Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ, փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության միջոցով հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»:
Ըստ էության, սա ԱՄՆ տեսլականն է Հայաստանի ապագայի վերաբերյալ, եւ Պետդեպարտամենտի պաշտոնյան մանրամասնում է, որ Թավշյա հեղափոխությունից ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին, այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։
«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։
Անշուշտ, չափազանց կարեւոր արձանագրումը, որ Հայաստանին՝ որպես կայացած եւ հաջողակ երկիր տեսնելը բխում է նաեւ ԱՄՆ շահերից, եւ ըստ այդմ իմաստ էլ չունի նշելը, որ Հայաստանի եւ ԱՄՆ շահերը համընկնում են այդ նպատակի առումով։
Կարդացեք նաև
Սակայն, գործնականում, այն, ինչ մենք այսօր բովանդակային առումով ունենք Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում, պատկերավոր ասած՝ առկա ներուժի նույնիսկ մեկ տոկոսը չէ։ Եվ համառորեն տպավորություն է մնում, որ Հայաստանը մնում է ԱՄՆ կողմից չհասկացված, սակայն, ոչ թե, որովհետեւ հասկանալն այդքան բարդ է, այլ Հայաստանից պատշաճորեն չի ներկայացվում, թե ի՞նչ է ակնկալում Երեւանը։
Ռազմավարական երկխոսության ռեժիմը, որը հաստատվել է Թրամփի Ամերիկայի եւ Փաշինյանի Հայաստանի միջեւ՝ ենթադրում է, որ թեկուզ եւ փակ ռեժիմով, բայց բաց տեքստով, առանց անցյալին սենտիմենտալ հղումների՝ մենք հնարավորություն ունենք խոսելու մեր ակնկալիքների, այդ ակնկալիքները նյութականացնելու հնարավորությունների, դրա համար պահանջվող ջանքերի մասին։ Բացառությամբ եզակի ձայների, հանրային օրակարգում կարծես ԱՄՆ հետ մեր հարաբերությունների վերաբերյալ հարցեր չկան։ Մինչդեռ սա երկրի արտաքին քաղաքականության այն ուղղությունը չէ, որը կարելի է, թեկուզ եւ ժամանակավոր՝ թողնել ինքնահոսի։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր բացման խոսքում ՀՀ դեսպանների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ամենամյա հավաքին, կարեւորելով ԱՄՆ դերը տարածաշրջանում եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, հայտարարեց հետեւյալը.
«Միացյալ Նահանգները կարեւորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրում, կարեւոր ներգրավվածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում նաեւ Միացյալ Նահանգների տնտեսական եւ ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»:
Այսինքն, հանրագումարում մենք ունենք հարաբերությունների արժեւորում, անցյալի բարձր գնահատական, զարգացման կարեւորում, դրանից բխող մտադրություններ, սակայն, գործնական մասով, մենք խոսում ենք, ըստ էության, կա՛մ անցյալից, կա՛մ ապագայից, բայց շատ քիչ՝ ներկայից եւ դեպի ապագան տանող ճանապարհից, այդ ճանապարհին առկա խոչընդոտներից։
Իհարկե, երկկողմ հարաբերությունները «երկկողմանի երթեւեկություն» են ենթադրում, եւ, ինչպես ասում են, «տանգոն պարում են երկուսով»։ Մյուս կողմից էլ, ԱՄՆ-ն այն երկիրն է, որի հետ հարաբերությունները ցանկացած ոլորտում չեն կարող չունենալ էական աշխարհաքաղաքական եւ ռազմավարական չափաբաժին, անկախ մեր ցանկությունից կամ խոստովանելուց։ Եվ, թվում է, որ ներկա փուլում երկկողմ հարաբերությունների դիսֆունկցիոնալության երկուստեք ընկալումն է դրդել կողմերին Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի խոսել խնդիրների մասին, քանզի ռազմավարական առումով մեր շահերը հիմնական ուղղություններով, մեր տեսլականներում գործնականում համընկնում են, եւ դրա արձանագրումից անդին արդեն պահանջվում եւ պահանջվելու է բովանդակություն եւ նյութականացում։ Եվ այդ ճանապարհին, թերեւս, գլխավոր «հուշարարը» աշխարհագրությունն է, անվտանգության մարտահրավերների ընդհանուր գնահատականը եւ այդ մարտահրավերների հաղթահարման ընդհանուր պատկերացումների ձեւավորումը եւ ձեւակերպումը։
Բնականաբար, այս ամենի մասին հնարավոր է խոսել մեծապես տարածաշրջանային անվտանգության կայուն ճարտարապետության համատեքստում, որի ուրվագծերը դեռեւս մնում են անհստակ։
Խոսքն այն մասին է, որ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների դարպասները բացվում են Վրաստանից, եւ քանի Վրաստանը մնում է «օդում» ռազմավարական առումով, իսկ ներքին իրավիճակը կայունացման եւ որակական առաջընթացի որեւէ նշան չի դրսեւորում, ինչը չափազանց ցավալի է, այդ դարպասները մնում են եւ շարունակելու են մնալ փակ։ Բայց դա ամենը չէ, միայն փակ մնալը չէ։ Դրանց փակ մնալն, իր հերթին՝ բացում է ապակայունացման, իրավիճակի դեգրադացիայի, Ռուսաստանի կողմից խոցելիության բարձրացման «օդանցքները», վերածվելով սպառնալիքի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Սեւծովյան եւ Եվրոպական անվտանգության համար։ Եվ այս ամենի կայուն եւ դրական հանգուցալուծման «բանալին», առաջին հերթին՝ ԱՄՆ ապագա դրամատիկ քայլերն են, ուղղված Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին լիակատար անդամակցությանը, ինչն արմատապես կփոխի տարածաշրջանի «տեկտոնիկ» քարտեզը եւ տարածաշրջանի համար դեպի իրական զարգացում ճանապարհ կբացի։
Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների եւ Պուտինի իշխանության պրոբլեմի հանգուցալուծման հեռանկարում Հայաստանի կողմից քաղաքական կամ տնտեսական «կամուրջի» փիլիսոփայությունն առաջ տանելն, ինքներս մեզ համոզելով, առանց ճիշտ պահին վերաիմաստավորելու գիտակցման՝ կարող է ընկալվել որպես բովանդակազուրկ հռետորաբանություն եւ ռազմավարական կամազրկություն, իսկ Հայաստանը կկորցնի իր հնարավորությունը, թաղվելով ռուսական «բարեկամական ռազվոդկաների» ճահճում։ Եվ նաեւ ա՛յդ իմաստով է անհրաժեշտ հիշել այն հավերժ ճշմարտությունը, որ Լուսնի ներքո ոչինչ էլ հավերժ չէ։ Իսկ արդեն այսօր մենք կարող ենք արձանագրել, համենայն դեպս, հետեւյալը, որ հանձինս ԱՄՆ-ի ունենք մեր ինստիտուցիոնալ ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման, բարգավաճման եւ անվտանգության դաշնակից, իսկ մնացյալը՝ գործնական քաղաքականություն է, որն, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստն է։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2019