Օգոստոսի 10-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։ Վարչապետը, ներդրող Վարդան Սրմաքեշն իրենց ձեռքով ստուգեցին բամբակյա մանվածքը, իսկ վարչապետի հետ գործարան գնացած լրագրողները լավատեսական ռեպորտաժներ պատրաստեցին 13 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին։
Սակայն Մարալիկից տեղեկություն ստացանք, որ հանդիսավոր բացումից հետո գործարանը դեռ չի աշխատում, եւ այս պահին խոսք չկա գործարանում դեռ առաջին իսկ փուլում նախատեսված 120 աշխատատեղի բացման մասին։ Նույնը, ըստ էության, զրույցում հաստատեց գործարանի տնօրեն Գեւորգ Գասպարյանը՝ ասելով, որ ինչպես 40 աշխատող ունեին, այնպես էլ նույնքան հիմա են աշխատում։
«Փորձնական փուլում ենք մենք, մեզ համար նմուշներ ենք հանում»։ Ավելի կոնկրետ՝ գործարանում միայն բամբակի մանվածք են արտադրում, այն էլ՝ փորձնական։
Իսկ պատրաստի արտադրանք չեն արտադրում, եւ անգամ սարքավորումները դեռ Հայաստան չեն մտել։ Ե՞րբ կգան։ Տնօրենը շատ անորոշ ասաց. «Մի ամսից, երեւի»։ Դրանք պետք է գան Չինաստանից։
Կարդացեք նաև
Հարցին, թե հաստատված ժամանակացույցից հե՞տ են մնացել, ընկերության տնօրենը հաստատական պատասխան տվեց. «Որովհետեւ մեր ապրանքի տեսականին շատ մեծ է, ռուսական, հայկական շուկա, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ուզում։ Հիմա որպեսզի մեր արտադրությունը հարմարեցնենք էդ բոլորի համար, մեզ նորից լրացուցիչ բաներ են պետք։ Բայց հիմա մեզի համար շատ հանգիստ կաշխատինք»։
Հարցրինք նաեւ, թե հնարավոր չէ՞ր այդ մարքեթինգը նախօրոք անել։ Տնօրենն ասաց. «Մենք արել ենք, բայց մարդիկ տեսնին գը, որ նոր արտադրանքը նոր հարցեր է առաջացրել»։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում