Երեկ քրեական աշխարհից լուր ստացանք, որ ոստիկանությունն իր խողովակներով՝ «ագենտուրայի» միջոցով, «գողականներին» Հայաստանից արտագաղթելու հրահանգ է ուղարկել։ Քանի որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը քրեական աստիճանակարգում բարձր տեղեր զբաղեցնողների համար փակ երկրներ են, նրանց խորհուրդ են տվել մեկնել Թուրքիա։
Իրավապահների կողմից արված այս առաջարկը խորապես վիրավորել է «աստիճանավորներին»։ «Ի՞նչ անեն, ո՞ւր գնան՝ պրծնեն սրանցից։ Մարդիկ իրանց համար հանգիստ, օրինական ապրում են, ի՞նչ են ուզում, մուսուլմանությո՞ւն ընդունենք։ Դա էլ կանենք»,- ասում է աստիճանակարգին մոտ զրուցակիցը։ Ոստիկանությունից այս լուրը հրաժարվեցին մեկնաբանել։
Հիշեցնենք՝ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է հաստատել, որով քրեական պատիժներ են սահմանված քրեական աստիճանակարգի պատկանելու, «օրենքով գող» եւ քրեական հեղինակություն հանդիսանալու համար։ Այդ օրինագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով։ Ամենախիստ պատիժը սահմանված է «օրենքով գողերի» համար, այսինքն՝ քրեական աստիճանակարգում բարձրագույն կարգավիճակ ունեցողների։ Եթե քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը նրանց կողմից է կատարվել, ապա սույն «աստիճանավորը» կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Քրեական միջավայրում կամավոր ներգրավվողներն էլ, քրեական նոր օրենքներով, կպատժվեն 4-8 տարի ազատազրկմամբ։ Բոլոր նշված դեպքերում կարող է գույքի առգրավման որոշում եւս ընդունվել։ Քրեական ենթամշակույթին հարողն ու այն տարածողը կարող են ընդամենը տուգանվել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով, կարող են նաեւ մինչեւ 2 ամիս ժամկետով կալանավորվել կամ էլ դատապարտվել մինչեւ 3 տարով։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում