանք»:

Շավարշ Քոչարյանն արձագանքեց՝ իրականում Հայաստանն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30