Շատ երկակի տպավորություններ եմ ստացել Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կարդալիս. ՍԴ որոշումները հաճախ այնպիսին են լինում, որ տարաբնույթ կարծիքների առիթ են դառնամ, ու երբեմն թվում է՝ դրանց առանձին մասեր ինքնահակասական են։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։
Պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ ՍԴ դիրքորոշումը հենց այն է, որ չկա հիմք, որով պետք է պատկան մարմինները գնահատեն՝ կարգավիճակից բխող են, թե ոչ, եւ չի նախատեսվում այն մարմինը, որը պետք է գնահատի։ Սակայն, քանի որ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը վերացնելու հարցով, պատգամավորը դեռեւս կանխակալ կարծիք չի հայտնում այս հարցի վերաբերյալ։
ՍԴ-ն որոշման մեջ փաստում է, որ Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, ընդ որում՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ինչը, ըստ ՍԴ-ի, վկայում է, որ նրանք ընդունել եւ կարեւորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետեւապես՝ նաեւ կալանքի իրավաչափության համար։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանները սովորական օրենքում ամրագրված հիմք չեն ունեցել կիրառելու սահմանադրական անձեռնմխելիության քրեադատավարական հետեւանքները, քանի որ Օրենսգիրքն իրենց նման լիազորությամբ չի օժտել։
Կարդացեք նաև
Զրուցակիցը եւս ընդգծեց, որ, ըստ ՍԴ-ի, դատարանները տարբեր կերպ են մեկնաբանել անձեռնմխելիության հարցը եւ հիշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացրել էր անձեռնմխելիության հիմքով, եւ այդ որոշման դեմ դատախազության կողմից բերվել էր վճռաբեկ բողոք. «Վճռաբեկ դատարանի որոշման շրջանակներում էլ Դատարանն անդրադարձել է անձեռնմխելիության ինստիտուտին եւ, ինչպես հասկանում եմ, տվել է որոշակի իրավական գնահատականներ, թե ինչպես պետք է անձեռնմխելիության առկայությունը կամ բացակայությունը գնահատվի։ Հիմա ՍԴ-ն կարծես թե համաձայն չէ այդ գնահատականի հետ եւ ասում է, որ դա սխալ է: Բայց այստեղ խնդիրն այն է, որ ՍԴ-ն չունի նման լիազորություն՝ ասելու Վճռաբեկ դատարանի այս կամ այն իրավական գնահատականը ճիշտ է, թե սխալ»,- նկատեց Գրիգորյանը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում